×


Աննա Հարությունյան. Ու կյանքը սկսվեց…

Ժամանակակից արվեստի թանգարանում երեկ` փետրվարի 18-ին, բացվել է Աննա Հարությունյանի անհատական ցուցահանդեսը: “Ու կյանքը սկսվեց…” խորագիրը կրող ցուցահանդեսը կազմակերպվել է Նյու Յորքի եւ Դուբայի արվեստի բիենալեների շրջանակում:

Աննա Հարությունյանը


“Այս գործերը վաղուց որոշել էի նվիրել Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Խորագիրը պատահական չէ, որովհետեւ ոչ մի ազգ չի վերանում. որեւէ կերպ վերածնվում է ու շարունակում կյանքը: Մեր մշակույթից շատ եմ օգտվում, գործերիս մեջ օգտագործում եմ հայկական ժայռապատկերները, բազմաթիվ խորհրդանիշներ, որոնք աշխարհի հիմքն են: Հպարտությամբ եմ ասում, որ մեր ազգն առաջիններից մեկն է, եւ թող այլ ազգեր մեր մշակույթից վերցնեն”, - BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նկարչուհին:

Աննա Հարությունյանի աշխատանքներից


Աննան սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետեւ ընդունվել է Գերմանիայի Դյուռեն քաղաքի Նորդ-Ռայն վեստֆալի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի բաժինը։ Նրա աշխատանքները գտնվում են անհատական հավաքածուներում` Գերմանիայում, Հունաստանում, Իսպանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում,  Ռուսաստանում, Հոլանդիայում, Իտալիայում, Շվեյցարիայում եւ այլն: Նա 2003 թվականից մինչ օրս Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման նախագահն է, նաեւ ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամ է:

Արա Երնջակյանը, Միքայել Դովլաթյանը եւ Աննա Հարությունյանը


“Ստեղծագործելիս միշտ ազատ եմ, սահմանափակումներ չունեմ: Նկարում եմ թղթի, կտավի, կտորի, փայտի վրա` միախառնելով տարբեր տեխնոլոգիաներ: Յուրաքանչյուր նկարչի համար ցուցահանդեսը քննության նման է. մարդիկ դիտում ու գնահատական են տալիս: Այս ցուցահանդեսից հետո մի քանի աշխատանք կցուցադրվի կամ Նյու Յորքի կամ Դուբայի բիենալեներում”,-ասել է նկարչուհին:

2013 թվականին ՀՀ վաստակավոր նկարիչ կոչումը ստացած Աննա Հարությունյանի մեծածավալ աշխատանքները կարող եք անձամբ դիտել ու գնահատել մինչեւ փետրվարի 22-ը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին