×


Ամուսնու արձագանքը Անի Ամիրյանի ստացած նոր առաջարկին

Անի Ամիրյանը շուտով կներկայանա որպես դերասանուհի: Թե ռեժիսոր Մհեր Մկրտչյանի որ նախագծում է նա ընդգրկվել, կպատմենք ավելի ուշ, իսկ մինչ այդ նախկին երգչուհու հետ խոսել ենք դեբյուտային դերի, ամուսնու՝ դերասան Ստեփան Ղամբարյանի արձագանքի եւ ընտանեկան երջանկության մասին:

Մհեր Մկրտչյանը եւ Անի Ամիրյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Անին նշել է, որ ավարտելով Մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետը, տեսականորեն ծանոթ է դերասանի մասնագիտությանը, սակայն գործնականում գիտելիքներն օգտագործելու հնարավորություն չի ունեցել.«Ճիշտ է՝ սկզբում վախ կար, բայց մի կողմից էլ հանգիստ էի, քանի որ աշխատում եմ պրոֆեսիոնալ ռեժիսորի հետ: Նախկինում առաջարկներ չեն եղել, ինքս էլ քասթինգների չեմ մասնակցել եւ շատ ուրախ եմ, որ թաքուն երազանքիս առաջին քայլերը սկսեցի Մհերի եւ նրա անձնակազմի հետ: Կարծում եմ՝ եթե ինձ մոտ չստացվեր, չէի ընտրվի ու չէի խաղա»:

Անին նշել է, որ ամուսինը ողջունել է որպես դերասանուհի ներկայանալու իր որոշումը.«Ստեփանը չխանգարեց:): Դեռ «դուելներ» չեն եղել, կարծում եմ` չեն էլ լինի, քանի որ մենք իրար չենք խանգարում աշխատանքում: Նա գիտի` որքան էլ ես այս ամենի մեջ չեմ եղել, գիտակ եմ: Ինքս էլ փորձում եմ ունեցածս գիտելիքները ճիշտ օգտագործել: Սա այն դեպքն է, երբ խորհուրդ տալն այնքան էլ տեղին չէ. ռեժիսորի օգնությամբ պետք է հասնես այդ զգացողությունը եւ ճիշտ խաղ ցույց տաս»:

Օրեր առաջ Անին եւ Ստեփանը տոնել են ամուսնության 6-ամյակը.«Պարտադիր միասին նշում ենք: Մեր սիրելի վայրը գնացինք, զրուցեցինք: Թեեւ չէինք հասցրել միմյանց համար նվերներ պատրաստել, բայց կարողացանք շփվել, խոսել եւ քննարկել առաջիկա ծրագրերը, քանի որ Ստեփանը ուշ է տուն գալիս, եւ առօրյայում չենք հասցնում դա անել»:

Ստեփան Ղամբարյանը եւ Անի Ամիրյանն՝ իրենց դստեր հետ


Անդրադառնալով ընտանեկան երջանկության բանաձեւին՝ Անին ասել է.«Եթե հանդուրժող ես, ներողամիտ, եւ ամենակարեւորը՝ կա սեր, ապա ցանկացած խնդիր լուծելի է դառնում: Պետք չէ ամեն փոքրիկ բանից երես թեքել, ընդամենը պետք է լուծում տալ դրան, այլապես եթե ուզենք, ես էլ, Ստեփանն էլ կարող ենք խնդիրներ ստեղծել»:

Անիի խոսքով՝ դուստրը բարի եւ ակտիվ է.«Մանկապարտեզում շատ մտերիմ ընկերուհի ունի՝ Անուշկան. այդ տարիքի երեխաների շրջանում այդպիսի ընկերություն չեմ տեսել: Հիմնականում Ստեփանն է նրան պարտեզ տանում, բայց Մարտան շատ է կարոտում հայրիկին: Նրանք սիրում են միմյանց հետ գժություններ անել, երգել, պարել, ներկայացում խաղալ: Հանդեսների ժամանակ, եթե մյուս երեխաները նեղվում են, Մարտան մեզ տեսնելուն պես փորձում է իրեն ցույց տալ, սիրում է ուշադրության կենտրոնում լինել: Աղջիկս ինձ հետ էլ շատ կապված է, մենք արդեն ընկերուհիներ ենք, հուսամ՝ այդպես էլ կշարունակվի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Ամիրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին