×


Այվազովսկու երեւանյան ցուցահանդեսը՝ կարեւորագույնը 2017-ին

Հայաստանի ազգային պատկերասրահը պատրաստվում է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդեսի, որի բացումը նախատեսված է մայիսին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը՝ նշելով, որ այն կդառնա տարվա կարեւորագույն միջոցառումներից:  

Արմինե Գաբրիելյանը եւ Արման Ծատուրյանը


Գարնանը պատկերասրահը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ Սարյանի կտավների ցուցահանդես կիրականացնի Նովոսիբիրսկում: Առաջիկայում ռուսական նորակառույց թանգարաններից մեկում էլ նախատեսվում է կազմակերպել «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագիրը կրող ցուցահանդես, որի շրջանակում կցուցադրվի շուրջ 50 աշխատանք:

Արմինե Գաբրիելյանը եւ Արման Ծատուրյանը


Ամփոփելով 2016 թվականի գործունեությունը՝ տնօրենը հայտնել է, որ պատկերասրահում եւ 12 մասնաճյուղերում, ընդհանուր առմամբ, կազմակերպվել է 61 ցուցադրություն, գիտքարտուղար Արմինե Գաբրիելյանն էլ առանձնացրել է «Բաժբեուկ Մելիքյաններ. Երկու սերունդ», «Բենիկ Պետրոսյան. Բրոնզե դար», «Զորավար Անդրանիկ. 150-ամյակ», «Իրանական արվեստ», «Բորիս Կլեմենտեւ. Բարեկամության կամուրջ» եւ «Միրո Պերսոլյա. «Արտացոլանքից անդին» ցուցադրությունները: Արման Ծատուրյանի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում մայր պատկերասրահում հյուրընկալել են շուրջ 55 800 այցելուի:

Արմինե Գաբրիելյանը եւ Արման Ծատուրյանը


Արտերկրում կազմակերպված ցուցահանդեսներից կարեւորագույնը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում օգոստոսին կայացած՝ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Ճանապարհորդություն դեպի ծով» ցուցադրությունն է, որին Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացրել էր անվանի նկարչի 12 աշխատանք: Ցուցահանդեսի մասին կարող եք կարդալ այստեղ:

Արման Ծատուրյանն անդրադարձել է նաեւ խնդիրներին՝ մասնավորապես նշելով, որ թեեւ պատկերասրահի շենքը ջեռուցվում է, միեւնույն է, տարածքում ցուրտ է, ինչը մեծ վնաս է հասցնում ներկայացված արվեստանմուշներին եւ պահեստներում պահվող աշխատանքներին:

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝  Ֆոտոլուրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին