×


Աննա Խանչալյանի եւ Վիգեն Ահարոնյանի “սիրո ուղին” :)

“Հայաստանի ձայնը” նախագծի 2-րդ եթերաշրջանի հաղթող Աննա Խանչալյանը եւ նույն եթերաշրջանի եզրափակիչ փուլ հասած Վիգեն Ահարոնյանը  նոր զուգերգ են ներկայացրել, որը կոչվում է “Մեր սիրո ուղին”: Երգի հեղինակը Վիգենի երաժիշտ ընկերներից Աղասի Գեւորգյանն է:

Վիգեն Ահարոնյանն ու Աննա Խանչալյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Աննան հայտնել է, որ երգը գրվել է իրենց ընկերների իրական սիրո պատմության հիման վրա.“Վիգենի առաջարկով Վրաստանից եկա Երեւան, արագ ձայնագրվեցինք, բայց դեռ չգիտեի պատմությունը, պարզապես խոսքերը հոգեհարազատ թվացին, եւ երգեցի իմ ապրումներով: Այնուհետեւ տեղեկանալով, որ իրական զույգի մասին է, չեք պատկերացնի` ինչքան ուրախացա: Երգը նվիրված է Դավիթին ու Նարինկային, նաեւ այլ զույգերի, ովքեր դժվար ուղի են անցել իրար հետ լինելու համար: Նախատեսում ենք նաեւ տեսահոլովակ նկարահանել":

18-ամյա Աննան այժմ փոխել է ապրելավայրը. մեծ մասամբ լինում է Երեւանում, քանի որ սովորում է Երեւանի կոնսերվատորիայի ջութակի բաժնում.“Ուսանողական կյանքից ու համալսարանից գոհ եմ: Ժամանակիս մեծ մասը հիմա նվիրում եմ դասերիս: Ուրախ եմ, որ դասախոսներս լավն են, նրանցից շատ բան ունեմ սովորելու: Շատ եմ պարապում. ջութակն այնպիսի գործիք է, որ անընդհատ ուշադրություն է պահանջում”:

Աննա Խանչալյանը


Երիտասարդ երգչուհին նաեւ պատմել է իր նախասիրությունների մասին եւ տրամադրել իր նկարած նկարները.“Երբեմն թղթին փոխանցում եմ իմ ապրումները, մանավանդ, երբ տխուր եմ լինում, խոսելու փոխարեն պատկերում եմ իմ զգացմունքները: Մեծ մասամբ արտահայտում եմ իմ հոգեվիճակն ու պատկերացրած դրվագները, որոնք կուզեի ապագայում ինձ հետ կատարվեն: Որոշ նկարներ այնքան անձնական են, որ գաղտնի եմ պահում:): Ես նաեւ նկարում եմ կտավի վրա, բայց ողջ պարագաներս ու ներկերս Վրաստանում են, իսկ Երեւանում օգնության է գալիս սեւ մատիտը”:

Աննա Խանչալյանի նկարներից


Նա բացել է փակագծերը եւ հայտնել, որ իր ապրումները ոչ միայն նկարում է, այլեւ բանաստեղծություններ գրում ռուսերենով, հայերենով ու վրացերենով.“Դրանք այնքան իմն եմ համարում, որ ոչ մեկի համար չեմ կարդում: Կոնսերվատորիայում ազատ ժամանակ ունենալիս մտքիս եկածը գրում եմ. այդ պահին չեմ կենտրոնանում՝ ինչ լեզվով եմ գրում: Հիմնականում տանն եմ նկարում ու գրում, դասերի ընթացքում չեմ ցրվում, երբեմն էլ Վրաստան գնալ-գալու ճանապարհին եմ ստեղծագործում, բայց քարքարոտ ճանապարհներին չի ստացվում լավ նկարել: Նկարելն ու գրելն իմ հոբբին է, բանաստեղծ ու նկարիչ չեմ եւ ինքս ինձ համար եմ ստեղծագործում”:

Աննա Խանչալյանը նշել է, որ այժմ աշխատում է եւս մեկ երգի վրա, որը կներկայացնի ապրիլին, իսկ մինչ այդ առաջարկում ենք ունկնդրել նոր զուգերգը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` VP Photography-ի եւ Աննա Խանչալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին