×


Աննա Սմբատյանը՝ տան պայմաններում մարզվելու եւ գեղեցիկ մարմին ունենալու բանաձեւի մասին

1,5 տարի ֆիտնեսով զբաղվող, բուսակեր Աննա Սմբատյանը տանն է մարզվում լավագույն արդյունքի հասնելու համար եւ դեռ մեկ անգամ է հաճախել մարզասրահ։ Ինչպես պատմել է BRAVO.am-ին, մարզվում է շաբաթական 4-5 անգամ՝ մոտ երկու ժամ։

Աննա Սմբատյանը


«Տանն իսկապես դժվար է  կենտրոնանալ, երբ հեռուստացույցն է միացված, կենցաղային գործեր կան անելու: Սենյակում ես եմ փորձում հարմարություններ ստեղծել, իսկ մարզասրահում մարզիչն ու մարզվողները տրամադրություն են ստեղծում։ Ամեն օր մի մկանախմբի վրա եմ կենտրոնանում եւ անպայման նախավարժանք եմ անում։ Նիհարելու խնդիր չեմ ունեցել, նույնիսկ քաշ հավաքելու ցանկություն ունեմ։ Լուրջ արդյունքներ գրանցելու համար արդեն մարզասրահում կպարապեմ, որովհետեւ կան մարզասարքեր, որոնք տանն անհնար է այլ բանով փոխարինել։ Ցանկանում եմ կանանց բոդի-ֆիտնեսի մրցույթների մասնակցել»,-նշել է Աննան:

Աննա Սմբատյանը


Լուսանկարիչ Տիգրան Մանուկյանի առաջարկով նա լուսանկարվել է թեմատիկ ֆոտոշարքում.«Նույն գաղափարի շուրջ համախմբվեցինք: Քանի որ երկուսս էլ բուսակեր ենք, որոշեցինք լուսանկարչական նախագիծ սկսել մարզվող բուսակերների մասին։ Այժմ փնտրում ենք աղջիկների, որոնք բուսակեր են ու զբաղվում են ֆիտնեսով»:

Թե ինչու է 3 տարի առաջ անցել բուսակերության ու հրաժարվել կենդանական ծագման սննդից, 20-ամյա Աննան ասել է.«Համացանցով ծանոթացա բուսակերության առավելություններին: Մարդ ներքուստ պետք է բուսակեր լինի. ուղղակի մսից, կաթնամթերքից հրաժարվելն անիմաստ է։ Ինձ վրա ծանր են անդրադարձել կենդանիների սպանդի տեսանյութերն ու խանութներում կախված, կոպիտ ասած, դիակները։ Չէի կարողանում այդ միսը մարսել, ինձ պետք չեն սպանված կենդանու սպիտակուցները, որ առողջ լինեմ։ Բուսակեր լինելով՝ նախ ավելորդ քաշի ու սրտանոթային համակարգի խնդիրներ չես ունենում, օրգանիզմդ ավելի առողջ է: Սպորտն ու բուսակերությունը լավ համատեղելի են»։

Աննա Սմբատյանը


Մասնագիտությամբ նկարիչ-ձեւավորող Աննան դասավանդում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, ըստ նրա՝ առողջ ապրելակերպի լավագույն մոտիվացիան մարդու ցանկությունն է.«Իհարկե, տեսանյութեր դիտելը, մարզչի խորհուրդները շատ են օգնում, բայց մարզվելու համար ամենակարեւորը սեփական ցանկությունն է։ Օրական գոնե 20 րոպե մարզվելով՝ կզգաք մեծ տարբերություն, ավելի առույգ ու լավ տրամադրությամբ կլինեք եւ գեղեցիկ մարմին կունենաք։ Ուրախ եմ, որ Հայաստանում սպորտով զբաղվելու մշակույթն աստիճանաբար զարգանում է»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Տիգրան Մանուկյանի եւ Աննա Սմբատյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին