×


Անահիտ Կիրակոսյան. «Ամուսինս շատ գոհ էր ինձնից…:)»

Անահիտ Կիրակոսյանը կրկին վազքի մեջ է` առավոտյան հեռուստածրագիր, նկարահանումներ եւ ներկայացումներ: BRAVO.am-ն օրերս զրուցել է դերասանուհու հետ` պարզելու, թե հասցրել է վայելել ամառային հանգիստը, եւ ինչպես է համատեղում աշխատանքն ու ընտանեկան կյանքը:

Անահիտ Կիրակոսյանը


Նա դպրոց է ճանապարհել աղջիկներին` 8-րդ դասարանցի Լաուրային եւ 7-րդ դասարանցի Աննային, իսկ երկուսուկես տարեկան Հայկը սկսել է հաճախել մանկապարտեզ. «Մտահոգվում էի` կհարմարվի տղաս, թե ոչ… Բացատրել էի նրան, որ պետք է այնտեղ մնա, ուտի, քնի: Առաջին օրը դաստիարակին հարցրել էր` «Մամաս ո՞ւր է», պատասխանել էին` աշխատանքի եմ, ինքն էլ խնդրել էր իրեն քնեցնել` ասելով` «շուռ արի». դա Հայկի քնելու ձեւն է:): Իսկ երեկոյան հայրիկին խնդրեց իրեն թողնել կրկին մանկապարտեզ գնալ. տղայիս թվացել է` ժամանցի վայր է, որտեղ ամեն օր չի կարող գնալ»:

Անահիտ Կիրակոսյանը` երեխաների հետ


Անահիտն ամառային արձակուրդն անցկացրել է տանը.««Խոպանի տեսությունը» դադար չունեցավ. պարբերաբար նոր սերիաներ էինք պատրաստում հեռուստադիտողի համար: Նկարահանումներից հետո ազատ ժամանակս ընտանիքիս հետ եմ անցկացրել. միասին զբոսնել ենք, կենդանաբանական այգի գնացել. ամեն ինչ արել ենք, որ օրերը հետաքրքիր անցնեն: Նրանց հետ ժամանակ անցկացնելը ճոխություն էր ինձ համար: Այդ շրջանում հաճախ էի խոհանոցում լինում, նոր ուտեստներ պատրաստում, ինչն ամուսինս շատ է սիրում: Իսկ երբ ժամանակի առումով չեմ հասցնում պատրաստել, նա ինձ հասկանում է. ամենակատարյալ ամուսինն ունեմ: Աշխատանքային ամենադժվարին պահերին նա կողքիս է, ասում է, եթե ես միջակ մասնագետ լինեի, կասեր` տանը մնամ, բայց քանի որ այդպես չէ, ցանկանում է նորանոր հաջողություններ գրանցեմ: Նա ինձ շատ է օգնում, եթե ընթրիք եմ պատրաստում, երեխաների հետ է լինում եւ այլն»:

Անահիտ Կիրակոսյանի որդին` մանկապարտեզում


Այնուամենայնիվ, նա ամուսնու հետ չորսօրյա հանգիստ է վայելել Ալավերդիում. «Մեկնել էինք առանց երեխաների. դա մեր մեծ աղջկա միտքն էր, նույնիսկ ասաց` այդ իրենք են հանգստանալու:): Լաուրան արդեն բավական մեծ է եւ կարողանում է խնամել եղբորը: Հայկն էլ խելոք է, ինքնուրույն պառկում է քնելու եւ այլն… Թեեւ կարծում եմ` հանգիստն ինչքան էլ լիակատար լինի, միեւնույն է` հայրն էլ, մայրն էլ չեն մոռանում, որ իրենք ծնողներ են»:

Ամուսիններն այցելել են Սանահին, Հաղպատ, նստել Ալավերդու ճոպանուղին. «Այնտեղի ժողովուրդը մեզ շատ լավ ընդունեց. սուրճ էին հյուրասիրում, խոսում հարազատ բարբառով, ասում, որ ցանկալի հյուրեր ենք: Նույնիսկ դամբուլի օղի են հյուրասիրել, հոն, մոշ: Ամուսինս էլ շատ գոհ էր:): Կերպարիս մասին եւս դրական արձագանքներ լսեցի»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Անահիտի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW