×


Աբել Աբելյանը սրտատրոփ սպասում է :)

«Մոխրոտը» հայտնի հեքիաթի հիման վրա մանկական ներկայացում է բեմադրում ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր Աբել Աբելյանը: 3 տարեկանից բարձր բոլոր փոքրիկների համար ներկայացման պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 2-ին` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Աբել Աբելյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Աբելը պատմել է, որ 1986 թվականին իր մայրը նույնպես բեմադրել է այս հեքիաթը.«Շատ լավ եմ հիշում այն: Վերականգնելիս բավական փոփոխություններ եմ արել եւ ավելի ժամանակակից դարձրել: Օրինակ` պահակներն այժմ  Սպունգ Բոբի եւ Մինիոնի տեսքով են, ինչն ավելի է հետաքրքրացրել ու կրկնապատկել այս կերպարների ծիծաղելի լինելը: Բացի այդ, քանի որ հեքիաթն այնքան էլ փոքրերի համար չէ, երեխաներին կգրավեն հենց հայտնի մուլտհերոսները»:

Նա սրտատրոփ սպասում է իր առաջին ներկայացման պրեմիերային.«Եթե երեխաները հավանեն, ուրեմն ամեն բան լավ է, քանի որ նրանք աշխարհի ամենաուշադիր հանդիսատեսն են»:

Մաշա Արիստակեսյանը եւ Հայկ Հովհաննիսյանը


Բացի Աբելի ստուդիայի ներկա ու նախկին ուսանողների, «Մենք ենք եւ Մոխրոտը» մանկական ներկայացման մեջ խաղում են հայտնի դեմքեր: Թագավորը Լեւոն Հարությունյանն է, Մոխրոտի դերում` Մաշա Արիստակեսյանը, խորթ մայրիկը Զառա Սահակյանն է, արքայազնը` Հայկ Հովհաննիսյանը, իսկ փերին` Լիա Զախարյանը:

Մոխրոտի դերակատար Մաշան BRAVO.am-ին հայտնել է, որ իր կերպարը փոփոխությունների չի ենթարկվել.«Փորձերը շատ տարբեր ու հետաքրքիր են անցնում` իմպրովիզներով լի: Ի դեպ, բացի փոքրիկներից, նաեւ մեծիկներին ենք հրավիրում: Նրանք էլ հաստատ չեն ձանձրանա, միայն հաճույք կստանան հետաքրքիր լուսային եւ ձայնային էֆեկտներից»:

Լեւոն Հարությունյանը եւ Հայկ Հովհաննիսյանը


Հայկ Հովհաննիսյանն այս ներկայացման մեջ խաղում է իր առաջին դերը.«Առաջինն է ու միանգամից արքայազն, որին, կարծում եմ, փոքրիկները կսիրեն: Նրանց կգրավի իմ եւ Մոխրոտի մանկական սերը, անկեղծությունն ու մաքրությունը»: Նա նշել է նաեւ, որ իր կերպարն աչքի է ընկնում հումորի զգացմամբ, որն իրեն փոխանցվել է թագավոր հայրիկից:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աբել Աբելյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW