×


Ալեքսանդր Օնիշենկոն Երեւան է բերել Պրահայի գույները

Եվրոպայի գեղեցկագույն քաղաքներից մեկի՝ Պրահայի գույներն իր կտավներով Երեւան է բերել նկարիչ Ալեքսանդր Օնիշենկոն։ 1991 թվականից Չեխիայի մայրաքաղաքում ապրող ուկրաինացի նկարիչն այնտեղ ունի իր սեփական՝ «Յակուբսկա» պատկերասրահը, որը բացել է 23 տարի առաջ։ Նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում, Հայաստան սա նրա առաջին այցն է ու առաջին ցուցահանդեսը։

Ալեքսանդր Օնիշենկոն


Իմպրեսիոնիստ Ալեքսանդր Օնիշենկոյի երեւանյան ցուցահանդեսի բացումը կայացել է երեկ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Իր տպավորությունները կտավի վրա պատկերող նկարիչը պատմում է, որ հայ ընկերներ ունի եւ վաղուց էր ցանկանում Հայաստան այցելել, ցուցահանդեսն էլ դարձել է գլխավոր առիթը։

Ցուցահանդեսի կազմակերպիչը «Ծիրանի» մշակութային հանգույցն է, որի ղեկավար Նարեկ Վանն էլ հրավիրել է նկարչին։ Այս տարվա փետրվարին Պրահայում Նարեկն անհատական ցուցահանդես է ունեցել Օնիշենկոյի հիմնադրած «Յակուբսկա» պատկերասրահում, որից հետո մտերմացել են.«Այնտեղ ծանոթացա Ալեքսանդրի հետ, նաեւ քննարկեցինք՝ Հայաստանում կարելի է կազմակերպել իր ցուցահանդեսը։ Ինձ շատ գրավեց նրա նկարչությունը, եւ մեր պարտքը համարեցինք նրան հրավիրել, նա էլ սիրով համաձայնեց։ Առհասարակ, օտարազգի նկարիչների ցուցահանդեսների շնորհիվ հնարավորություն է ստեղծվում զուգահեռ տեսնել այլ երկրների մշակույթը, թե ինչպես են մտածում եւ մեկնաբանում նրանք»։

Ալեքսանդր Օնիշենկոյի երեւանյան ցուցահանդեսին


Չեխերն իրենց մայրաքաղաքն անվանում են ոսկեգույն, երեւանյան ցուցահանդեսին կարող եք տեսնել նրա պատկերած քաղաքային տեսարաններն ու բնապատկերները՝ շուրջ 12 աշխատանք՝ «Պրահայի տանիքները», «Բակ Պրահայում», «Նկարչի արեւաշող պատուհանը», «Աշնանային սիմֆոնիա», «Մառախլապատ Պրահան», «Նկարչի պատուհանը, նատյուրմորտ», «Պրահայի Նոկտյուրն» եւ այլն։

Օնիշենկոն իր իմպրեսիոնիստական աշխատանքներում անդրադառնում է տարբեր թեմաների, սիրում է պատկերել կանանց, ծաղիկներ, տանիքներ, արեւածագն ու ոգեշնչվում է բնության գեղեցիկ տեսարաններից։ Նաեւ լուսանկարում է, ինչպես նշում է՝ լուսանկարելիս ֆիքսում է պահը, իսկ նկարելիս՝ ստեղծում է այն.«Հաճախ եմ ճամփորդում, ինձ համար հետաքրքիր է ամեն նոր բան, ես ոգեշնչվում եմ ու ստեղծագործում, կարծում եմ՝ գեղեցիկը կփրկի աշխարհը»։

Ինչպես բնութագրում է Օնիշենկոն, իր գործերը նոր իմպրեսիոնիստական են, տարբերվում են սեւ կտավի վրա յուղաներկով նկարելու տեխնիկայով.«Չեմ վախենում նոր բնութագրումներից, կարծում եմ՝ սեւ կտավի վրա ստեղծագործելը հետաքրքիր մտահղացում է, նույնիսկ ուզում եմ այդ ուղղվածության դպրոց բացել»։

Նարեկ Վանը եւ Ալեքսանդր Օնիշենկոն


Նկարիչ-մոդելավորող Մարիամ Ղարիբյանը, որը 20 տարուց ավելի ապրել է Պրահայում, ճանաչում է նկարչին, միասին մասնակցել են տարբեր ցուցահանդեսների.«Չեխիայում ապրող օտարազգի առաջին նկարիչներից մեկն է, որ բացել է իր ցուցասրահը։ Պրահան հենց այսպիսին է, ինչպիսին նրա կտավներում են։ Առաջին հայացքից Պրահան աչքի է ընկնում գոթական ոճով, բայց այնտեղ կան ճարտարապետության բոլոր ուղղությունները՝ ռոկոկոյից, բարոկոյից մինչեւ կուբիզմ։ Քաղաքի մի մասն իտալական ոճով է, հին մասն ավելի հրեական է։ Պրահան ինձ համար աշխարհի ամենասիրուն քաղաքն է, թեեւ ինքս երբեւէ չեմ նկարել», - BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նա։

60-ամյա Օնիշենկոն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բուլղարիայում, Մալազիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Անդորայում, Իսպանիայում, Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում: Նկարչի իմպրեսիոնիստական գործերն անձամբ կարող եք դիտել ու գնահատել մինչեւ սեպտեմբերի 17-ը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին