×


Անահիտ Կիրակոսյան.“Շատ ենք ուզում չորրորդ երեխան ունենալ”

Անահիտ Կիրակոսյանը վերջերս նկարահանվել է իրանական արտադրության երկու ֆիլմում: Դերասանուհին “Աղվես” գեղարվեստական ֆիլմում եւ 15 սերիայից բաղկացած ֆիլմաշարում մարմնավորում է հրեա կնոջ: BRAVO.am-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ առաջարկը ստացել է իրանահայից, որը, թատրոնում դիտելով իր մասնակցությամբ “Անուշ” ներկայացումը, առաջարկել է մասնակցել քասթինգին:

Անահիտ Կիրակոսյանն` ամուսնու հետ


“Մի ֆիլմում խոսել եմ միայն անգլերեն, մյուսում` բացի անգլերենից նաեւ ռուսերեն ու մի քիչ պարսկերեն: Հատուկ այս դերերիս համար կատարելագործում էի անգլերենիս իմացությունը, սովորել էի տեքստը: Փորձնական նկարահանում արեցին, այնուհետեւ հաստատեցին մասնակցությունս: Խաղում եմ պատմություններից մեկի գլխավոր կերպարում”,-ասել է դերասանուհին` հավելելով, որ նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում:

Անահիտի փոխանցմամբ` բազմասերիանոց ֆիլմում նկարահանվել են նաեւ դերասաններ Կարինե Ջանջուղազյանը, Սուրեն Առուստամյանը, Սոնա Մաթեւոսյանը եւ ուրիշներ.“Նկարահանումները երկար էին տեւում, նույնիսկ մինչեւ լուսաբաց: Չեմ ուզում վիրավորել հայ ֆիլմարտադրողներին, բայց իրանցիների աշխատելաոճն իրոք տարբեր է. նրանք շատ մանրակրկիտ էին պատրաստվում: Ամեն դետալի ու կադրի համար երկար աշխատում էին, տեսա պրոֆեսիոնալ մոտեցում:”

Անահիտ Կիրակոսյանը` երեխաների հետ


Երեւանի երաժշտական կամերային թատրոնի դերասանուհին շարունակում է համատեղել թատրոնն ու հեռուստատեսային աշխատանքը “Շանթ”-ում եւ սպասում է նոր առաջարկների.“Նոր թատերաշրջանը դեռ չի սկսվել, գեղարվեստական ղեկավարը որոշել է ավելի շատ բեմադրել երաժշտական ներկայացումներ, ես էլ մյուս դերասանների նման սպասում եմ դերաբաշխմանը”:

Անահիտը տարին սկսել է ընտանեկան արձակուրդով Վրաստանում.“Երկու շաբաթ լիակատար հանգստացանք` երեխաների հետ սահնակ քշելով ու աշխատանքի մասին մոռանալով: Այս օրերին երեխաների հետ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, կարողանում եմ ճաշ պատրաստել ու հետեւել նրանց առօրյային: Ես ու ամուսինս շատ ենք ուզում, որ ընտանիքում նաեւ չորրորդ երեխան լինի, բայց մեր ներկայիս տունն արդեն փոքր է մեզ համար: Ամուսինս նոր տուն է կառուցում, որ տեղափոխվենք, հետո նաեւ կմտածեմ կրկին մայրանալու մասին”:

BRAVO.am
Լուսանկարները` Անահիտ Կիրակոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին