×


«Տերը»

«Տերը»

«Երեկ կատարվածն այսօրվա հետ կապ ունի…» Վերջին շրջանում Հրանտ Մաթեւոսյանի գրական գործերը հաճախ են հայկական թատերահարթակներ բարձրանում: Գրողի «Տերը» ստեղծագործությունը ներկայացման տեսքով բեմադրել է ռեժիսոր եւ դերասան Արմեն Էլբակյանը, որի առաջնախաղը կայացավ երեկ: «Տերը» Գլխավոր դերերում խաղում են Արմեն Էլբակյանը, Աննա Էլբակյանը, Հմայակ Ադիյանը(ռեփեր Համոն), Սիլվի Իգիթյանը եւ այլք: Երիտասարդների դերերը խաղում են Արմեն Էլբակյանի կուրսի ուսանողներից, նաեւ հրավիրված դերասաններ «Մետրո» ստուդիայից: Երիտասարդ դերասանուհի Սիլվի Իգիթյանի առաջին լուրջ դերը Այծիկի կերպարն է: Ուսանողուհին սովորում է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում. «Պարոն Էլբակյանի կուրսից եմ, իր առաջարկով էլ ստացա դերը: Շատ պատասխանատու է, գիտեմ, որ լուրջ դերասանների հետ եմ խաղում: Ներկայացման ասելիքը շատ եմ հավանել,, կարծում եմ` իմ հասակակիցներին էլ դուր կգա»: Armen Elbakyan & Hamo Ռեփեր Համոն թատրոնում իրեն լավ է զգում, հաճույքով է բեմ բարձրանում ու իրեն վստահված կերպարները խաղում: Մաթեւոսյանի «Տերը» լիովին հասկանալու համար նախ կարդացել է բուն գիրքը, հետո ծանոթացել պիեսին. «Մասնագիտական խորհուրդներով ռեժիսորը` Արմեն Էլբակյանը շատ է օգնում, խնդիրը տալիս է, մնում է դերասանը կատարի, գտնի կերպարի հարազատ կողմերն ու խաղա: Ինձ թվում է` իմ կերպարը ստացվել է, չնայած աշխատելու տեղ կա, ընթացքում ավելի լավ կխաղամ»: Համոյի խոսքով` երիտասարդներին կհետաքրքրի ներկայացման սյուժեն, դերակատարների խաղը, նաեւ միասնական լինելու զգացում կառաջացնի. «Ներկայացումն ինչքան անցյալի մասին է, այնքան էլ մեր ներկայի: Մաթեւոսյանի այս գործն իրոք ակտուալ է հիմա, ինչ կատարվում է տեսարաններում, այսօրվա հետ կապ ունի…»: «Տերը» Գրական ստեղծագործությունը թատերական ներկայացման վերածվելիս որոշակիորեն կրճատվել է, հարմարեցվել բեմի կանոններին, բայց դեկորների, դերասանների բարբառի ու այլ հաշվարկված մանրուքների շնորհիվ դիտողին տեղափոխում է Մաթեւոսյանի նկարագրած ժամանակաշրջան ու նրա հայրենի Ծմակուտ: Բեմադրության ավարտը գրքից տարբերվում է. Ռոստոմին ու նրա կնոջը փոխարինելու է գալիս նոր սերունդը` Ֆելոն ու Այծիկը, որոնք պատրաստ են  շարունակել պայքարն իրենց հողի ու տարածքի համար: «Էդգար Էլբակյան» թատրոնի անձնակազմը բեմադրական աշխատանքները սկսել է նախորդ տարվանից. «Քանի որ հիմա գեղարվեստական գրականություն քիչ են կարդում, որոշեցինք թատրոնի միջոցով հայ գրողներին «վերադարձնել» մեր երիտասարդությանը: Կարծում եմ` նպատակին հասնում ենք, օրինակ, մի դեռահաս երեխա մոտեցավ ու ասաց, որ անպայման տանը կկարդա այա գործը: Ինչ էլ որ անի թատրոնը, հեղինակին հավասարազոր չի կարող անել, մի ներկայացման շրջանակում հնարավոր էլ չէ տեղավորել մի մեծ գրական գործ», - պրեմիերայից հետո ասաց Արմեն Էլբակյանը: Armen Elbakyan Բեմադրիչը հիշեց հոդվածներից մեկում Մաթեւոսյանի գրած խոսքերից մեկը. «Հետո չասեն` կար մի երկիր Հայաստան, որի զավակներն արի չէին, աշխատել չէին սիրում, կերան իրենց երկիրը, հետեւաբար կերան իրենք իրենց…»: Արմեն Էլբակյանը հետագայում ներկայացումն ավելի մեծ բեմում տեսնելու ցանկություն ունի, բայց. «Ֆինանսական խնդրի հետ է կապված: Մեզ աջակցել է Մշակույթի նախարարությունը, նաեւ իմ միջոցներով եմ արել, բայց կարեւորը գործը բեմահարթակ բարձրացնելն ու երկար ժամանակ բեմում պահելն է, երբ թատրոնն իր հնարավորություններով մրցունակ չէ»: Էլբակյանը ցավով նշեց, որ թատրոններում քիչ են միջին տարիքի դերասանները. «Մարդիկ գիտակցում են, որ թատրոնում աշխատելով տուն չեն կարող պահել, շահավետ չէ: Թատրոնում մնացել են նվիրյալները: Երիտասարդ սերնդին եմ վստահել լուրջ դերեր, համոզված եմ, որ մի քանի անգամ խաղալով ավելի հասուն են լինելու», - վստահ է նա: «Տերը» ներկայացումն արդեն «Էդգար Էլբակյան» թատրոնի խաղացանկում է, կարող եք դիտել ու գնահատել մարտի 18, 20, 24, 30, 31-ին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW