×


«Ֆուլ Հաուս»-ի երեւանյան պրեմիերայի հետաքրքիր դրվագները եւ հայտնի հյուրերը

«Ֆուլ Հաուս» հումարային նախագծի դերասանները երեկ առաջին անգամ ելույթ ունեցան երեւանյան հանդիսատեսի առջեւ: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցած պրեմիերային ներկա էին Հայկ Մարությանը, Մկրտիչ Արզումանյանը, Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը, Աշոտ Ղազարյանը, Հրաչ Քեշիշյանը, Հռիփսիմե Ելինյանը, Լիկա Սալմանյանը, Մարիամ Մելիքյանը, Զարուհի Բաբայանը, Անդրանիկ Հարությունյանը եւ այլ հայտնիներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

«Ֆուլ Հաուս» շոուի երեւանյան պրեմիերային


Շոուն սկսվեց Թաթայի «Չի կարելի» երգի փոփոխված տարբերակով. սիթքոմից հայտնի կերպարները` Արսենն ու Լիկան, Տաթեւն ու Ֆելոն, Մուշեղն ու Թամարան, Սերգեյը, Հրաչն ու Ռուբենը, կատարեցին իրենց հումորային հատվածները:

Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, ով երեկոյի հանդիսավարն էր, ողջունեց հյուրերին Սերգեյի կերպարում, պատմեց որպես բրոքեր իր կատարած «հերոսությունների» մասին, հայտարարեց, որ իրեն հաջողվել է աննախադեպ մի բան անել… եւ հանդիսատեսը ծիծաղով արձանագրեց նրա հերթական խորամանկ հնարքը:):

Մարջան Ավետիսյանը եւ Գրիգոր Դանիելյանը


Դերասանները ներկայացրել են հումորային նոր իրավիճակներ, օրինակ` թե ինչպես է Սերգեյը նոր բնակարան առաջարկում աղջիկներին, ովքեր կռվել են տղաների հետ ու տնից հեռացել, մեկ այլ դրվագում էլ քննարկվել է Մուշեղի ու Թամարայի` 4 տարվա համատեղ կյանքի ընթացքում այդպես էլ տեղի չունեցած ամուսնական առաջին գիշերը:):

Մենչը համեմատել է հայ եւ հոլիվուդյան դերասաններին, ներկայացվել է Լիկայի եւ Արսենի` բոլորից թաքուն պսակադրվելու մտադրությունը, Հրաչի մեղքերի թողությունը տեր հոր մոտ, սիթքոմի դերասանների հանդիպումը 40 տարի անց, եւ այս ամենը` համեմված հումորով, երաժշտական եւ պարային համարներով:

«Ֆուլ Հաուս» շոուի երեւանյան պրեմիերային


Շոուի ընթացքում Գրիգոր Դանիելյանը նմանակել է Աշոտ Ղազարյանին, իսկ Միհրան Ծառուկյանն` իր երգիչ գործընկերներին` Էրիկ Կարապետյանին, Թաթա Սիմոնյանին, Գուրգեն Դաբաղյանին: BRAVO.am-ի հետ զրույցում Միհրանն ասել է, թե երբվանից է սկսել նմանակումներ անել.«Շրջագայությունների ժամանակ մի քաղաքից մյուսը տեղափոխվելիս տարբեր հումորներ ենք անում, ես էլ սկսեցի իմ երգիչ ընկերների նման երգել: Սցենարիստները որոշեցին, որ այդպիսի համար ունենանք: Սկզբում մտածում էի` չի ստացվի, բայց կարծես թե լավ էր»:

Գոռ Հակոբյանին էլ առաջարկեցինք համեմատել արտերկրի եւ Հայաստանի հանդիսատեսին.«Վերջապես կարողացանք ներկայանալ նաեւ Երեւանում ու հասկացանք, որ այստեղ եւս մեզ սպասում էին: Այստեղի հանդիսատեսն ամենախստապահանջն է, լրջորեն էինք պատրաստվել համերգին եւ ծափահարություններից հասկացանք, որ ներկայացումը նրանց դուր է եկել»:

Արփի Գաբրիելյանը եւ Միհրան Ծառուկյանը


Արփի Գաբրիելյանը եւս մեզ հետ զրույցում նշել է, որ երեւանյան հանդիսատեսը շատ պահանջկոտ է.«Մարդիկ չէին եկել պարզապես մեզ տեսնելու, այլ որակյալ եւ լավ ներկայացում դիտելու: Հանդիսատեսի էներգիան իսկապես փոխանվեց մեզ»:

Նշենք, որ երեկոյի ավարտին Մենչը բեմից հայտարարել է, որ իրենց թիմը որոշել է մայիսի 16, 17, 18-ին կայանալիք ներկայացումների տոմսերի հասույթը տրամադրել Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին