×


Ապահով սեքս, կամ ինչպես օգտագործել պահպանակը

Մինչ ողջ աշխարհում այսօր լայնորեն կիրառվում են պահպանակները, Հայաստանում հասարակության մի ստվար զանգված անգամ տեղյակ չէ դրանց ճիշտ ընտրության, պահպանման եւ անգամ օգտագործման կանոնների մասին: Համենայնդեպս, սա են փաստում մեր սեքսոպաթոլոգները: BRAVO.am-ը ներկայացնում է թեմայի շուրջ ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի մեկնաբանությունն ու մասնագիտական խորհուրդները:

Ապահով սեքս, կամ ինչպես օգտագործել պահպանակը


Պահպանակները հայտնի են մարդկությանը արդեն 400 տարի: Մեզ հասած ամենահին պահպանակը գտել են Շվեդիայի Լունդ քաղաքում, այն թվագրվում է 1640 թվականով: Որոշ տվյալների համաձայն` պահպանակները կիրառվում էին նաեւ Հին Հռոմում եւ Հին Եգիպտոսում:

Այսօր պահպանակների լայն կիրառումը պայմանավորված է նրանով, որ ճիշտ օգտագործման դեպքում վերջիններս ապահովում են ամենավստահելի պաշտպանությունը սեռավարակներից եւ անցանկալի հղիությունից: Իհարկե, կան նաեւ հակաբեղմնավորիչ այլ շատ միջոցներ, որոնք կարող են կանխել անցանկալի հղիությունը, այնուամենայնիվ, սեռավարակներից պաշտպանվելու միակ միջոցը այսօր պահպանակն է:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը


Հայաստանում հակաբեղմնավորիչ միջոցներից օգտվելու կուլտուրան, ցավոք,  դեռ կաղում է: Շատերին, հատկապես երիտասարդներին, դեռեւս թյուրիմացաբար թվում է, որ եթե սեռական հարաբերությունն ավարտվում է արտահեշտոցային սերմնաժայթքմամբ, ապա հղիությունը կամ սեռավարակները կանխված են: Այս անառողջ կարծիքը այնքան է տարածված մեր հասարակության մեջ, որ լինում են դեպքեր, երբ պացիենտը գալիս է ու վստահաբար հայտարարում, որ ինքը խնդիր չունի սեռավարակների հետ կապված, որովհետեւ, ճիշտ է, պահպանակ չի օգտագործում, բայց սեռական հարաբերություն է ունենում հիմնականում “իր մեթոդով”. նկատի ունի ընդհատված սեռական ակտը կամ արտահեշտոցային սերմնաժայթքումը:

Շատերը չգիտեն, թե ինչպես է պետք օգտվել պահպանակներից: Ոմանց կարծիքով,  եթե կա պահպանակ, ապա նրանք ամեն ինչից պաշտպանված են եւ կարող են ոչնչի մասին չանհանգստանալ: Սակայն, ինչպես հայտնի է, պաշտպանված լինելու համար պահպանակի առկայությունը բավական չէ:

Պահպանակի օգտագործման  հետ կապված ամենատարածված սխալը մեկն է եւ գլոբալ. հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում, թե ինչ պահպանակներ են գնում, որտեղից, ինչպես են պահում մինչեւ օգտագործելը եւ ինչպես են օգտագործում:

Պահպանակներից պատրաստված զգեստներ


Որտեղի՞ց գնել պահպանակ:
Եվրոպական երկրներում պահպանակները վաճառվում են գրեթե ամենուրեք, իսկ Հայաստանում պահպանակ կարելի է տեսնել միայն դեղատներում եւ որոշ սուպերմարկետներում: Մի կողմից լավ է, երբ պետք եղած ժամանակ կարող ես գտնել պահպանակ ցանկացած խանութում կամ կրպակում. պահպանակների՝ աչքի առաջ լինելը միշտ հիշեցնում է մարդկանց, որ պետք է պաշտպանվել եւ մտածել սեռական առողջության մասին: Մյուս կողմից՝ մասնագետները խորհուրդ են տալիս գնել պահպանակներ միայն դեղատներից, ընդ որում` վստահելի եւ լավ դեղատներից, քանի որ այնտեղ պահպանակները պահվում են ավելի լավ պայմաններում, եւ դեղատանը գոնե հետեւում են դրանց պիտանելիության ժամկետին: Դեղագետը, եթե ունի համապատասխան կրթություն, կարող է անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալ:

Ի՞նչ պահպանակ ընտրել:
Պահպանակ գնելիս կարեւոր է ուշադրություն դարձնել ոչ միայն նրա պիտանելիության ժամկետին, այլեւ նրան, թե ինչ ընկերության պահպանակ է, որտեղի արտադրանք եւ ինչի համար է նախատեսված: Պահպանակների ընտրությունն այսօր շատ մեծ է եւ խայտաբղետ. կան պահպանակներ, որոնք ունեն բժշկական հատուկ ցուցումներ եւ որոնք նշանակում են սեռական տարբեր խանգարումների ժամանակ: Եթե անձը չունի այդպիսի խանգարումներ, բայց օգտագործում է նման պահպանակներ, հետագայում կարող է ունենալ որոշ խնդիրներ:

Ապահով սեքս, կամ ինչպես օգտագործել պահպանակը


Այս պատճառով շատ կարեւոր է պահպանակի ճիշտ ընտրությունը: Ավելի լավ է ընտրել թանկը, բայց որակյալը, քան էժանագինը, որը կարող է շատ շուտ պատռվել եւ որի օգտագործումը կարող է նույնիսկ վտանգավոր եւ վնասակար լինել:

Էժանագին եւ կասկածելի ծագում ունեցող մի շարք պահպանակների վրա կան չափազանց շատ քիմիական քսուքներ՝ հոտավետ տարբեր նյութերով, որոնք, որպես կանոն, ոչ թե հեշտացնում ու հաճելի են դարձնում սեռական ակտը, այլ ընդհակառակը, այդ քսուքների հաճախակի օգտագործումը կարող է բերել տղամարդու առնանդամի էրոգեն գոտիների զգայունության նվազմանը: Քսուքի քանակը պահպանակի վրա պետք է լինի չափավոր, որպեսզի այն դուրս չսահի սեռական ակտի ժամանակ:

Սեքսուալ զգացողությունը կարող է նվազել` կախված պահպանակի որակից կամ տեսակից: Սովորաբար որակյալ եւ բարձրորակ պահպանակները էականորեն չեն ազդում սեռական հաճույքի վրա:

Ապահով սեքս, կամ ինչպես օգտագործել պահպանակը (Լուսանկարը` Սարգիս Վիրաբյանի)


Ինչպե՞ս պահպանակի ճիշտ չափս ընտրել:  Պահպանակի ճիշտ չափսի ընտրությունը ոչ պակաս կարեւոր է, քան որակը եւ պահպանման ժամկետը: Եթե պահպանակը շատ փոքր է, ապա կա մեծ հավանականություն, որ այն կարող է պատռվել, նույնիսկ եթե շատ լավ եւ վստահելի ընկերության արտադրանք է: Եթե պահպանակը շատ մեծ է, ապա այն կարող է դուրս սահել սեռական ակտի ժամանակ: Լինում են դեպքեր, երբ կանայք դիմում են բժիշկի՝  խնդրելով հեռացնել սեռական ակտից հետո իրենց ներսում մնացած պահպանակը:

Որտե՞ղ պահել պահպանակները: Շատ երիտասարդներ, կարծելով, որ վարում են անվտանգ սեռական կենսակերպ, պահպանակը պահում են դրամապանակի մեջ կամ տաբատի գրպանում: Պատկերացրեք, թե ժամանակի ընթացքում այդ “խեղճ ու կրակ” պահպանակը, գրպանում կամ դրամապանակում ճնշման ենթարկվելով, ինչի է վերածվում: Առաջանում են բազմաթիվ միկրոճաքեր, որոնց միջով որոշ սեռավարակներ կարող են անխոչընդոտ անցնել: Երբ պահը գալիս է, երիտասարդն ինքնավստահ օգտագործում է պահպանակը եւ մտածում, որ ամեն ինչից ապահովված է: Բայց այդպիսի պահպանակով նա կարող է շատ հանգիստ վարակվել մի շարք սեռավարակներով: Պահպանակները ճիշտ է պահել ոչ շոգ տեղում` պահպանելով նրանց արեւի ճառագայթներից եւ ֆիզիկական վնասվածքներից:

Ֆրանսուա Բուշե "Հերակլ եւ Օմֆալա"


Ինչպե՞ս օգտագործել պահպանակը:  Որակյալ գրեթե բոլոր պահպանակների մեջ կան օգտագործման կանոններ, պետք  է ուշադիր կարդալ դրանք, հետեւել խորհուրդներին ու բացատրություններին: Ամենատարածված սխալներից են պահպանակը հագնելու ժամանակ դրա մեջ օդ թողնելը եւ կրկնակի օգտագործումը: Շատերը կարծում են, որ այլ պահպանակ չունենալու դեպքում մեկ անգամ օգտագործածը կարելի է օգտագործել նորից, ինչը բացարձակ  անհեթեթություն է: Պահպանակը կարելի է օգտագործել միայն մեկ անգամ, ինչից հետո այն պետք է փաթաթել եւ գցել աղբարկղի մեջ:

Հաջորդիվ BRAVO.am-ը կներկայացնի պահպանակի ճիշտ օգտագործման վերաբերյալ գինեկոլոգի եւ հոգեբանի խորհուրդները:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին