×


«Մեր Տունը»

«Մեր Տունը»

Հայ աստղերը մասնակցեցին ֆիլմի ստեղծմանը :) Սեպտեմբերի 27-ին “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ «Մեր տունը» հասարակական կազմակերպության նկարահանած համանուն ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմի ռեժիսորն է Ալեքսանդր Միրզախանյանը, սցենարի հեղինակը` Արսեն Պողոսյանը, երգի երաժշտությունը Մարտին Ահարոնյանինն է, իսկ խոսքերի հեղինակը Մարգարիտա Շարիմանյանն է: Շնորհանդեսին ներկա էին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, դերասաններ, «Մեր տան» բնակիչներն ու նրանց ընկերները: «Մեր տունը» Արդեն մի քանի տարի է` «Մեր տունը» հասարակական կազմակերպությունը իր խնամքի տակ է վերցնում մանկատան այն աղջիկներին, որոնք չափահաս դառնալուց հետո զրկվում են պետության խնամքից: Ամերիկահայ բարեգործ Ջուլի Աշեկյանն Էջմիածին քաղաքում հիմնադրել է «Մեր տունը», որտեղ բնակություն հաստատած աղջիկների բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը, իսկ բնակիչները ստանում են կրթություն, ուսումնասիրում օտար լեզուներ եւ համակարգչային ծրագրեր, սովորում հոգեբանություն, արվեստի պատմություն , էթիկա, տնային տնտեսության վարում: Այստեղ աղջիկների մեջ արմատավորում են ընտանիքի գերագույն արժեք լինելու գաղափարը, նրանց ապագա ընտանիքների ամուր հիմքերի համար համապատասխան նախադրյալներ ստեղծում: Այս տան բնակիչներից մեկի` Լուսինեի կյանքի պատմությունն է  ներկայացվում «Մեր տունը» ֆիլմում: Գավառի մանկատնից Էջմիածին`«Մեր տուն» տեղափոխված աղջիկն այսօր ունի իր ընտանիքը, իր տունը. Լուսինեն ամուսնացել է, շատ երջանիկ է::) Hrant Toxatyan, Syuzan Margaryan & Zaruhi Babayan «Ես շատ էի հուզվում, երբ ֆիլմի սցենարը գրելու նպատակով ծանոթացա աղջիկների պատմություններին: Որպես հերոսուհի ընտրեցինք Լուսինեին. նա այսօր երջանիկ մարդ է, ֆիլմը լավատեսական է»,- ասաց սցենարի հեղինակ Արսեն Պողոսյանը: Ռեժիսոր Ալեքսանդր Միրզախանյանն էլ նշեց, որ ֆիլմը իրական փաստերի հիման վրա է. «Երբեմն անգամ առավոտյան 5-ին էի գնում նկարահանման, որ քնից արթնանալու պահին այնտեղ լինեմ, կադրը բնական ու իրական լինի»: Ֆիլմի երգի երաժշտության հեղինակ Մարտին Ահարոնյանը, երբ ստացավ առաջարկը, չգիտեր այս հասարակական կազմակերպության մասին, իսկ երբ ոտք դրեց «Մեր տուն», զգաց բնակիչների անսահման ջերմությունը. «Անգամ ներկա եղանք Քրիստինեի եւ Արտավազդի ամուսնությանը... Մենք ուզում էինք, որ երաժշտությունը լինի եւ հուզիչ,  եւ լավատեսական, որով մարդկանց կփոխանցվի այն ջերմությունը, որ կա «Մեր տանը»: Շնորհակալ եմ մեր երգիչներին, որ մասնակցեցին տեսահոլովակի նկարահանմանը... աղջիկները միշտ կհիշեն այն ուրախ ու ջերմ պահերը, որ ապրեցին նրանց հետ»: Vardan Badalyan «Մեր տանը» հյուրընկալվում եւ խնջույքների  են մասնակցում հայ երգիչները :) Ֆիլմի ստեղծմանը մասնակցել եւ «Մեր տուն» էին եկել Անդրեն, Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Նունե Եսայանը, Սյուզան Մարգարյանը, Զարուհի Բաբայանը, Արթուր Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը, Վարդան Բադալյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ալլա Լեւոնյանը եւ այլ երգիչներ, որոնց մի մասը ներկա էր նաեւ շնորհանդեսին: Զարուհի Բաբայանն իր խոսքն ուղղեց «Մեր տան» բնակիչներին` ասելով, որ կարեւորն այն է, թե ինչ կլինի հետագայում. «Եղածը եղած է: Ես ուզում եմ, որ այն, ինչ հետագայում կլինի ձեր կյանքում, լինի միայն լուսավոր եւ ժպիտներ պարգեւի ձեզ»: Սյուզան Մարգարյանն էլ ասաց, որ արդեն հասցրել է մտերմանալ աղջիկների հետ. «Ես մասնակցության հրավեր ստացա Ալեքսանդրի կողմից, շատ ուրախ եմ, որ եղավ առաջարկը, ծանոթացա այս սքանչելի երեխաների հետ: Նրանք կամքի մեծ ուժ ունեն, երբեք նրանց վարքագծի մեջ չտեսա թուլություն, հոգեվիճակ, որը կստիպի դիմացինին խղճալ նրանց, աղջիկները չեն մեղադրում իրենց ծնողներին, որ լքել են իրենց. սա խոսում է նրանց հոգու մեծության մասին: Չեմ ուզում , որ միայն երգով ավարտվի մեր մասնակցությունը  ծրագրին: Ես կշարունակեմ իմ ընկերությունը նրանց հետ»: «Մեր տունը» Երգչուհին կարեւորեց աղջիկների կրթությունը. «Մեծ մասը համալսարանի ուսանողներ են, տեղյակ են այն բոլոր նրբություններին, որ պետք է իմանա յուրաքանչյուր ընտանիքի աղջիկ»: Անդրեն էլ Bravo.am–ին ասաց, որ սիրով է համաձայնել մասնակցել ծրագրին. «Ես չգիտեի «Մեր տան» մասին, ծանոթացա տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Մասնակցության համար մեզանից ոչինչ չի գնում: Մի ժպիտով, մի երգով կամ երկու տողով մենք ուրախացնում ենք նրանց, ինքներս ուրախանում. տեսնելով նրանց ժպիտն ու երջանկությունը` մենք ավելի ենք երջանկանում»: Լինելով տարբեր բարեգործական ծրագրերի մասնակից, հեղինակ` Անդրեն ասում է, որ միշտ պատրաստ է լինել «Մեր տան» եւ յուրաքանչյուր այլ ծրագրերի կողքին. «Միշտ կլինեմ այն ակցիաների հետ, որոնք զուտ բարեգործական բնույթ չեն կրում,  որտեղ իսկապես պտուղ կա. անպտուղ ծառերից հեռու եմ մնում...»: Ի դեպ,  ծրագրին մասնակից երգիչները ծաղիկներ  ու պատվոգրեր  ստացան «Մեր տան» աղջիկների կողմից: :) Andre Ջուլի տատիկը եւս պարգեւատրվեց :) Քսան տարուց ավել բարեգործությամբ զբաղվող Ջուլի Աշեկյանը, ով մանկատան երեխաներին եւ «Մեր տան» բնակիչներին հայտնի է որպես Ջուլի տատիկ, Գավառի մանկատան սաների կողմից պատրաստված ձեռագործ գորգ նվեր ստացավ, իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ նախարարի` Արթուր Գրիգորյանի կողմից ստացավ հավաստագիր` «Կյանքի ծանր իրավիճակներում հայտնված երեխաներին ցուցաբերած երկարամյա, աննախադեպ աջակցության համար» պարգեւատրվեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեդալով: «Ձեր կատարած աշխատանքը թվարկելու համար շատ ժամանակ է անհրաժեշտ... դուք մեծ մարդ եք, մեծ հայ: Ոչ միայն որպես նախարար, այլեւ որպես հայ մարդ շնորհակալ եմ ձեզ...»,- ասաց նախարարը: Juli Ashekyan Հերոսուհին  եւս շնորհակալ է :) Լուսինեն եւս խոսք ուներ ասելու. «Շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք, դուք ինձ շատ հարազատ եք: Շնորհակալ եմ Գավառի մանկատան իմ տնօրենին, որ ինձ պահեց, կրթեց եւ մեծացրեց, տիկին Ջուլիին, ով եկավ մեզ մոտ եւ հավատարիմ ծնողի պես մնաց մեր կողքին, մեր պետությանը, որ ինձ պահել է. դա շատ մեծ բան է: Ես այսօր ունեմ հոգեւոր արժեքներ, ինչի համար շատ երջանիկ եմ, ունեմ իմ ընտանիքը, իմ ամուսնուն, ում շատ սիրում եմ :):Ես ունեմ լավ ճակատագիր, բայց չգիտեմ, թե ինչպիսին կլինեն մեր մյուս երեխաների ճակատագրերը. ոչ ոք չգիտի` ինչ է իրեն սպասում... բոլորին ամենալավն եմ ցանկանում» Ֆիլմի ավարտից հետո հյուրասիրության սեղանի մոտ էին մանկատան, «Մեր տան» սաները, երգիչներն ու դերասանները, որոնք զրուցում եւ լուսանկարվում էին երեխաների հետ: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW