×


Անաիսի, Լեւսի, Մոսոյի եւ Սոնայի «փորձությունների» 10 տարին:)

Անաիս Սարդարյանը, Լեւս Դավթյանը, Մոսո Կարապետյանը եւ Սոնա Մաթեւոսյանն ուղիղ տասը տարի առաջ սեպտեմբերի 1-ին հայտնվեցին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական նույն կուրսում, մտերմացան ու մինչ օրս պահպանում են իրենց ընկերությունը: BRAVO.am-ը նրանց լուսանկարել է հարազատ բուհում եւ հետաքրքիր զրույց ունեցել:

Անաիսը, Լեւսը, Սոնան եւ Մոսոն այցելել են ԵԹԿՊԻ


Անաիս Սարդարյան.«Առաջին օրը նստեցի Լեւսի կողքն, ու պետք է տեսնեիք մյուսների հայացքները»


Սեպտեմբերի մեկին լսարան մտա մի փոքր ուշացած, քանի որ մեր Աբովյանի երթուղայինն էր ուշացել:): Ուսանողներն իրար անծանոթ էին, նստելու տեղ էլ չկար, ես էլ գնացի ու նստեցի Լեւսի կողքը, քանի որ նրան ճանաչում էի զրո կուրսից, եւ պետք է տեսնեիք մյուսների հայացքները..:): Առաջին օրվանից բոլորին էլ հիշում եմ, երեւի Աստծո կամքն էր, որ մենք չորսով դառնանք մտերիմ ընկերներ: Գրեթե ամեն օր, եթե քաղաքում ենք, հանդիպում ենք: Երբ նկարահանման եմ լինում Լեւսենց շենքի հարեւանությամբ, այցելում եմ իրեն, միասին հաց ենք ուտում, մեզ միանում են նաեւ Սոնան ու Մոսոն:

Մոսոն բարության գագաթնակետն է. այնքան մեծ սիրտ ունի, որ այնտեղ աշխարհի բոլոր լավ ու վատ մարդիկ կտեղավորվեն:
Լեւսը պարտաճանաչության գագաթնակետն է. նրա հետ կարող ես պայմանավորվել ամենալուրջ բաները: Կյանքում բարդ պահեր են լինում, որոնց ժամանակ Լեւսը չի սպասում, որ իրեն դիմես: Նա պատրաստ է բոլորիս կողքին լինել եւ նույնն էլ մեզնից է ստանում:

Անաիս Սարդարյանը եւ Լեւս Դավթյանը


Սոնան մեր արեւի շողն է: Նրան մատ ես ցույց տալիս, ծիծաղում է, երկու մատից ուշաթափվում է, իսկ երեք մատից հետո, եթե ցույց է տալիս Լեւսը, Սոնան չկա: Մեր «սմայլիկն» է: Ինքն ավելի փակ է, քան մենք. կարող է շատ սիրի, անգամ իր ընտանիքի անդամներին, բայց ցույց չտա:

Մոսո Կարապետյան. «Չորսով մինչեւ վերջ ճանաչում ենք միմյանց»

Այսօրվա պես հիշում եմ ուսանողական սեպտեմբերի մեկս: Բոլորին էլ հիշում եմ, բայց աղոտ: Լեւսին եմ լավ հիշում, որովհետեւ առաջինը նրա հետ վիճեցինք. բզում-բշտում էինք իրար, ինչից հետո մտերմացանք: Չորսով այժմ մինչեւ վերջ ճանաչում ենք միմյանց ու շատ ենք սիրում:

Սոնան ամենակոնֆլիկտայինն է, որովհետեւ մի քիչ ծանր բնավորություն ունի, թեեւ դա մեզ վրա չի անդրադառնում, կամ էլ 5-10 րոպե է տեւում, որովհետեւ կռված երկար չենք կարողանում մնալ:

Անաիսը, Լեւսը, Սոնան եւ Մոսոն


Անաիսը կազմակերպչական ջիղ ունի. ձեռնարկող է, բնավորությամբ «ճտպտ» է:

Լեւսն ամեն օր տարբեր է, ուրիշ: Մեր ընկերն է` լավ ու հասնող:

Սոնա Մաթեւոսյան. «Լավ իմաստով տարօրինակ ընկերություն է …»

Սեպտեմբերի մեկին հուզված էի, քանի որ դեռ չգիտեի` ում արվեստանոցում պետք է սովորեմ: Հիշում եմ` բոլորով հավաքվել էին ինստիտուտի մուտքի մոտ, որպեսզի միասին մուտք գործեինք մի վայր, որը մեզ համար 4 տարի շարունակ դարձավ երկրորդ տուն: Անաիսին ու Լեւսին հիշում եմ դեռ ընդունելության քննություններից, երկուսն էլ բավական ակտիվ էին, շփվում էին բոլորի հետ: Երբ լսարան մտա, առաջինն աչքի ընկավ Լեւսն` իր կարմիր վերնաշապիկով: Զրո կուրսի երեխաներն արդեն ընկերներ էին ու միմյանց կողք էին նստել, իսկ նորեկներն, այդ թվում` նաեւ ես, մյուս կողմում էինք: Անաիսն այդ օրն ուշացած եկավ` ոտքից գլուխ սպիտակ հագած: Երբ լսարան մտավ, միանգամից հիշեցի նրան ու մտածեցի` վայ, էն արագ խոսող աղջիկն էլ է իմ կուրսից… Թող ների ինձ Մոսոն, բայց առաջին օրը նրան չեմ հիշում. երեւի ինձ պես անկյունում սուս-փուս նստած է եղել:

Անաիս Սարդարյանը եւ Սոնա Մաթեւոսյանը


Սկզբում մտերմացել եմ Լեւսի հետ, քանի որ դերասանի վարպետության նույն խմբում էինք: Նրա հումորի համար մեկ երկրպագուն եմ: Մոսոյի եւ Անաիսի հետ երկրորդ կուրսում ենք մտերմացել: Դարձանք անբաժան. լսարանում միասին էինք նստում, դասերից հետո պարտադիր հավաքվում էինք մեկի տանը, մինչեւ երեկո միասին ժամանակ անցկացնում, եւ այդպես ամեն օր: Տասը տարվա ընթացքում մեր ընկերությունը շատ խոչընդոտների միջով է անցել: Լավ իմաստով տարօրինակ ընկերություն է. առաջին դասարանցիների նման իրարից նեղանում ենք եւ բարիշում: Բոլորին էլ շատ եմ սիրում եւ չեմ պատկերացնում կյանքս առանց նրանց:

Մոսոն մեզնից ամենաբարին է: Հազվադեպ կտեսնենք նրան զայրացած, բայց եթե զայրանում է, թող ու փախչիր: Շատ բարի սիրտ ունի. մեր հաշտության աղավնին է, թիկնեղ աղավնին: Յուրաքանչյուր միջավայրում այնպիսին է, ինչպիսին կա:

Լեւսը ավելի բարդ բնավորություն ունի, հաճախ ենք վիճում: Լուրջ պատճառ պետք չէ դրա համար, չնչին հիմարությունն էլ բավական է: Ինչպես ասացի, ունի յուրօրինակ հումոր, որը ոչ բոլորը կհասկանան:

Անաիսին կարելի է շնորհել լավագույն ընկեր մրցանակը: Մեր ամենահասնող ընկերն է: Գիտեմ, որ ամեն ինչի պատրաստ է մեզ համար: Շատ պարտաճանաչ է ու ակտիվ: Էներգիայի պակաս երբեք չի ունենում եւ վարակում է բոլորիս:

Մոսո Կարապետյանը, Անաիս Սարդարյանը, Սոնա Մաթեւոսյանը եւ Լեւս Դավթյանը


Լեւս Դավթյան.«Մոսոյի հետ երկրորդ օրը կոնֆլիկտ ունեցա»

Սեպտեմբերի մեկն իմ ամենասիրելի տոներից է դեռ դպրոցական տարիներից: Առավոտյան վեցին արթնանում, նոր հագուստս հագնում ու սպասում էի, որ դպրոց գնամ, ու սկսվի նոր կյանքը: Նույնիսկ մի տեսակ հոտ եմ հիշում այդ օրվանից` նորության, թարմության: Իսկ ուսանողական սեպտեմբերի մեկն այլ աշխարհ էր` բուհ, արվեստ, նոր երազանքներ: Իմ կյանքի ամենալավ տարիներն էին… Անաիսին ճանաչում էի զրո կուրսից: Սոնայի հետ նույն օրը ծանոթացանք դռների մոտ, իսկ Մոսոյի հետ երկրորդ օրը կոնֆլիկտ ունեցա, քանի որ լսարանում իմ տեղն էր նստել: Լեզվակռիվ տվեցինք, հարթվեց իրավիճակը, բայց նրան չհավանեցի… Ինչ իմանայի, որ ամենահարազատ ու հավատարիմ ընկերս է դառնալու: Առանց նրանց ինձ չեմ պատկերացնում, երբ կողքս չեն լինում, մի քանի օր շունչս կտրվում է: Աստված օրհնի մեր ընկերությունը: Կուզեմ, որ տարիներ հետո ասածներս կրկնապատկվեն լավ հիշողություններով: Հիմա այս երեքի մասին եմ խոսում, բայց էլի մարդիկ կան, որոնք որպես կուրսընկեր ու ընկեր թանկ են:

Անաիսը ավելի հեշտ է հարմարվում շրջապատին, կենսուրախ է ու ջիգյարով: Վերջերս պայմանավորվել ենք, որ ինչ էլ լինի, չկռվենք:):

Մոսո Կարապետյանը, Անաիս Սարդարյանը, Սոնա Մաթեւոսյանը եւ Լեւս Դավթյանը


Սոնան քիչ ցույց կտա, բայց ամենազգայունն է: Սոնայի հետ շատ ենք ծիծաղում, ինքն իմ հումորներն է շատ սիրում, ես էլ` իր: Երբ միասին ջրիկանում ենք, նույնիսկ ամենամտերիմների նյարդերի վրա ենք ազդում:

Մոսոն ամենահումորով, ամենաանմիջական, ամենաՄոսոն է: Իրար հետ հազար փորձանքի միջով ենք անցել, իմ հավատարիմ, բարի ու տաղանդավոր ընկերն է: Մենք ունենում ենք օրեր, որ բաժակը խփում ու ասում ենք` մենակ ես ու դու գիտենք, ընկեր:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/
Նկարահանումն իրականացրել ենք ԵԹԿՊԻ-ում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին