×


Ալեքսանդր Իրադյան.“Ապրումներս փոխակերպեցի մի խենթ երաժշտության”

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը նախաձեռնել է ութ համերգային երեկո ներառող համերգաշար, որի շրջանակում համաշխարհային հռչակ վայելող արտիստներն աշխարհի տարբեր երկրների բեմերից կբարձրաձայնեն Հայոց ցեղասպանության մասին: Ապրիլի 26-ին Բրյուսելի «Palais de BOZAR» համերգասրահում նախատեսված համերգը կրում է «With You, Armenia» («Քեզ հետ, Հայաստան») խորագիրը եւ նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Ալեքսանդր Իրադյանը` Նյու Յորքում


Բացի Չայկովսկու, Բրուխի եւ Ալ․ Հարությունյանի ստեղծագործություններից, հնչելու է ժամանակակից կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի «DNA 15-15» սիմֆոնիկ պոեմը։ Ալեքսանդրն արդեն կես տարի է` բնակվում է Բելգիայում՝ շարունակելով երաժշտական կրթությունը Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում։ Նրա պատասխանները ներկայացնում ենք առանց հարցադրումների:

Երբ ծնվեցի, քույրս արդեն 20 տարեկան էր․․․

Հենց նա է պնդել, որ անունս Ալեքսանդր լինի։ Այն ժամանակ 20 տարեկան ապագա մանկաբույժ քույրս արդեն իսկ ինքնուրույն, ամբիցիաներով մարդ էր, եւ ծնվեց եւս մեկը․․․ Բայց, ի տարբերություն բոլորի ակնկալիքների, ես չափազանց հանգիստ երեխա եմ եղել։ Իմ տունը երաժշտությամբ հագեցած է եղել` չնայած, որ հայրս ու մայրս գիտության մարդիկ են․ ամեն դեպքում ունակություններս ի հայտ եկան մանկապարտեզում, երբ դայակը ծնողներիս ասաց․«Իսկ դուք տեղյա՞կ եք, որ ձեր տղան բացարձակ լսողություն ունի․․․»։

Էքսպերիմենտալ ճամփորդությունների սիրահար եմ․ Նյու Յորք գնացի ուղղակի զգալու համար եւ մնացի ամիսներ․․․

Այնպիսի տպավորություններ ունեմ այդ ահռելի մեգապոլիսից, որ արտահայտելու համար պետք է բոլորին հավաքեմ կլոր սեղանի շուրջ ու խոսեմ մինչ լուսաբաց։ Ես այլ քաղաքներում էլ եմ եղել, բայց սա ուրիշ պատմություն է եւ բոլոր համեմատականներից դուրս․ պատկերացրեք մեծ տարա` եռացող էներգետիկ դաշտով․․․ Եվ դու նույնպես այդ եռքի մեջ ես, աշխարհի կենտրոնում․․․Չէ՜, դու՛ հենց աշխարհի կենտրոնն ես, եւ ամեն բան պտտվում է շուրջդ․․․Եվ եթե ժամանակին չսթափվես, չհիշես գործողությունները, որով առաջնորդվում ես, այդ գլխապտույտը կարող է շիզոֆրենիայի հասցնել։ Բարեբախտաբար, այս ապրումները փոխակերպեցի մի խենթ երաժշտության, որը իմ No.4 «Նյու Յորք» սիմֆոնիան է։ Այն դեռ ոչ ոք չի լսել․․․ Մտածում եմ՝ այս սիմֆոնիան ներկայացնելու համար նույնքան խենթ միջավայր է պետք․ չեմ բացառում հենց Նյու Յորքը։

Ալեքսանդր Իրադյանը (Լուսանկարը` Սոնա Թադեւոսյանի)


Երեք տարբեր քաղաքում իրարից տարբեր մարդիկ համեմատեցին ինձ Նապոլեոնի հետ․․․

Համեմատություններն ինձ համար չեն, բայց հետաքրքիր բան տեղի ունեցավ․ Երեւանում, Մոսկվայում եւ Նյու Յորքում իրարից տարբեր մարդիկ (ընդ որում՝ նրանցից ոչ մեկը կապ չունի երաժշտության հետ), ինձ նմանեցրել են Նապոլեոն Բոնապարտին։ Հնարավոր է` պատճառն ամբիցիան է, հաղթելու մշտական տրամադրությունը, գաղափարակիցներին շուրջս հավաքելու անսպառ եւ մշտական ցանկությունը։

Ամեն դեպքում՝ այդ առիթով նույնիսկ որոշեցինք լուսանկարչական շարք պատրաստել․․․ Հետո միշտ կատակով ասում եմ` ամեն բանով գուցեեւ նման եմ Նապոլեոնին` բացի կանխատեսվող վախճանն ու վերջին պարտությունը։):

Վերջին տարիների կարեւոր մի իրադարձության եմ սպասում

 «DNA 15-15»  («հայերեն՝ «ԴՆԹ 15-15») պոեմը` նախատեսված սիմֆոնիկ նվագախմբի եւ 3 մենակատարի համար, ներքին լուրջ վախով եմ սկսել գրել․․․ Գործը նվիրված է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին եւ հնչելու է այնպիսի պատասխանատու իրադարձության ժամանակ, ինչպիսին է «Քեզ հետ, Հայաստան» երաժշտական մեծ իրադարձությունը, որը համաշխարհային մասշտաբի է։

Այստեղ` Բրյուսելում, երեկոն տեղի է ունենալու ապրիլի 26-ին։ Իրադարձությունը շատ  հնչեղ է`  ի դեմս Բելգիայի Ազգային նվագախմբի․ համերգային ծրագրում ներառված մենակատարներն են Սերգեյ Նակարյակովը, Մաքսիմ Վենգերովը, Միշա Մայսկին, դիրիժորը` Ջորջ Փեհլիվանյանն է։ Կարեւոր եւ ուրախալի է այն, որ նվագախմբի առաջին թավջութակահարը ազգությամբ հայ Սեւակ Ավանեսյանն է, ով էլ իմ ստեղծագործության մենակատարներից մեկն է։   

Կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը

               
Երբ գրում էի «DNA 15-15»-ը․․․   

Շատ զգացումներ կան, որոնք կապված են պատմական այս երեւույթի հետ․ զգացումներն այդ չգիտեմ` ինչպես են տեղակայված իմ մեջ, ինչպես են փոխանցվել, բայց այն, ինչ զգացել եմ գրելու պահին, հետեւյալն էր` լսում եւ տեսնում էի  հարյուր տարին անց մեկի պես եւ ներքին զվարթություն ապրում, որ վերապրումներով ու այդպիսի պատմությամբ ազգի ներկայացուցիչը դեռ շարունակում է խոսել հայերեն, ունի իր երկիրը, իր մշակույթն ու ժառանգությունը։

Ձեռքբերումներն ու հիասթափությունները

Պարադոքսալ իրականության մեջ ինդիվիդուալ մնալը հեշտ չէ․ այդպիսին է հայաստանյան իրականությունը․․․ Այդպիսին է առհասարակ իրականությունը՝ անկախ երկրից եւ սահմաններից։ Հայաստանում բազմաթիվ խենթ ու խելառ գաղափարներ ենք քննարկել  պրոդյուսերիս` Անուշ Քոչարյանի հետ, հիմա նույնն անում ենք հեռավորության վրա։

«Ինքնասպանի գրառումներ», Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն


2014-ը ավելի շուտ ձեռքբերումների, քանի հիասթափությունների տարի կարելի է անվանել։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծ համարձակություն էր երիտասարդ ռեժիսոր Սամվել Թադեւոսյանի եւ խորեոգրաֆ Արման Բալմանուկյանի հետ բեմադրել բալետային ժամանակակից մի ներկայացում, որը հիմնված էր «Ինքնասպանի գրառումներ» պոեմիս վրա։ Սա ինձ համար ֆենոմեն էր․ այս մտքից ոգեւորված՝ Անուշի եւ Սամվելի հետ հիմնեցինք «ՊԻԿ» նախագիծը, որի բոլոր գաղափարակիցների՝ երիտասարդների աշխատանքով ու հավատով էլ մի ամբողջ բալետային ներկայացում գլուխ բերեցինք։ Նույն տարվա ընթացքում մյուս ընկերներիս հետ հիմնեցինք «Old band» էթնիկ խումբը, որը կարճ ժամանակահատվածում սիրելի դարձավ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ սահմաններից դուրս․․․․

Մասշտաբի նեղությունը վնասում է ստեղծագործական ընթացքին

Ձեռքբերումների երկարատեւությանը մշտապես վնասում է մասշտաբը, եթե այն նեղ է։ Էնտուզիազմը ջարդվում է, երբ բավարար միջոցներ չգտնելու հոգսն ի վերջո քամում է քեզ։ Ովքեր ինձ հետ կիսում են գաղափարներս, եւ ում գաղափարները կիսում եմ ես, հավատացած ենք, որ այն, ինչ կարելի է անել մեծ մասշտաբով եւ մեծ ներուժով, ամեն դեպքում՝ ամենուր հնարավոր է․․․ Գուցե հենց այդ էր պատճառը, որ ես հիմա այստեղ եմ, շարունակում եմ կրթությունս, այստեղ էլ շրջապատված եմ հրաշալի հայ երաժիշտներով ․․․

Ալեքսանդր Իրադյանը` Բրյուսելում


Բրյուսել․ կանգառ, որը շատ սիրելի է

Գնալու մասին Հայաստանում ամեն երկրորդը խոսում է․ շատերին թվում է՝ դա ճամպրուկ հավաքելն է, վիզա ստանալը եւ մեկնելը․․․ Երեւանում քիչ, թե շատ անհոգ կյանքից հետո, սակայն, հայտնվում ես մի միջավայրում, որը լրիվ ուրիշ է։ Միանգամից հասկանում ես՝ ինչ է կենցաղային խնդիրը, ինչպես պետք է ճաշ պատրաստել, լվացք անել, համատեղել ուսումն ու աշխատանքը։

Դժվար, ծանր շրջան, երբ շուրջդ հրաշալի, առատ Եվրոպան է` իր կանոններով եւ խայտաբղետությամբ, իսկ դու ամեն բան սկսում ես նորից։ Բայց այս կանգառը շատ եմ սիրում։ Հենց այստեղ է՝ իմ փոքրիկ տան մեջ, միայնության ու բազմաթիվ առօրյա հանձնարարություններով ու գործերով, որտեղ  փոխվեց ժամանակի ու ձեւի, տարածության ու հարթության ընկալումը։ Ամեն բան ավելի հստակեցվեց իր նշանակությամբ, ամեն ինչ ավելի շոշափելի դարձավ։

Այլ քաղաքներում նույնպես այս զգացումներն ու մտորումներն ունեցել եմ, բայց այստեղ դրա համար նախատեսված ժամանակը շատ է։ Վերադարձիս դեռ  բավականին կա․ եւ արդեն իսկ չգիտեմ՝ վերադարձ կարելի է անվանել, եթե այդքան ուրիշ եւ հագեցած ես հետ գալիս։

BRAVO.am
Լուսանկարները` Ալեքսանդր Իրադյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին