×


Աշխարհահռչակ դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթինը նվագել է Սերգեյ Սմբատյանի հետ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը չի դադարում անակնկալներ մատուցել հայ հանդիսատեսին: Այս անգամ “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի ունեցած համերգի շրջանակում հայ երաժիշտներին են միացել նաեւ մայրաքաղաք ժամանած  ամերիկացի հանրահայտ դաշնակահարուհի, “IMG Artists’’-ի եւ “Sony Classical Artists’’-ի  անդամ,  “Astral Artist National Auditions’’-ի  եւ “Classical Recording Foundation’’-ի մրցանակակիր Սիմոնե Դիներսթինը:
 

Աշխարհահռչակ դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթինը նվագել Սերգեյ Սմբատյանի հետ


Համերգին հնչել են Մոցարտի “Դոն Ժուան’’ օպերայի նախերգանքը,  դաշնամուրի կոնցերտը եւ Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիան: Ծրագիրն ընտրել էր երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Ի դեպ, երեկոյի ընթացքում նվագախումբը կատարել է նաեւ Կոկժաեւի՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված “Նահատակներին …’’ ստեղծագործությունը՝  որպես փոխհատուցում ապրիլի 24-ին նախատեսված համերգի,  որը, դիրիժորի փոխանցմամբ, չի կայացել աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով:
 

Աշխարհահռչակ դաշնակահարուհի Սիմոնե Դիներսթինը


“Բավական բարդ ծրագիր ենք ներկայացրել: Մոտ երկու օր խորհրդակցել ենք Սիմոնեի հետ ու ընտրել այս ստեղծագործությունները: Հպարտ եմ, որ այս անվանի երաժիշտը, որի անունը հաճախ է հնչում աշխարհահռչակ նվագախմբերի անվան կողքին, ելույթ ունեցավ Երեւանում’’,- ասել է Սերգեյ Սմբատյանը:

Սիմոնե Դիներսթինը առաջին անգամ էր  Հայաստանում,  խոստովանել է, որ այնքան էլ ծանոթ չէ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, բայց իր այցը Երեւան հիմք կհանդիսանա դրա համար:
 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտներից


“Հպարտ եմ, որ երաժշտական ավանդույթներ ունեցող երկրում եմ: Կարծում եմ՝ Սերգեյը հիասքանչ աշխատանք է կատարում երիտասարդների համար: Ուրախ ու հպարտ եմ, որ աշխատեցի իր հետ: Մեծ հույսեր ունեմ, որ այս համագործակցությունը կշարունակվի’’,- ասել է դաշնակահարուհին:

Ի դեպ, մարտի 2-ին Հայաստանի երիտասարդական նվագախմբի համար կարեւոր եւս մեկ իրադարձություն է տեղի ունեցել. Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ գործունեություն ծավալելու պայմանագիր են կնքել, որի շրջանակում հաստատությունները կնպաստեն երիտասարդության շրջանում երաժշտական արվեստի զարգացմանը եւ տարածմանը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի / Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW