×


Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Նունե Եսայանը, Գրիգոր Դանիելյանը եւ այլք` Լիդուշիկի “Իմ փոքր Հայաստան”-ի շնորհանդեսին

“Իմ փոքրիկ Հայաստան”. այսպես է կոչվում Լիդուշիկի նոր երգը, որի տեսահոլովակը կարող եք դիտել BRAVO.am-ի Videos  բաժնում, իսկ այս հրապարակման շրջանակում կպատմենք նկարահանման աշխատանքների եւ “Մոսկվա” կինոթատրոնի փոքր դահլիճում տեղի ունեցած շնորհանդեսի մասին:

Դերասանուհի Օֆելյա Զաքարյանը եւ Լիդուշիկը


Անդրանիկ դիտմանը ներկա էին 15-ամյա երգչուհու հարազատները, ընկերները, ինչպես նաեւ ստեղծագործական ողջ թիմը, այդ թվում` դերասաններ Ռուբեն Կարապետյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ Օֆելյա Զաքարյանը:

Դրամատիկ սյուժեով տեսահոլովակի հերոսներից մեկն էլ Լիդուշիկն է, որի խոսքով` դերասանական վարպետության հարցում իրեն աջակցել են ավագ դերասանները. “Քանի որ վերջերս էլ մասնակցել էի “Իմ փոքրիկ փեսացուն” ֆիլմի նկարահանումներին, դերս ավելի հեշտ ստացվեց, հատկապես պապիկի դերակատար Ռուբեն Կարապետյանն իր խորհուրդներով ինձ շատ էր օգնում: Այս երգն ինձ օգնեց ավելի խոր գիտակցել, որ հայ եմ, ապրում եմ մի փոքրիկ երկրում եւ հպարտ եմ դրա համար, որովհետեւ մեր հողը, ջուրը, Արարատ լեռն աստվածաշնչյան են”:

Նունե Եսայանը, Լիդուշիկը եւ Հենրին


Տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Հարությունյանը, որը հեղինակել է նաեւ պատանի երգչուհու նախորդ տեսահոլովակներից մի քանիսը, այս անգամ նկարահանումն իրականացրել է Դիլիջանում.“Աշխարհի որ ծայրում էլ լինեմ, երբ իմանամ, որ Լիդուշիկին նոր հոլովակ է պետք, անպայման գալու եմ”,-կատակել է ռեժիսորը, իսկ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը նշել, որ իր փոքրիկ աղջկա հետ Լիդուշիկի երկրպագուներից է.“Նա աստիճանաբար դառնում է Լիդա, եւ պետք է սովորենք դրան: Ուրախ եմ, որ մեր ճանապարհները խաչվեցին, եւ միասին աշխատեցինք”:

Լիդուշիկի տատիկը` տիկին Գոհարը, շնորհակալություն է հայտնել իր թոռնուհու հետ աշխատած թիմին` նշելով, որ տեսահոլովակը կոչ է հայ ընտանիքներին մնալ Հայաստանում.“Այս երգը լսելիս հուզվում եմ եւ ուրախ եմ, որ Լիդուշիկն այն նվեր ստացավ հեղինակ Էդգար Ալեքսանյանից, որովհետեւ հոգ ենք տանում, որ նրա երգերը հանկարծ չվնասեն մեր բալիկների երաժշտական ճաշակը: Կարծում եմ` հայրենասիրությունը երեխային մայրը պետք է սերմանի դեռ օրորոցից, դրա կարիքը մեր ազգը շատ ունի: Նոր սերնդին պետք է պինդ պահենք մեր հողում, որ չհեռանան, իսկ եթե մեկնեն, միայն դրսի լավը հետ բերեն հայրենիք”:

Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ Լիդուշիկը


Լիդուշիկը եւս մեկ նորություն ունի. նա դարձել է կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի ակադեմիայի սան եւ նոյեմբերի 1-ին երկու շաբաթով կմեկնի Բուլղարիա, որտեղ էլ կանցնեն վարպետության դասերը.“Քանի որ չորս տարի մասնակցել եմ մանկական “Նոր ալիք”-ին, արդեն պայմանագրով համարվում եմ ակադեմիայի սան եւ սպասում եմ այս ուղեւորությանս: Նոյեմբերի վերջին էլ Երեւանում կկայանա իմ մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան”:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին