×


Աստղիկ Սաֆարյան.“Ֆարել Ուիլյամսը սեղմեց ձեռքս եւ…”

Աստղիկ Սաֆարյանը “Happy” տրամադրություն ունի, քանի որ օրեր առաջ հանդիպել է համանուն հայտնի երգի կատարող Ֆարել Ուիլյամսին: Երգչուհին հատուկ այդ նպատակով Բարսելոնից մեկնել է Փարիզ, իսկ իր տպավորություններով կիսվել BRAVO.am-ի հետ:

Ֆարել Ուիլյամսը եւ Աստղիկ Սաֆարյանը


“Ինչ-ինչ պատճառներով նրա բարսելոնյան համերգը չկայացավ, դա էլ առիթ դարձավ, որ մեկնեմ Փարիզ, թեեւ արդեն իսկ պլանավորել էի մեկնել Ֆրանսիայի մայրաքաղաք: Ինձ համար ուղղակի համերգ չէր, այլ հրաշալի տոն` իմ սիրելի երկու արտիստների մասնակցությամբ: Բացումն արեց “Liar Liar” երգով հայտնի փոփ-ռեգգի ժանրի տաղանդավոր երիտասարդ կատարող Cris Cab-ը, ով, ի դեպ, ինձ հետեւում է որոշ սոցիալական ցանցերում: Երբ համերգից հետո հանդիպեցի նրա մենեջերին եւ փոխանցեցի իմ ձայնասկավառակները, երգչից ստացա հաճելի հաղորդագրություն: Իսկ Ֆարելն աննկարագրելի էներգետիկա է փոխանցել: Համերգի ավարտին նկատեցի, որ հանդիսատեսն իսկապես երջանիկ է”,-պատմել է նա:

Աստղիկ Սաֆարյանը


Երգչուհուն հաջողվել է մասնակցել Ֆարել Ուիլյամսի դիզայներական աշխատանքների փակ շնորհանդեսին, որին ներկա են եղել հանրահայտ դերասաններ, նորաձեւության աշխարհի ներկայացուցիչներ.“Ես կանգնած էի նրա կողքին, բայց փորձում էի չխանգարել:), իսկ նա ողջունեց եւ հարցրեց` ինչպես եմ:  Ինձ համար անսպասելի եւ անչափ հիացնող էր, թե որքան համեստ ու հասարակ կարող է լինել նման մեծությունը: Շնորհակալություն հայտնեցի որակյալ երաժշտության եւ ողջ աշխարհում իր “Happy” երգով երջանկություն տարածելու համար, նա էլ պատասխանեց, որ բոլորս Աստծուն ենք շնորհակալ դրա համար: Այնուհետեւ խոսեցինք իմ մասին: Իմացավ, որ հայ երգչուհի եմ եւ ողջունեց իմ ընտրած փոփ-ռոք երաժշտական ուղին` նշելով, որ հաճելի ժանրում եմ ստեղծագործում: Զրույցի վերջում էլ սեղմեց ձեռքս եւ մեծ հաջողություն մաղթեց: Նրա համեստությունն ուղղակի անսահման էր եւ անչափ գեղեցիկ:)”:

Աստղիկ Սաֆարյանը` հայտնի պարուսույց Ֆաթիմա Ռոբինսոնի հետ


Աստղիկի խոսքով` 41-ամյա ամերիկացի երգչի յուրահատուկ գործերը դրական ազդեցություն են ունեցել իր ճաշակի ձեւավորման հարցում դեռ դպրոցական տարիներից.“Նրա երգերը, կարծես, երաժշտական գրականություն են դարձել ինձ համար եւ ոգեշնչել են: Ըստ իս` կարողանալ հիանալ օրինակելի մարդկանցով ունակ է միայն հասուն մարդը: Մեծամիտ եմ համարում բոլոր եսակենտրոն մարդկանց, ովքեր ունակություն ու ցանկություն չունեն հիանալ լավով եւ օրինակելի մարդկանցով”:

Անդրադառնալով աշխատանքային նորություններին` երգչուհին պատմել է, որ Փարիզ ուղեւորվելուց առաջ ելույթ է ունեցել Բարսելոնի հայ համայնքի համար. “Նույն ծրագրով մոտ ապագայում պլանավորում ենք համերգներ ունենալ Մադրիդում ու Վալենսիայում: Վերջերս նաեւ հանդիպում ունեցա իսպանացի երաժշտական պրոդյուսերներից մեկի հետ, ով ավելի քան տասը տարի Մայամիում աշխատել է երգիչ Սթինգի հետ: Նա հիացած էր իմ ձայնային տվյալներով եւ երգերով: Նրա բարսելոնյան ստուդիայից զուգերգ ձայնագրելու առաջարկ ունեմ իսպանացի երգիչներից մեկի հետ, նաեւ համերգային այլ առաջարկեր կան, որոնք հուսով եմ` կհասցնեմ իրականացնել պատշաճ կերպով”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին