×


Աստղիկ Սաֆարյանի նվերը երկրպագուներին եւ հանգիստը Բարսելոնայում :)

Աստղիկ Սաֆարյանը կրկին վերադարձել է Իսպանիա, սակայն մինչ այդ հասցրել է հեղինակային նոր երգ ձայնագրել երաժիշտներ Deep Danny-ի եւ Leon Gris-ի հետ։ Ինչպես նրանց նախորդ երգերը, սա եւս անգլերենով է, կոչվում է «Christmas Day»։ Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ երգի երաժշտական պրոդյուսինգով զբաղվել են տղաները, իսկ վոկալի մեղեդին եւ խոսքերը գրել է ինքը:

Աստղիկ Սաֆարյանը


«Գունավոր ու տոնական տրամադրություն փոխանցող երգ է։ Փոքր-ինչ շուտ ենք ներկայացնում, որ տոներին արդեն հասանելի լինի: «YouTube»-ի իմ պաշտոնական ալիքում տեղադրել ենք խոսքերը, այնպես որ, մարդիկ կարող են կարդալ եւ, ինչո՞ւ ոչ, ինձ հետ երգել։ Ըստ էության՝ այն նամակ է Ձմեռ պապին, բայց ես ոչ թե որեւէ բան եմ խնդրում, այլ պատմում եմ զգացողություններիս մասին։ Երգի խորհուրդն այն է, որ տարվա ավարտին պետք չէ տխրել, քանի որ ամեն մի ավարտ մի նոր բանի սկիզբ է, պետք է ուղղակի Աստծուն խնդրել, որ օրհնի մեր ընտրած ուղին»,-ասել է նա:

“Better Way” ու “Today” երգերից հետո Աստղիկը տղաների հետ համագործակցում է 3-րդ անգամ.«Անկեղծ ասած` միշտ փորձել եմ Ամանորի երգ գրել, բայց այն աստիճան չեմ հավանել, որ հանդիսատեսին ներկայացնեմ, քանի որ մոտեցումը բոլորովին այլ է, կարելի է ասել` առանձին ժանր է եւ շատ է տարբերվում սովորական երգերի տրամադրությունից։ Բայց երբ լսեցի բիթերը, մեկ գիշերվա ընթացքում դրանց հիման վրա ստեղծագործեցի։ Կարծես թե, այս անգամ ստացա այն, ինչ փորձում էի երկար ժամանակ։ Հուսամ` երգը կփոխանցի դրական բարձր տրամադրություն եւ շատերի համար կդառնա սիրելի երգ»։

Աստղիկ Սաֆարյանը` Բարսելոնայում


Փոփ-ռոք երգչուհին այժմ հանգիստն է վայելում իր հարազատ երկրորդ քաղաքում՝ Բարսելոնայում. «Այստեղ առավել կարեւորում են Սուրբ Ծննդյան տոնը, եղանակն էլ հիանալի է, կարծես իմ պատվերով է, որովհետեւ չեմ սիրում ցուրտը, Միջերկրական ծովն էլ խաղաղ ու հանգիստ է։ Երբ ողջ տարին անդադար զբաղվում ես սիրելի աշխատանքով, ընթացքում հոգնածություն չես զգում, բայց երբ ինքդ քեզ մի փոքր հանգիստ ես տալիս, այդժամ հասկանում ես, որ հանգստի կարիք ամեն դեպքում ունես»։

Աստղիկը դեռ չի պլանավորել, թե ինչպես կդիմավորի տարեմուտը.«Երեւի թե կանցկացնեմ Բարսելոնայի մեր տանը՝ ընտանիքիս հետ։ Ըստ իս՝ Ամանորն ամենաընտանեկան տոնն է, միշտ գերադասելի է նշել տանը՝ բառիս բոլոր իմաստներով:)»։

Աստղիկ Սաֆարյանը


Ամփոփելով 2015 թվականը՝  նա շեշտել է, որ անցնող տարում իրականացրել է ավելին, քան ակնկալում էր. ներկայացրել է երկու տեսահոլովակ, ձայնագրել է 5 երգ, ֆոտոշարքեր ունեցել Երեւանում ու Բարսելոնայում, մասնակցել է բարեգործական նախագծերի եւ այլն.«Եվս մեկ անակնկալ ունեմ, որով էլ կեզրափակեմ տարին։ Միշտ պլանավորում եմ գալիք տարվա անելիքները։ Հավատացեք` 2016-ի պլաններս ավելի շատ են, քանի որ կլրանա 10-րդ տարին, ինչ բեմում եմ։ Առանց ավելորդ համեստության կցանկանայի դա որեւէ կերպ շեշտել, իհարկե, նոր մեծ աշխատանք ներկայացնելով, իսկ դրա համար պետք է կրկնակի աշխատեմ»։

BRAVO.am-ի հարցին, թե մանուկ հասակում նամակ գրել է Ձմեռ պապին, Աստղիկը հետեւյալն է պատասխանել.«Ծնողներս միշտ ասում էին, որ իրենց ականջին ասենք մեր ցանկությունները եւ կփոխանցեն։ Առավոտյան արթնանալով հայրիկիս պաչիկից ու մայրիկիս վառ ժպիտից՝ անմիջապես ստուգում էի բարձիս տակ գտնվող ցանկալի նվերս։ Եթե չէի գտնում, ապա հասկանում էի, որ ավելի մեծ նվեր է սպասվում ու վազում էի ճաշասենյակ՝ տոնածառի տակ փնտրելու:)։ Այս հուշերն ինձ ստիպեցին նորից շնորհակալ լինել ծնողներիս իմ անհոգ մանկության համար, նույնը կմաղթեմ բոլոր փոքրիկներին, մեծահասակներին էլ ցանկանում եմ անսպասելի հաջողություններ, ուրախալի դեպքեր, համերաշխություն ընտանիքներում, սեր ու հավատարմություն»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW