×


Անուշկա Մարգարյան.«Երբեմն վախենում եմ անգամ ինձնից, որովհետեւ...»

Անուշկա Մարգարյանը մանկուց երազել է դերասանուհու կարիերայի մասին, բայց հայրը կտրականապես դեմ է եղել դստեր ցանկությանը: Ի վերջո, աղջնակի համառությունը հաղթել է: BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում նա պատմել է, թե ինչպես հայտնվեց տեսախցիկի առջեւ, ինչպիսին են հարաբերություններն ընտրյալի հետ, գերբնական ինչ ունակություններ է բացահայտել իր մեջ եւ ոչ միայն:

Անուշկա Մարգարյանը` սերիալի նկարահանումներին


Անուշկան ծնվել եւ մեծացել է Կապանում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի մարզական լրագրության բաժինը: Մասնագիտության ընտրությունը պատահական էր`  բարձրագույն կրթություն ստանալ մինչ բաղձալի երազանքին հասնելը: Ուսանողական տարիներին տարբեր քասթինգների մասնակցելով` նա փորձել է թեկուզ էպիզոդիկ դերեր ստանալ հեռուստատեսային նախագծերում: Եվ ահա, առաջին փորձը «Բլեֆ» նախագծում էր, իսկ հետո եղավ առաջարկ նկարահանվել «Հարազատ թշնամի» սերիալում:

«Ինձ ճանաչում բերեց Դիանա Գրիգորյանի սերիալը: Նա այն մարդն է, ով ինձ համար ճանապարհ բացեց: Ես նրա արարքը երբեք չեմ մոռանա. ինչ էլ լինի, շատ շնորհակալ եմ իրեն: Այսօր էլ նկարահանվում եմ կրկին նրա «Առաջնորդները» սերիալում: Խաղալ անվանի եւ պրոֆեսիոնալ դերասանների հետ շատ հաճելի է: Նրանք միշտ ինձ օգնում են իրենց խորհուրդներով»,-նշել է դերասանուհին:

Անուշկա Մարգարյանն` սիրելիի հետ


Այսօր արդեն Անուշկայի հայրն ուրախանում է դստեր հաջողություններով.  «Քիչ-քիչ համակերպվեց: Ի վերջո, իմ կյանքն է. ծնողը պետք է խորհուրդներ տա, բայց ոչ երբեք` պարտադրի: Ես իմ ճանապարհը պետք է անցնեմ, եթե անգամ սխալվեմ էլ, ապա հետո միմիայն ինքս ինձ կմեղադրեմ: Ծնողներս անգնահատելի դեր ունեն իմ կյանքում»:

Նա դերասանական հմտությունները զարգացնելու համար մտադիր է նաեւ բարձրագույն կրթություն ստանալ.«Սկզբում շատ էին թերագնահատում խաղս: Գիտեք, մարդիկ կարող են չհավանել դերասանի խաղը, բայց իրավունք չունեն նրան անձնական բնույթի վիրավորանք հասցնել: Այսօր այդ քննադատություններին այլ կերպ եմ նայում»:

Անուշկան եւ շախմատիստ Ավետիք Գրիգորյանն արդեն 2 տարի է՝  միասին են: Դերասանուհին նշել է, որ սիրելին աջակցում է իրեն աշխատանքում.«Նա վստահում է ինձ, ուրախանում  իմ հաջողություններով՝ հետեւելով իմ մասնակցությամբ յուրաքանչյուր սերիայի: Խանդի տեսարաններ չեն լինում, քանի որ նա գիտի` որքան եմ իրեն սիրում: Ամուսնության համար դեռ վաղ է մտածել. պահը դեռ չի հասունացել: Մենք երբեք որեւէ բան չենք ծրագրում, այլ հանպատրաստից ստացվում է: Ես էլ անտեղի չեմ խանդում ընկերոջս, բայց, անկեղծ, երբեմն-երբեմն խանդում եմ:)»:

Անուշկա Մարգարյանը` ընտրյալի եւ ապագա սկեսրայրի հետ


Անուշկան նախընտրում է ապրել այսօրվա օրով.«Հավատում եմ ճակատագիր ասվածին, եւ եթե մի բան պետք է լինի, կլինի: Այս օրս փորձում եմ ճիշտ ապրել, որ վաղվա օրս էլ ճիշտ լինի»:

Ըստ նրա՝ Հայաստանում ապրելը շատ դժվար է.«Մարդիկ սոցիալապես վատ վիճակում են, ինչն էլ նրանց նյարդային է դարձնում: Պետական մարմիններում, նույնիսկ խանութներում էլ այցելուի հանդեպ վերաբերմունքը շատ կոպիտ է: Անկեղծ, ուզում եմ մեկնել երկրից ոչ թե ավելի բարեկեցիկ ապրելու, այլ հանգիստ լինելու համար: Մարդիկ այստեղ չեն ժպտում, չարացած են միմյանց հանդեպ»:

Անուշկան մտերիմ ընկերներից առանձնացրեց դերասանուհի Ժաննա Բուտուլյանին եւ Անիին, ով հայտնի չէ.«Ժաննային շատ եմ սիրում, նա շատ հարազատ մարդ է, վստահելի ընկեր եւ խորհրդատու: Ծանոթացել ենք Դիանա Գրիգորյանի որդու տարեդարձին: Առաջին հայացքից էլ շատ եմ հավանել նրան»:

Նարեկ Մակարյանը, Անուշկա Մարգարյանը եւ Ժաննա Բուտուլյանը


Դերասանուհին ազատ ժամանակ մարզվում է, նաեւ լավ երգում է, թեեւ պրոֆեսիոնալ քայլեր երգարվեստում չի արել: Իրեն կոնֆլիկտային մարդ չի համարում, բայց մի քիչ կամակոր է: Դիմացինի նախանձը հաճախ է նյարդայնացնում նրան.«Հետաքրքիրն այն է, որ նախանձում են այն մարդիկ, ովքեր ունեն գրեթե ամեն ինչ: Գուցե ագահությունից է, որ ցանկանում են ամեն-ամեն ինչ: Ծիծաղելի է, որ անգամ նախանձում են սոցցանցում քո դրած նկարին, հետո նաեւ քո լայքերին»:   

Ի դեպ, երբ զանգահարում էի Անուշկային՝ հարցազրույցի համար պայմանավորվելու, հեռախոսս սկսեց անհասկանալի կերպով չաշխատել: Նա ասաց, որ այդ երեւույթն իրեն ծանոթ է.«Միշտ զգացել եմ, որ իմ էներգետիկ դաշտը շատ ուժեղ է: Երբ շատ բարկացած եմ լինում, առանց պատճառի կարող են տարբեր սարքեր փչանալ՝ տեսախցիկ, հեռախոս, արդուկ, լվացքի մեքենա եւ այլն: Ժամացույց չեմ կարողանում կրել, որովհետեւ մեկ շաբաթ անց այն պարզապես կանգնում է: Չեմ կարող բացատրել այդ երեւույթը, գուցե այս մոլորակից չեմ, չգիտեմ: Շատ բաներ կարող եմ զգալ: Անգամ Ժաննայի ընկերուհին ինձ էքստրասենս է կոչում, որովհետեւ իր հետ կապված այնքան բաներ եմ ասել, որոնք իրականացել են: Զգում եմ՝ ինչ է լինելու՝  վատ, թե լավ: Ես քրիստոնյա եմ, գիտեմ, որ ընդունելի չեն նման բաները, վախենում եմ մեկ-մեկ անգամ ինձնից, որովհետեւ չես կարող ասել` այդ շնորհն ումից է ինձ տրված: Իմ երազներն էլ են իրականում: Դեպքեր են լինում, որ տեսնում եմ հորս, քրոջս երազները: Տարօրիանակ է, բայց այդպես է»:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անուշկա Մարգարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին