×


Աստղիկ Սաֆարյան.«Նա համոզեց մնալ իր կողքին»

Աստղիկ Սաֆարյանն օրերս նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ նկարահանված «Ստանդարտ» երգի հիման վրա:  Թե ինչ ստանդարտների մասին է երգը, որքանով է ստանդարտից դուրս հոլովակը, երգչուհին պատմել է BRAVO.am-ին։

Աստղիկ Սաֆարյանը՝ «Ստանդարտ» տեսահոլովակի նկարահանումներին


Երաժշտության ու խոսքերի հեղինակն Աստղիկն է, իսկ երաժշտական պրոդյուսինգը դիջեյ Սերժոինն է.«Երգը հարաբերություններում ստանդարտ դարձած արարքների մասին է. երբ փորձում ես քո սիրով դիմացինիդ դարձնել յուրահատուկ ու անթերի, բայց արժանանում ես ստանդարտ վերաբերմունքի՝ «...նմանվելով բոլորին, խոսքերով խաբելով, օրերով կորելով...»։ Այլ կերպ ասած՝ արարքներ, որ անում են շատերը: Այդ դեպքում ուղղակի համարում ես նրան «ստանդարտ» ու փորձում հեռանալ։ Բայց երգում, այնուամենայնիվ, նա ոչ ստանդարտ կերպով համոզում է մնալ իր կողքին», - պատմել է երգչուհին:

Նրա կարծիքով՝ թեման արդիական է ցանկացած պարագայում.«Երգի ասելիքն այն է, որ պետք չէ լինել ստանդարտի մեջ: Ո՞վ է ասել, որ դա ճիշտ է, այդպես դու միայն կորցնում ես քո անհատականությունը։ Պետք է լինել յուրօրինակ, գտնել սեփական ուղին, մտածել այլ կերպ ու չվախենալ ոչ ստանդարտ լինելուց։ Չէ՞ որ դա կլինի հենց քո իրական եսը՝ յուրովի դրսեւորումներով»։

Աստղիկ Սաֆարյանը՝ «Ստանդարտ» տեսահոլովակի նկարահանումներին


Թե որքանով է ստանդարտից դուրս տեսահոլովակը, Աստղիկը նշել է, որ նպատակ չեն ունեցել ոչ ստանդարտ շեշտադրությամբ նկարահանել.«Ուղղակի երգի ռիթմերին համապատասխան լուծումներ ենք տվել՝ հետեւելով գունային նոր տենդենցներին ու փորձելով գունավոր եւ նորաձեւ կերպարներ ստանալ»։

Նկարահանումներն իրականացվել են Երեւանում՝ ստուդիաներից մեկում։ Հոլովակի ռեժիսորն Արմեն Փիրիմասիհին է, իսկ օպերատորը՝ Ֆելիքս Շախտոյանը.«Մեծ թիմ է աշխատել: Այս ամենն իրականացնելն այդքան հեշտ չէ, որքան երեւում է 4 րոպեանոց արդյունքում։ Շնորհակալ եմ ռեժիսորին։ Վերջին դրվագում էլ Գեւ Մարտիրոսյանը ճիշտ կերպով կարողանում է խաղալ սառնասիրտ տղայի կերպար։ Հագուստիս ոճաբանն ինքս եմ, դիմահարդար Լիդիա Ավետիսյանի ու վարսահարդար Հռիփսիմե Մանավազյանի հետ էլ փորձել ենք թրենդային նոր մոտեցումներ տալ արտաքին տեսքիս»։

Աստղիկ Սաֆարյանի «Ստանդարտ» տեսահոլովակի նկարահանումներին


Պարզվում է՝ ռեժիսոր Արմեն Փիրիմասիհիի հետ Աստղիկը 2 օրում նկարահանել է 3 տեսահոլովակ, որոնցից մեկը՝ «Ստանդարտ» երգի համար. «Սկզբում լարված էի, միգուցե չհասցնելու վախս էր, ինչը նկարահանումները սկսելուն պես անցավ։ Հույս ունեմ, որ կսիրվի ու կգնահատվի մեր կատարած աշխատանքը»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին