×


Ասեքսուալություն, կամ կյանքն առանց սեքսի

Ասեքսուալությունն ամենից հաճախ շփոթում են հակասեքսուալության (антисексуальность) հետ: Մինչդեռ սրանք բացարձակապես տարբեր հասկացություններ են: Հակասեքսուալությունը կոտրում ու փախցնում է ողջ ցանկությունն ու գրգռվածությունը, իսկ ասեքսուալությունն այն մարդկանց սահմանումը կամ ինքնորոշումն է, ովքեր բոլորովին կամ գրեթե չեն զգում սեռական որեւէ ցանկություն:

Ասեքսուալությունը դիտարկվում է որպես բինար սեքսուալության չորրորդ տեսակ՝ հետերոսեքսուալությունից, հոմոսեքսուալությունից եւ բիսեքսուալությունից հետո:  

Տարածված թյուրիմացություն կա, որ ասեքսուալությունը նորաձեւ ալիք է: Իրականում այն պարզապես հայտնվել է սոցիոլոգների, բժիշկների ու հոգեբանների ուշադրության շրջանակներում: Սեռական փոքրամասնության այս տեսակին է դասվում երկրագնդի բնակչության 1%-ը: Ասեքսուալներն ընդունում են սիրո ու հարաբերությունների բացառապես պլատոնական ու էմոցիոնալ տարբերակը: Նրանք այս տիպի սերն են համարում ամուր ու լիարժեք: Հետաքրքիր է, որ մի շրջան ասեքսուալներին կասկածեցին լատենտ հոմոսեքսուալիզմի մեջ, բայց հետո հաստատվեց այն փաստը, որ նրանք նույնչափ անտարբեր են սեփական սեռի ներկայացուցիչների հանդեպ:

Հետաքրքիր տեղեկատվություն

*Մի քանի տարի առաջ Մոնրեալում կայացավ Սեքսոլոգիայի համաշխարհային կոնգրեսը: Դրա մասնակիցները եկան եզրակացության, որ ասեքսուալները բաժանվում են երկու խմբի: Առաջին խումբը սեքսի կարիք չունի՝ ըստ բժշկական ցուցանիշների. սեռական ցանկությունը կարող է բացակայել նեյրոէնդոկրին խանգարումների կամ գլխուղեղի ու ողնուղեղի օրգանական հիվանդությունների, ինչպես նաեւ դեպրեսիայի պատճառով: Երկրորդ խումբն իր հայտարարություններով ցանկանում է ուշադրություն գրավել. նման երեւույթները շատ արագ սպառում են իրենց մի քանի էպատաժից հետո:

*Ինչպես եւ հոմոսեքսուալության ու բիսեքսուալության դեպքում, բժիշկները հրաժարվում են ասեքսուալությունը հոգեկան խնդիր համարել: Սա միանգամայն ընկալելի է. ինչպե՞ս հոգեկան հիվանդ համարել մարդկանց որեւէ ակտիվ կենսական դիրքորոշում ունենալու համար միայն: Հատկապես, որ այդ մարդիկ չեն նեղվում սեքսի բացակայությունից:

*Հոգեբանների պնդմամբ՝ ասեքսուալության հիմքում ընկած են մանկության կամ պատանեկության տարիքում ձեռք բերած լուրջ բարդույթներ ու հոգեբանական տրավմաներ:  

*Ասեքսուալների մեծ մասը միանգամայն ունակ է սեքսով զբաղվել: Նրանց զգալի մասը կարող է նաեւ օնանիզմով զբաղվել: Տարբերությունը սեքսուալների ու ասեքսուալների միջեւ այն է, որ վերջիններս ինքնաբավարարվելիս պատկերացնում են ոչ թե իրական մարդկանց, այլ ունենում են անիրական երեւակայություններ:

*Ասեքսուալները կարող են նաեւ էրեկտիլ դիսֆունկցիա կամ ֆրիգիդություն ունենալ: Բայց այդ խնդիրները նրանց որեւէ նեղություն չեն պատճառում:

Գլխավոր միֆերն ասեքսուալների մասին

1.Ասեքսուալներին չի հետաքրքրում այլ մարդկանց հետ շփումը:

Իրականում ասեքսուալությունը փակ կենսակերպ չի ենթադրում: Ինչպես կամայական մարդ, այդպես էլ ասեքսուալը, կարող է թե՛ ինտրովերտ, թե՛ էքստրավերտ լինել: Սեքսուալների ու սեռական այլ հակումներ ունեցողների միջեւ տարբերություն չկա այս առումով:

2.Ասեքսուալներին տհաճ է մարդկային մարմինը:

Իրականում ասեքսուալները չեն ընկալում մարմինը՝ որպես սեռական ցանկության օբյեկտ, բայց դա չի նշանակում, որ այն տհաճ զգացումներ է առաջացնում կամ տաբուավորված թեմա է նրանց համար:

3.Ասեքսուալները դժբախտ են, նրանք տանջվում են սեքսի բացակայությունից:

Ինչպես արդեն նշվեց, ասեքսուալությունը սեռական ցանկությունների զսպումը չէ, այլ դրանց լրիվ կամ մասամբ բացակայությունը: Վարկած կա, որ ասեքսուալությունը կարող է բացասաբար ազդել առողջության ու կյանքի որակի վրա, բայց մինչ օրս դրա վերաբերյալ վստահելի հետազոտություններ ու արդյունքներ չկան:

4.Ասեքսուալությունն ու կուսակրոնությունը նույն բանն են:

Իրականում այս երկու հասկացությունների միջեւ սկզբունքային տարբերություն կա: Կուսակրոնություն ընդունած մարդիկ ունեն սեռական ցանկություններ, բայց զսպում ու ճնշում են դրանք՝ կրոնական կամ այլ համոզմունքներից ելնելով: Ասեքսուալներն այլ մարդկանց նկատմամբ ցանկություններ չեն զգում:

5.Ասեքսուալները դադարում են ասեքսուալ լինել, երբ հարաբերությունների մեջ են:

Իրականում շատ ասեքսուալներ, հարաբերությունների մեջ մտնելով սեռակտիվ զուգընկերոջ հետ, ստիպված փոխում են իրենց սեռական վարքը՝ սիրած մարդուն հաճույք պարգեւելու կամ երեխա ունենալու համար, որը, սակայն, կարող է շատ տրավմատիկ փորձ դառնալ նրանց համար:

Ի դեպ, ի տարբերություն հոմոսեքսուալության՝ ասեքսուալությունը որեւէ ուղղակի քննադատման չի արժանանում ոչ Աստվածաշնչում, եւ ոչ էլ Ղուրանում: Տեսնես՝ ինչի՞ց կլինի:

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին