×


Աննա Գեւորգյան.«Այս շրջանում ինձ համար ծանր է…»

Հաղորդավարուհի Աննա Գեւորգյանը որպես դերասանուհի իր առաջին քայլերն անելուց կարճ ժամանակ անց հեռացավ ասպարեզից` նշելով, որ հնարավոր է՝ առաջիկայում հեռուստադիտողին ներկայանա բոլորովին այլ նախագծով ու կերպարով: BRAVO.am-ը նրանից հետաքրքրվել է` ինչով է զբաղված այս շրջանում եւ ապագայի ինչ պլաններ ունի:

Աննա Գեւորգյանը


“Նկարահանումների ժամանակ գործնական բազմաթիվ առաջարկներ եղան, որոնք չկարողացա ընդունել նախ պայմանագրի, հետո էլ զբաղվածության պատճառով: Այս պահին հստակ պլաններ դեռ չկան: Չեմ բացառում, իհարկե, հետագայում դարձյալ սերիալներում նկարահանվել: Ինձ շատ դուր եկավ: Ցավոք, փորձի եւ գիտելիքի պակասից այդ գործում, անկեղծ ասած, կաղում եմ: Հուսով եմ՝ հետագայում կլինի առիթ եւ ժամանակ, ցանկություն եւ հնարավորություն ավելի հմտանալու”,-ասել է Աննան եւ հավելել, որ դեռ դպրոցական տարիներին որոշել էր ավարտելուն պես ընդունվել Թատերական ինստիտուտ եւ մինչ օրս զղջում է, որ այլ մասնագիտություն է ընտրել:

Մասնագիտությամբ հագուստի մոդելավորող եւ նկարիչ Աննան այսօր զբաղված է դուստրերի` Լեա Էվայի եւ Հասմիկի խնամքով: Երեխաները մի այլ իրականություն, մի ուրիշ աշխարհ եւ իմաստ են իր համար.“Ծնող դառնալուց հետո այլ աստիճանի վրա ես հայտնվում, որտեղ այլեւս իրավունք չունես ոչ մի վայրկյան թուլանալ, որովհետեւ անմեղ, անպաշտպան մեկի կյանքն ամբողջությամբ քո պատասխանատվության տակ է շաբաթը 7 օր, օրը 24 ժամ: Այդպես մինչեւ կյանքիդ վերջ: Դժվար է շատ, բայց հենց դա է ծնող լինելը: Աղջիկներս դեռ շատ փոքր են, բայց, բարեբախտաբար, հարկ եղած ժամանակ դայակը եւ մայրս ինձ ժամանակավորապես փոխարինում են”:

Աննա Գեւորգյանի ընտանիքը


Գործնական նորությունների մասին խոսելիս հաղորդավարուհին նշել է, որ տարբեր առաջարկներ ունի, սակայն այժմ իր համար մի շրջան է, երբ ամեն մի գործին անպայման մի խանգարող հանգամանք է հայտնվում: Իր խոսքով՝ տեսակով, ցավոք, պայքարող չէ. երբ մի բան առաջին իսկ փորձից չի ստացվում, կորցնում է հետաքրքրությունն ու էլ չի շարունակում.“Այս շրջանում ինձ համար ծանր է չաշխատելը, որովհետեւ ողջ գիտակից կյանքում սովորել եւ աշխատել եմ արվեստի, շոու-բիզնեսի բնագավառում: Ապրելակերպս շատ կտրուկ փոխվել է. ամենօրյա բուռն ու լեցուն աշխատանքային ու ժամանցային առօրյաս փոխարինել եմ տնային տնտեսությամբ: Այն, ինչ ունեմ հիմա, իհարկե, երբեւէ ոչ մի բանի հետ չեմ փոխի, բայց ինձ լիարժեք եւ երջանիկ զգալու համար օդի պես զգում եմ իմ աշխատանքի կարիքը”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝  Chach-ի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին