×


Անդրեյ Դավիդյանի ելույթն Արտակ Ներսիսյանի տարեդարձին :)

Ռուսաստանաբնակ երգիչ-երաժիշտ Անդրեյ Դավիդյանը հուլիսի 23-ին մենահամերգ է ունեցել Երեւանում` ընտրելով շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանի ծննդյան օրը: Համատեղելով համերգն ու տարեդարձի երեկույթը՝ «Կամի» ակումբում ներկաները նշել են Արտակի 35-ամյակը։ Նա շուրջ 4 տարի Անդրեյ Դավիդյանի «Souund Cake» բենդի անդամներից է եւ բազմիցս ելույթ է ունեցել երգչի հետ։

Արտակ Ներսիսյանը եւ Անդրեյ Դավիդյանը


«Ռուսաստանի ձայնը 2» հեռուստանախագծից հայտնի երաժիշտը կատարել է իր հեղինակային նոր երգերը, հայտնի հիթեր իր մեկնաբանությամբ, նաեւ «Երեւան» երգը ռուսերեն տարբերակով։ Այդ երգը Անդրեյի համար խորհրդանշական է, քանի որ «Առաջին սիրո երգը» ֆիլմում այն երգել է իր հայրը՝ ԽՍՀՄ վաստակավոր արտիստ, տենոր Սերգեյ Դավիդյանը։

Հոբելյարի համար երգիչը հյուրերի հետ կատարել է «Ծնունդդ շնորհավոր»-ը. «Ամեն շնորհավորանքի, զանգի ու նվերի համար շնորհակալ եմ։ Ընկերներիցս ոմանք համերգին չկարողացան ներկա լինել, օրվա ընթացքում ենք հանդիպել։ Այնքան տարբեր նվերներ եմ ստացել… Չեմ թաքցնի` շատ հաճելի է նվերներ ստանալը՝ հեծանվից սկսած մինչեւ երաժշտական գործիքներ։ Մտերիմ ընկերներիցս մեկը տեղյակ էր, որ երաժշտական մի սարք եմ փնտրում նոր նախագիծ սկսելու համար, ուրախալի նվեր արեց»,-BRAVO.am-ին հայտնել է Արտակ Ներսիսյանը։

Անդրեյ Դավիդյանը


Համերգի վերջին հատվածում նրա հետ ելույթ են ունեցել երիտասարդ երաժիշտներ  Սոնա Գյուլխասյանը, Աղվան Պապոյանը, Անուշ Հարությունյանը, Վերոնիկա Գրիգորյանը, Արթուր Մնացականյանը եւ ուրիշներ։

Ֆանկ, բլյուզ, ջազ ոճերում երգող երաժիշտը Երեւան էր ժամանել ընդամենը երկու օրով, հասցրել է շրջել մի քանի վայրերով, ինչպես հայտնել է Արտակը, հաջորդ այցի ժամանակ նախատեսում է ջազմեն Լեւոն Մալխասյանի ակումբում լինել։ Ի դեպ, այդ այցը սարերի ետեւում չէ. երգիչը նոր հրավեր ունի եւ շուտով կրկին կերգի Հայաստանում։

Արտակ Ներսիսյանը


Արտակ Ներսիսյանը բացի համերգային ելույթներից, հաճախ նախաձեռնում ու կազմակերպում է համերգներ։ Արտերկրում մասնակցելով միջազգային երաժշտական փառատոնների՝ նա տարբեր արտիստների հրավիրում է Հայաստան. «Շատ եմ սիրում բլյուզ երաժշտությունն ու այդ ժանրը փորձում եմ զարգացնել մեզ մոտ։ Հաճախ ծանոթանում եմ հայտնի դեմքերի հետ, նրանք էլ հետաքրքրվում են՝ որ երկրից եմ, եւ երբ մեծ ցանկություն են ունենում այստեղ ելույթ ունենալ, կազմակերպում եմ նրանց համերգները»:

Շրթհարմոնահարը վերջերս կազմակերպել էր ֆրանսիական «Modjo» խմբի համերգը, սակայն ներկա չի եղել եղել, քանի որ նույն օրը նվագել է Սարդինիայում.«Հսկայական նավի վրա համերգային մեծ հարթակ էին պատրաստել, երգում էին հայտնի ու պրոֆեսիոնալ դեմքեր։ Ցավոք, ուղեբեռս տեղ չէր հասել, որտեղ բոլոր տոնայնության գործիքներս էին։ Ձեռքի պայուսակիս մեջ երկու գործիք ունեի, ստիպված դրանցով փոխեփոխ նվագեցի, ինչը շատ դժվար էր։ Բարեբախտաբար, ճամպրուկս վերջում ինձ հասավ»,-պատմել է երաժիշտը` հավելելով, որ առաջիկայում կմասնակցի միջազգային բլյուզ փառատոնների։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին