×


Աղվան Պապոյան.«Համերգիս ժամանակ համբուրեցի մի անծանոթուհու»

Ջազ՝ ոմանց համար սա երաժշտության տեսակ է, ոմանց՝ ապրելակերպ, ոմանց համար էլ՝ ընկալելի չէ։ Ջազ բառը լսելիս մտովի պատկերացնում ենք հայտնի այն սեւամորթներին (եւ ոչ միայն), ովքեր տասնամյակներ շարունակ այս ոճի թելադրողներն էին, որոնց անունները ոսկե տառերով գրված են երաժշտության պատմության էջերում։ Ինչպիսի՞ն է ջազն այսօր, ովքե՞ր են դրա ներկայացուցիչները, զանգվածայի՞ն է այն արդյոք, ազգություն ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք երգիչ Աղվան Պապոյանի հետ։

Աղվան Պապոյանը


- Աղվան, հայտնի է, որ տարիներ առաջ զբաղվել ես թե՛ պարով, թե՛ երաժշտությամբ ու հումորով: Այդ ժամանակ ո՞րն էր առաջնայինը: 
- Միանշանակ, երաժշտությունը:

- Իսկ ինչո՞ւ հենց ջազ։ 
- Իրականում, դա այդքան էլ ջազ չէ: Ես ավելի շատ ֆանկ, R&B ոճերում եմ երգում եւ ստեղծագործում, քան՝ ջազ: Բայց իմ երաժշտական կարիերան սկսել եմ հենց ավանդական ջազով` Հայաստանի պետական ջազ նվագախմբի եւ «Մալխաս» բենդի հետ:

- Գիտեմ, որ հայրդ հայտնի դաշնակահար է։ Ինչպիսի՞ն է նրա դերակատարումը քո կյանքում:
- Նրա դերակատարումն իմ կյանքում շատ մեծ է: Հայրս աշխատել է Հայաստանի գրեթե բոլոր անվանի արտիստների հետ` Էռնա Յուզբաշյան, Սյուզան Մարգարյան, Նադեժդա Սարգսյան եւ այլք: Ընդհանրապես, իմ կյանքում ամեն առումով հայրս շատ կարեւոր դեր է խաղացել: 

- Երգում ես թե՛ ակումբներում, թե՛ մեծ բեմում. որտե՞ղ ես քեզ ավելի լավ զգում:
- Գրեթե ամեն տեղ էլ ես ինձ լավ եմ զգում: Լավ եմ զգում այնտեղ, որտեղ հնարավորինս քիչ «գլամուրային» հանդիսատես կա: Ես «վատ էլիտայի» համար ելույթ չեմ ունենում, որովհետեւ նրանք չեն հասկանում այն, ինչ անում եմ: Անկեղծ, չեմ սիրում, երբ երգում եմ, եւ մարդիկ ձեւացնում են, թե հասկանում են իմ երգածը, բայց հետո գնում են տուն ու Արտաշ Ասատրյանի երգերն են լսում: Ինձ համար կարեւոր են բնական, ամենաճիշտ հույզերը:

Աղվան Պապոյանը


- Ըստ քեզ, ջազն ազգություն ճանաչո՞ւմ է:
- Ջազն էլ չկա, գոյություն չունի: Ինձ համար ջազ եղել է մինչեւ 50-60-ականները, դրանից հետո այն շատ է ձեւափոխվել եւ այնպիսին չէ, ինչ նախկինում: Չգիտեմ՝ ինչպես կոչեմ այն, բայց շատ է փոխվել: Օրինակ` Տիգրան Համասյանին համարում են ջազ երաժիշտ, բայց ինքն ինձ համար ջազային չէ. ֆենոմենալ երաժիշտ է եւ պարծանքն է հայ ազգի: Տիգրանը կատարում է հայկական հոգեւորական ստեղծագործություններ, Կոմիտաս՝ միանգամայն այլ ինտերպրիտացիայով, եւ դա ջազ չէ. չեմ կարող ասել, թե ինչ ոճ է, բայց ջազ չէ: 

- Ինչո՞ւ երաժշտական այս ոճը լայն տարածում չունի Հայաստանում։ 
- Ժամանակի ընթացքում շատ բան փոխվեց, ավելի էժանն ու մատչելին դարձավ ավելի արժեքավոր, եւ ոչ՝ 10-20 տարվա ընթացքում, այլ սկիզբ առնելով ավելի վաղ՝ Խորհրդային Միությունից: Ռաբիսն այնպես չէ, որ 20 տարի է՝ կա, միշտ էլ եղել է: Որքան մատչելի է, այնքան ավելի ընդունելի, եւ մարդիկ այն ավելի շատ են սիրում:

- Ովքե՞ր են քո երկրպագուները՝ տարիքը, սեռը, սոցիալական խումբը։
- Իմ երկրպագուները շատ տարբեր են. կան հարգարժան մարդիկ, ովքեր ունեն բարձր պաշտոններ, եւ մարդիկ, ովքեր ընդհանրապես ոչինչ չունեն, բայց լսում եւ հասկանում են իմ երաժշտությունը, ինչը հաճելի է: Ես ոչ ոքի չեմ առանձնացնում, նրանք ինձ համար հավասար են:

- Առանց ինչի՞ կամ ո՞ւմ չես պատկերացնում կյանքդ:
- Իհարկե, առանց երաժշտության չեմ պատկերացնում կյանքս եւ առանց ընտանիքի:

Աղվան Պապոյանը


- Բեմում որեւէ խենթ արարք արե՞լ ես երբեւիցե։
- Շատ: Մի անգամ համերգի ժամանակ գինովցած էի, եւ դիմացի սեղանին գեղեցիկ աղջիկ էր նստած, որին առաջին անգամ էի տեսնում։ Գնացի եւ համբուրեցի նրան: 

- Քո կյանքում կա՞ որեւէ մեկը, թե՞ դեռ միայնակ ես:
- Ոչ, չկա: Կգա ժամանակը, եւ կլինի:

Զրուցեց Գայանե Թադեւոսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Աղվան Պապոյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին