×


Անուշ Քոչարյանին մերկացրած “ՖԱՈՒՍՏուտոպիա”

“ՖԱՈՒՍՏուտոպիա”. այսպես է կոչվում Անուշ Քոչարյանի պիեսը, որը երեկ` մարտի 13-ին, երեւանյան ակումբներից մեկում ընթերցել են Զարուհի Հակոբյանը, Հովհաննես Թեքգյոզյանը, Ամալի Քոչարյանը, Սամվել Գեւորգյանը, Լեւս Դավթյանն ու Աշոտ Ղազարյանը, իսկ հանրային քննարկմանը մասնակցողների թվում են եղել ԵԹԿՊԻ ռեկտոր, ռեժիսոր Արմեն Մազմանյանը, ռեժիսորներ Սուրեն Շահվերդյանը, Արթուրո Սայանը, Արման Երիցյանը, կինոգետ Զավեն Բոյաջյանը, գրող Վահե Արսենը եւ այլք:

“ՖԱՈՒՍՏուտոպիա” պիեսի հեղինակ Անուշ Քոչարյանը


Երիտասարդ գրողը մինչ այս ստեղծագործել է միայն չափածո ժանրում եւ “ՖԱՈՒՍՏուտոպիա”-ն նրա հեղինակած առաջին պիեսն է. “Այն գրել եմ 2012 թվականին. Միացյալ Նահանգներ մշակութային այցից նոր էի վերադարձել ու սարսափելի վակուումի մեջ փորձում էի վերաիմաստավորել ապրածս… Հասկացա, որ շատ բան է փոխվել. շարունակում եմ մտերիմ լինել երկար ժամանակ ինձ հարազատ մարդկանց հետ, բայց հայտնվել ենք տարբեր հարթակներում…”: 

Անուշ Քոչարյանը BRAVO.am-ին պատմել է, որ բոլորին խնդրել է իրեն մենակ թողնել ու ընկղմվել է պիեսը գրելու գործընթացի մեջ.“Միայն ընկերներս էին այցելում` բնակարանը կարգի բերելու եւ ինձ համար ճաշ եփելու: Ի վիճակի չէի որեւէ բան անել… Տեքստը չորս օրում գրեցի, հետո երեք օր ինքս ինձ հետ մնացի` այն ընթերցելու եւ հասկանալու… Այդ ընթացքում ամբողջովին մերկ էի ու չէի կարողանում հագնվել”:

Տեղի է ունեցել Անուշ Քոչարյանի “ՖԱՈՒՍՏուտոպիա” պիեսի հանրային ընթերցում-քննարկումը


“ՖԱՈՒՍՏուտոպիա”-ի վերջին հատվածը նա գրել է մտերիմ ընկերներից Ալեքսանդր Իրադյանի ամառանոցում. “Հիշում եմ` ինչպես բացականչեցի` “Ուռա~, ժողովուրդ, վերջը գտել եմ…”:  Նշենք, որ Արամ Խաչատրյանի  անվան միջազգային 7-րդ մրցույթի առաջին մրցանակակիր Ալեքսանդր Իրադյանն էլ հանդիսանում է այս պիեսի երաժշտական ձեւավորման հեղինակը:

Արթուրո Սայանը եւ Սուրեն Շահվերդյանը մասնակցել են “ՖԱՈՒՍՏուտոպիա”-ի հանրային քննարկմանը


Խոսելով պիեսի անվանման մասին, որը ասոցիացիաներ է առաջացնում Գյոթեի “Ֆաուստ” ողբերգության հետ, Անուշ Քոչարյանը նշել է, որ իր “ՖԱՈՒՍՏուտոպիա”-ի գլխավոր հերոսը հենց Ֆաուստն է.“Բայց անվանումից կարելի է հասկանալ, որ իմաստը ուտոպիական է. նա ընդամենը գլխավոր հերոսուհու` տիկին Մ-ի ենթագիտակցության շերտն է: Գործողությունների շղթան սկսվում է անակնկալ երկխոսությամբ եւ շարունակվում անսպասելի ուղղություններով: Կնոջ հիմնական ենթագիտակցական շերտերը, որտեղ բնակվում են պիեսի հերոսները` Երեւակայական գեղեցկուհին, Ֆաուստը, սիրեկանները, լցվում են տարատեսակ մտքերով: Գոյություն ունեն միայն տիկին Մ-ն եւ սիրեկանները: Դրամայում իրականությունը միաձուլվում է երեւակայությանն այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնվում քննիչը…”:

Վրույր Թադեւոսյանը եւ Անուշ Քոչարյանը


“Այսօր պիեսիս ծննդյան տոնն է: Մտածում եմ իմի բերել ընթերցումից հետո հնչած կարծիքներն ու քննարկումները եւ պլանավորել “ՖԱՈՒՍՏուտոպիա”-ի տպագրությունը”,- ասել է Անուշ Քոչարյանը: 

BRAVO.am-ը ստեղծագործական հաջողություններ է մաղթում “ՖԱՈՒՍՏուտոպիա”-ի հեղինակին եւ խոստանում պիեսի բեմականացման դեպքում այն ներկայացնել նաեւ մեր ընթերցողներին:): 

Տեքստը Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW