×


Անդրեյ Դավիդյան.“Գալիս եմ Երեւան` հայ հանդիսատեսի հետ հույզերովս կիսվելու”

Երաժիշտ Անդրեյ Դավիդյանը, ով հանրությանն առավել հայտնի է “Ռուսաստանի ձայնը 2” նախագծից, սեպտեմբերի 27-ին ելույթ կունենա երեւանյան “Yans” ակումբում, իսկ 28-ին հանդիսատեսին կողջունի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից: Հայաստանյան ելույթներից առաջ երգիչը բացառիկ հարցազրույց է ունեցել BRAVO.am-ի հետ:

Անդրեյ Դավիդյանը


- Ձեր հայրը ԽՍՀՄ վաստակավոր արտիստ, տենոր Սերգեյ Դավիդյանն է, մայրը` դաշնակահարուհի: Կարծում եք` երաժիշտ դառնալը ճակատագի՞ր էր, թե, այնուամենայնիվ, այլընտրանք ունեիք:

-Այլընտրանք ունեի, որովհետեւ ավարտել եմ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, ուսումնասիրել եմ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների մշակույթը, սովորել արաբերեն, բայց վերակառուցման տարիներին, երբ համալսարանն էի ավարտում, հանգամանքների բերումով երաժշտությունը դարձավ առաջնային: Կյանքիս ողջ ընթացքում երաժշտությունն ուղեկցել է ինձ: Ռոք, ջազ, ֆանք, սոուլ … սա դարձավ իմ աշխարհը: Հրավեր ստացա որպես վոկալիստ հանդես գալ Ուտյոսովի նվագախմբում, եւ կյանքս արդեն այլ ընթացք ստացավ:

-Ի դեպ, երաժիշտ լինելը մասնագիտությո՞ւն է, թե՞ կոչում:

-Հավանաբար, կոչում է, որը հետո մասնագիտություն է դառնում: Գիտեք, իսկական երջանկություն է, երբ մարդուն հաջողվում է սիրած գործով զբաղվել ու դրա միջոցով նաեւ մի կտոր հացի գումար վաստակել:

Անդրեյ Դավիդյանը


-Ո՞ր իրադարձություններն են իրենց ազդեցությունն ունեցել Ձեր կայացման հարցում:

-Կյանքս ընթացել է Մոսկվայի “Աէրոպորտ” մետրոյի կայարանի հարակից տարածքում, որտեղ ապրում էին բազմաթիվ գրողներ, երաժիշտներ, նկարիչներ…  Նրանց հետ շփումը մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Բացի այդ, ծնողներիս շնորհիվ եմ դարձել այն մշակույթի կրողը, որի մասին այսօր խոսում ու տարածում եմ:

-Դուք մոսկովյան ռոք-շարժման մասնակիցներից եք, Ձեզ համարում են ռուսական ռոքի հիմնադիրներից: Կա՞ր զգացում, թե արգելված բանով եք զբաղվում:

-Ռուսական ռոք-շարժումը սկսվեց 60-ական թվականների վերջին: “Սկոմորոխի” խումբը, Յուրի Իվանովը, Ալեքսանդր Գրադսկին եւ այլ երաժիշտներ հենց այդ ժամանակ սկսեցին իրենց ստեղծագործական գործունեությունն ու այսօր արդեն յուրահատուկ դեր եւ պատմություն ունեն: Երիտասարդ էինք, ռոք էինք լսում… Այն երջանիկներից եմ, ում հաջողվել է հիմնադրել առաջին ռոք-բենդը դեռ դպրոցի պատերի ներքո: Մենք նվագում էինք իսկական ռոքնռոլ, լսում էինք “Deep Purple”, “Led Zeppelin”, “Grand Funk Railroad”։ Ի դեպ, վերջերս ինձ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ Մարք Ֆարների հետ: 70-ականներին ռոքն արգելված զբաղմունքի էր նման, բայց հենց դա էլ հմայք էր հաղորդում մեր կյանքին, հաճույք էինք ստանում նրանից, ինչ անում ենք:

-Իսկ հիշո՞ւմ եք այն պահը, երբ գիտակցեցիք` ուզում եք լինել ռոքեր եւ ոչ թե դասական երաժիշտ:

-Շատ բարդ է պատասխանել: Ծնողներս դասական երաժիշտներ են եւ, բնականաբար, մեծացել եմ` դասական երաժշտություն լսելով: Կարծում էի` ինձ բախտ կվիճակվի դառնալ դասական երաժիշտ, բայց այդպես չեղավ, որովհետեւ չէի հասցնում շատ ժամանակ տրամադրել դասական երաժշտությանը. սպորտով էի զբաղվում, քանդակագործությամբ…

-“Замыкая круг” երգի հաջողությունից հետո Դուք դադարեցրիք հրապարակային ակտիվ գործունեությունը` մնալով հայտնի իսկական մելոմանների նեղ շրջանում:

- Դե, այո, կարծում եմ` արժանի ստեղծագործություն էր, որովհետեւ համախմբել էր տաղանդավոր մարդկանց, որոնց շատ եմ հարգում: Հետո ինչ-որ բան պատահեց իմ եւ ընկերներիս հետ, կարծես կոտրվեցինք, բայց հավատարիմ մնացինք այն երաժշտությանը, որ սրտից է բխում: Ջազ-ռոքը, ֆանքը արդեն արմատացել էին իմ հոգում, կարիերայի մասին չէի մտածում, պարզապես շարունակում էի անել այն, ինչ սիրում եմ:

Անդրեյ Դավիդյանը


-Երաժիշտ-ընկերներից խոսեցիք, իսկ ռոքերները հազվադեպ են միմյանց անունով կոչում: Դուք մականուն ունե՞ք:):

-Ընկերներս ինձ Դեյվիդ կամ Դեյվ են կոչում, որովհետեւ Դավիդյան եմ:):

-Չեմ կարող չհարցնել “Ռուսաստանի ձայնը” նախագծի մասին: Մարզիչները, մասնավորապես` Ալեքսանդր Գրադսկին եւ Լեոնիդ Ագուտինը, հայտնեցին, որ երջանիկ են կայացած երաժշտի տեսնել մասնակիցների թվում:

-Որոշումս ինքնաբուխ էր: Մեր խմբի համերգին ներկա էր նախագծի կազմակերպիչներից մեկը, ով խորհուրդ տվեց մասնակցել, ես էլ համաձայնեցի, բայց մոռացա: Իսկ հիշեցի միայն այն ժամանակ, երբ ընթանում էր ընտրական փուլը: Նախագծի շնորհիվ ձեռք բերեցի ավելի մեծ լսարան, ավելացավ համերգային շրջագայություններիս թիվը:

-Կարծո՞ւմ եք նախագծից հետո Ձեր լսարանը փոխվեց:

-Հետաքրքիր հարց է: Գիտեք, երբեք չեմ մտածել, որ իմ հնչեցրած ժանրը կարող է պահանջարկ ունենալ: Այն, ինչ ներկայացնում է մեր խումբը, մտքի եւ սրտի համար է, թարմություն, երաժշտական ոճ, որն անարդարացիորեն երկրորդ պլան էր մղվել:

Անդրեյ Դավիդյանը


- Կա՞ ստեղծագործություն, որի հեղինակը կուզեիք հենց Դուք լինել:

- Իհարկե, բայց այն դեռ չի գրվել: Կփորձեմ շուտով գրել:):

-Պատկերացրեք` լույսը նոր է բացվել, միայնակ եք. արթնացել եք դատարկ քաղաքում: Ինչպիսի՞ն կլինեք այդ պահին:

-Նման բան չի կարող լինել: Նախ` ես չեմ կարող արթնանալ այդքան վաղ, բացի այդ, մոտակայքում հաստատ կլինի մեր “Sound Cake” խմբի պահապան հրեշտակ եւ տնօրեն Յուրի Դենիսովը։

-Շուտով տեղի կունենա Ձեր երեւանյան առաջին համերգը: Ի՞նչ սպասելիքներ ունեք եւ ի՞նչ սպասել Ձեզնից այդ օրը:

-Անչափ ուրախ եմ: Շատ եմ անհանգստանում, նյարդայնանում, որովհետեւ չափազանց մեծ պատասխանատվություն է: Երեւանը հրաշալի քաղաք է, որտեղ մի քանի անգամ եղել եմ. բարեկամներս, ընկերներս այդտեղ են: Գալիս եմ պատմական հայրենիքումս հայ հանդիսատեսի հետ հույզերովս կիսվելու եւ արժանապատվորեն ներկայացնելու այն, ինչ կարող եմ: Չգիտեմ` ինչպես կընդունի ինձ հանդիսատեսը, վախենում եմ որեւէ բան ասել: Կապրենք, կտեսնենք: Բոլորիդ առողջություն եւ երջանկություն եմ մաղթում: Շուտով կհանդիպենք:):

Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Անդրեյ Դավիդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին