×


Ամուսնություն` հաշվարկով

Ընկերուհիս մի տատիկ ուներ: Տատիկ մի ասա, մի հրաշք ասա՝ խնամված, արտակարգ գեղեցիկ դիմագծերով, անկրկնելի ֆիլմային ճաշակով ու կերպարով: 18 տարեկանում, երբ ընկերուհուս տուն էի այցելում, տատիկին տեսնում էի գիրք կարդալիս, բազկաթոռին նստած, ծխախոտի գլանակը ձեռքին, ձեռքն ամբողջովին կորած արծաթյա մատանիների մեջ: Միշտ ուզում էի հարցնել. «Ներեցեք, Դուք ո՞ր ֆիլմից եք ժամանել»: Մի խոսքով, մի անգամ նա մի միտք արտահայտեց, որն այն ժամանակ վայրի ու ոչ ռոմանտիկ թվաց ինձ, բայց հիմա հասկանում եմ, որ հատկապես աղջիկների համար այն անգին է: Փորձեմ ձեւակերպել:

Ազատ եք ընտրելու կամայական տղամարդու՝ ընկերության, պարզապես ժամանցի, սեքսուալ հարաբերությունների, համակեցության, ճամփորդելու ու էլ ինչի համար ասես, բայց եթե հասնում եք ամուսնության, ինչը նաեւ երեխա է ենթադրում, վերջ, վերջանում է ձեր ազատությունը: Սկսվում է պատասխանատվությունը ոչ միայն ձեր անձի, այլեւ ամուսնական ինստիտուտի, ընտանեկան կենցաղի ու հատկապես ապագա երեխայի առաջ: Ամեն տղամարդ չէ, որ պիտանի է ամուսին ու հայր դառնալու համար:

Առաջին հայացքից տատիկը ֆեմինիստական երանգներով մեծախոս է թվում, բայց իրականությունն ավելի քան պարզ է: Հաշվարկով ամուսնություն: Թվեմ, թե ինչ եմ պատկերացնում այդ բառակապակցության տակ, եզրակացություններն արեք ինքներդ:

Հաշվարկով ամուսնության պոչից որպես կանոն կպցնում են փողը, ֆինանսը, նյութը: Բայց մինչ այդ այնքան բան կա «հաշվելու», որ խոր շունչը չէր խանգարի: Արդյո՞ք հաշվելը վատ բան է: Իսկ հաշվի առնե՞լը:

ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՇՎԱՐԿ: Այո, սա առաջինն եմ համարում: Այլ շատ պարամետրերի հետ կարելի է համակերպվել, բայց սեքսը միասնական կյանքի ու պնդաշաղախ ամուսնության հիմքերից է. այն «պատահելու» է անընդհատ ու տարիներ շարունակ: Իսկ եթե ձեր չափերն այնքան անհամապատասխան են, որ դու կամ ոչինչ չես զգում, կամ այնքան ցավագին ու տհաճ ես զգում, որ չգիտես քեզ ուր կորցնես: Իսկ եթե քեզ «պետք է» ամեն օր, իսկ նրան` շաբաթ մեկ, կամ հակառա՞կը:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ: Սիրահարվածությունը, այդ մարդուց ստացած էյֆորիան, եւ նույնիսկ նրան պաշտելն ու աստվածացնելն անցնելու են շատ ավելի արագ, քան կարող եք պատկերացնել: Սկսվելու են ամենօրյա շփումը, զրույցները, փոխադարձ խնամքն ու պարտքի զգացումը, վիճաբանելն ու հաշտվելը, ժամանցը, առօրյայի կազմակերպումը: Եթե դուք մտերիմ ընկերներ չեք, այս ամենը բարդ է լինելու: Ամենամոտ ընկերոջդ հետ միշտ էլ լեզու կգտնես, իսկ ամուսնու հետ, ով բացառապես տղամարդ է քեզ համար` կամ ենթարկել, կամ ենթարկվել: Ընկերներն ընկեր են, որովհետեւ անելիքների մեծ մասը հաճույքով են միասին անում, իսկ ամուսնությունն անելիքների անվերջանալի շղթա է:

ՀՈԳԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ:
Խոսքը վերաբերում է հոգեբանական դիմանկարին: Ինտրովերտ, էքստրավերտ, առաջնային ընտանիքից շալակած մեխեր ու դրանց վրա կառուցված հոգեկան պատկեր, բարդույթների համատեղելիություն: Խանդի տեսարաններ կամ դրանց  բացակայություն: Քեզ համար խանդի առիթ է սոցցանցում լայքը, իսկ նրա համար խանդը սկսվում է հակառակ սեռի ընկերոջ հետ ակումբում պարելուց. այդ դեպքում հիստերիկ սկանդալներն անխուսափելի են: Բա ծնողների ու բարեկամների նկատմամբ վերաբերմունքը… Ըստ քեզ` պարտադիր է «ներկա» ստանալ բարեկամական գերհետաքրքիր հանդիսություններին, իսկ նա չի պատրաստվում ծանոթանալ նույնիսկ քեռուդ հետ: Ինչպե՞ս չհաշվել ու չվերահաշվարկել այս ամենը:

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ: Ու չասեք, որ կարեւոր չէ: Մամաներ կան, որ 20 տարի շարունակ չեն կարողանում սովորեցնել իրենց տղային զուգարանակոնքից ճիշտ օգտվելու արվեստը: Եթե վստահ եք, որ դա 1-2 տարում կստացվի ձեզ մոտ, ուրեմն ուսուցողական սեմինարներ կազմակերպեք ու գումար աշխատեք: Իսկ համոզվա՞ծ եք, որ մաքրության սահմանումը երկուսիդ մոտ համընկնում է: Միգուցե դուք հագուստը պահարան եք տեղափոխում, երբ աթոռի հենակին էլ տեղ-դադար չկա, իսկ նա նյարդայնանում է նույնիսկ ծուռ սրբիչների պատճառով: Ու վերջում ընդհարումների ամենամեծ տիրույթը՝ ձերդ մեծություն փողը: Հաշվեք, հաշվարկեք, հաշվի առեք ու հաշվի նստեք, թե ինչ պատկերացում ունեք փողի մասին. եթե մեկդ տնաքանդություն եք համարում 200 դրամից ավելի թեյավճար թողնելն, իսկ մյուսդ ունեք այսօր 5.450 դրամ, ծախսում եք 5.450 դրամն այսօր ու սոված մնում վաղը, ապա մարզեք ձեր նյարդերը: 

ԵՐԵԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ:
Եթե միությունը երեխա է ենթադրում, ինչպես տատիկն էր ասում, ապա արժե հասկանալ՝ երեխայի լացը նրան ձանձրացնում ու նյարդայնացնում է, թե խղճահարություն է առաջացնում: Սրանից պետք է համապատասխան հետեւություններ անել:

Ի՞նչ անել այս ողջ փաթեթի հետ, չորսհարկանի կալկուլյացիայի, որը գրողի ծոցն է ուղարկում սիրո ողջ սեթեւեթանքը, կհարցնեն ռոմանտիզմի ջատագովները: Իսկ մենք խոսում ենք ոչ թե սիրո, այլ ամուսնության մասին, իսկ սերը երկարակյաց ամուսնության համար, մեղմ ասած, բավարար չէ: Այս տեսանկյունից ես բաժանում եմ աղջիկներին 2 խմբի` ծույլ եւ ժրաջան:

ԾՈՒՅԼԸ  նախընտրում է մի քանի ամիս իր կյանքից տրամադրել տվյալ մարդու հետ ապրելուն նախքան ամուսնանալը, տրորվել նրա հոգեկանին, հասկանալ՝ ամեն օրվանից հաճույք է ստանալու, թե ամեն առավոտ մտածելու է՝ ինչպես ճիշտ դիմանալ կողակցին: Նա նախընտրում է ապրել այդ մարդու հետ ու մանրակրկիտ հաշվարկներ անել, հետո ամուսնանալ, որը նվազեցնում է ամուսնալուծվելու հավանականությունը:

ԺՐԱՋԱՆՆ այդ մի քանի ամիսը չի ծախսում (բա բարեկամներն ու հարեւաններն ինչ կասեն, բա ծնողները կբարկանան, 27 տարեկանում), ըստ այդմ՝ մոտավոր հոտառությամբ ամուսնանում ու կյանքի կեսն է ծախսում հաշվարկների ու ադապտացիայի վրա: Ամեն օր մի նոր բացահայտում. նա գրողի տարած զուգարանակոնքից օգտվելու արվեստին չի տիրապետում, նա մոտակա 10 տարին երեխա չի ուզում, նա ժլատ է, նա 11 սմ-ոց հպարտության է տիրապետում եւ այլն: Բայց աղջիկը ժրաջան է, նա հերոսաբար դիմանում է այս ամենին:

Մնում է ընտրել՝ որն է ավելի հեշտ. լինել ծույլ, թե ժրաջան: Հայաստանում առաջին հորիզոնականում դեռ ժրաջանությունն է:

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին