×


Ալին Գոյանի` առավելություններով եւ թերություններով ամառային հանգիստը :)

Ալինա Ենգոյանը, նույն ինքը` սոպրանո Ալին Գոյանը, շուտով կթողարկի իր առաջին ձայնասկավառակը: Օրեր առաջ երգչուհին գործընկերների հետ մասնակցել է “Օպերա Վիվա” նախագծի առաջին համերգին, սակայն մինչ այդ նա իր ամառային հանգիստն անցկացնում էր Եգիպտոսում: Ժողովրդական երգեր կատարող օպերային երգչուհու հետ զրուցել ենք ինչպես արձակուրդից տպավորությունների,  այնպես էլ նոր ալբոմի մասին:

Ալին Գոյանը` Եգիպտոսում


-Ո՞ւմ հետ էիր մեկնել եւ ինչո՞ւ ընտրեցիր աֆրիկյան երկիրը:


- Հանգստանալու մեկնել էի քրոջս եւ նրա բալիկի հետ, ով անչափ սիրում է ինձ եւ ամեն ինչում փորձում է նմանակել:  Գաղտնիք չէ, որ գին եւ որակ հարաբերակցության մեջ Եգիպտոսը շահավետ առաջարկներ է անում, բացի այդ, Կարմիր ծովը հարուստ է կենդանական ու բուսական աշխարհով եւ պատահական չէ, որ համարվում է աշխարհի ամենագեղեցիկ ծովերից մեկը:

- Որո՞նք են Եգիպտոսում հանգստանալու առավելություններն ու թերությունները:


-Առավելություններից կնշեմ այն, որ ինձ համար դժվար տանելի է շոգը բարձր խոնավության պայմաններում, իսկ Եգիպտոսում խոնավությունը 30%-ը գրեթե երբեք չի գերազանցում, ինչը բացառիկ երեւույթ է ծովափնյա երկրների համար: Ինչ վերաբերում է թերություններին, ապա հյուրանոց ընտրելիս խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել սնունդին, քանի որ նույնիսկ 5 աստղանի հյուրանոցում միշտ չէ, որ սնունդը բավարար որակի է լինում:

Ալին Գոյանը` Եգիպտոսում


-Հետաքրքիր ի՞նչ բացահայտումներ ես արել այս ճամփորդության ընթացքում:

-Այս տարվա հանգիստս բավական պասիվ էր, մենք գրեթե դուրս չենք եկել հյուրանոցի տարածքից: Մեծ ցանկություն կար լինել Լյուքսորում, սակայն տեղի քաղաքական լարված իրավիճակի պատճառով սահմանափակվեցինք միայն ծովափնյա հանգիստը վայելելով: Սա է պատճառը, որ առանձնապես բացահայտումներ չեմ արել այդ պատմական ու մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրի մասին:

- Կնշե՞ս ամենակարեւոր իրերը, որոնք վերցնում ես ճամփորդելիս:


- Իհարկե, ծովափնյա հանգիստը հնարավոր չէ պատկերացնել առանց լողազգեստի, արեւային ակնոցի ու արեւից պաշտպանող քսուքների:

- Հուլիսի 9-ին “Մեցցո” ակումբում կայացավ “Օպերա Վիվա”-ի առաջին համերգը: Ի՞նչ նորություններ ունի նախագիծն առաջիկայում:


- Առաջին համերգն անցավ հրաշալի մթնոլորտում: Այսօր խումբը պատրաստում է լիովին նոր երաժշտական ծրագիր, որտեղ գերակշռում են զուգերգերը, տրիոներն ու խմբակային կատարումները: Սեպտեմբերին կկայանա մեր երկրորդ համերգը, նաեւ ուզում ենք ելույթներով հանդես գալ մարզերում, այդ իսկ պատճառով փնտրում ենք գործընկեր, ում հետ կկարողանանք իրագործել այդ ծրագիրը:

Ալին Գոյանը` քրոջ դստեր հետ` Եգիպտոսում


- Վերջերս ներկայացրիր նոր տեսահոլովակ՝ “Կռունկ”-ը: Ինչո՞ւ այն դարձավ արգելված հեռուստաեթերի համար: Արդյո՞ք արգելքը նպաստեց երգի տարածմանն ու հաջողությանը:

- Կարծում եմ, որ տեսահոլովակը առավել շատ դիտումներ հավաքեց` պայմանավորված Բաղրամյան պողոտայում վերջին իրադարձություններով, քանի որ հոլովակի սյուժեն գրեթե համընկնում է պողոտայում ստեղծված իրավիճակի հետ: Այդ օրերին “ֆեյսբուքյան” գրեթե բոլոր ընկերներս տարածում էին տեսահոլովակը, քանի որ նրանում տեղ գտած խոսքի ազատության գաղափարը հենց այն էր, ինչի մասին խոսում ու պահանջում էին բոլորը:

- Իսկ ե՞րբ ես պատրաստվում թողարկել “Կանչե կռունկ” ալբոմը: Կներկայացնե՞ս պարունակությունը:

- Ձայնասկավառակը պատրաստ կլինի օգոստոսին, սակայն շնորհանդեսը նախատեսում ենք անցկացնել սեպտեմբերին: Սա իմ առաջին ձայնասկավառակն է` 4-5 տարվա աշխատանքիս արդյունքը, որը թողարկվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այն բավական փորձարարական սկավառակ է, ընդգրկված են ժողովրդական ստեղծագործություններ տարբեր ոճի մեկնաբանություններով ու գործիքավորումներով: Կարծում եմ` “Կանչե կռունկ” սկավառակը  հետաքրքիր կլինի ինչպես դասական երաժշտության սիրահարներին, այնպես էլ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, որոնց այսօր հոգեհարազատ են ժամանակակից գործիքավորումները: Գաղտնիք չէ, որ գտնվելով 21-րդ դինամիկ դարում` ոչ միայն մեր երկրի, այլեւ ողջ աշխարհի երիտասարդությանը հետաքրքրում են ժամանակակից գործիքավորումներն ու մոտեցումները: Ուստի չվնասելով ժողովրդական ստեղծագործության հիմնական կառուցվածքը` մենք այն ներկայացրել ենք ժամանակակից ընթերցմամբ, որով այդ ստեղծագործություններն ավելի ընկալելի եւ ընդունելի կդառնան թե՛ հայ, թե՛ այլ երկրների երիտասարդների համար: Այդ իսկ պատճառով համագործակցել ենք ժամանակակից երաժշտության ոլորտում ճանաչված ու սիրված երիտասարդ երաժիշտների հետ:

Հարցազրույցը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դիանա Հակոբյանի եւ Ալին Գոյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին