×


Ավո Գեւորգյան.«Փակ դռները փորձել եմ «կրծելով» բացել»

«Անձրեւ, թե ձյուն, խավար, թե լույս, արեւ, թե ցուրտ, կարմիր թռչուն, իմ մանկություն»` այս խոսքերը քչերին են ծանոթ եւ իմ զրուցակցին էլ քչերը գիտեն: Տարիներ առաջ այս տողերը գրողն այսօր արդեն հասուն երիտասարդ է եւ չնայած, որ ունի հայտնի ու սիրված ծնողներ, միեւնույն է` նպատակներին փորձում է հասնել իր ուժերով: Արամոյի եւ Էմմայի որդու`Ավո Գեւորգյանի հետ զրույցել ենք նոր` «Դեպի լույս» տեսահոլովակից, hիփ-հոփից, ջութակից: Նա պատմել է իր կյանքի ընթացքից, սպասվելիք նորություններից, կիսվել մտորումներով:

Արամոն եւ Ավո Գեւորգյանը


- Ինչպե՞ս ստացվեց, որ ապրում ես հիմնականում Գերմանիայում:

-2011 թվականին ընդունվեցի Գերմանիայի Էսսեն քաղաքի Արվեստի բարձրագույն ակադեմիայի ջութակի բաժին, տեղափոխվեցի եւ մնացի այնտեղ:

- Ինչպիսի՞ն է քո կյանքն այնտեղ:

- «Աննորմալ», լավ: Փորձեր, համերգներ, աշխատանք, դասեր… Ու այս օղակն անընդհատ պտտվում է` առանց հանգստի:

- Ինչպե՞ս ստացվեց, որ երաժշտական գործիքներից ընտրեցիր ջութակը:

- Ընտրությունս շատ քիչ գործիքների մեջ էր` հարվածային եւ ջութակ, բայց մայրիկս ասաց, թե մի թմբկահար տանն ունենք, բավական է, այլեւս չի կարող տարիներով լսել հարվածային գործիքների ձայնը, ավելի գեղեցիկ է հնչում ջութակը, եւ ես համաձայնեցի: Անկեղծ ասած` չեմ էլ փոշմանում:

Ավո Գեւորգյանը


- Վերջերս ներկայացրիր քո առաջին տեսահոլովակը, եւ կարելի է ենթադրել, որ ջութակը երկրորդ պլան է մղվել:

- Ոչ, ընդհանրապես: Ես մասնագիտությամբ ջութակահար եմ, կամ ու կլինեմ: Այսօր հայ ազգի համար միգուցե անհետաքրքիր է դասական երաժշտությունը, չնայած` միշտ այդպես է եղել: Երկրորդ պլան չի մղվել, երկրորդ պլանում հիփ-հոփն է:

- Մտածո՞ւմ ես արդյոք միքսել ջութակը եւ ռեփը:

- Հիմա պատրաստում եմ առաջին ալբոմս, որը երկու մասից է բաղկացած: Առաջին մասում հանրությանը կներկայանամ որպես ջութակահար, իսկ երկրորդում` հիփ-հոփ արտիստ: Ջութակով կատարել եմ ոչ թե դասական ստեղծագործություններ, այլ ինստրումենտալ նոր գործեր տարբեր ազգերի երաժիշտների հետ, ովքեր իմ ընկերներն են:

- Որո՞նք են «դեպի լույս» տանող ճանապարհները: Իսկ ինքդ գնո՞ւմ ես այդ ճանապարհով:

- Բոլոր ճանապարհներն էլ տանում են դեպի լույս: Ուղղակի կան մարդիկ, ովքեր լույսը չեն տեսնում: Իհարկե, ինքս գնում եմ դեպի լույսն ու պետք է միայն դեպի լույսը գնալ:

Էմմա Պետրոսյանը եւ Ավո Գեւորգյանը

Ավո Գեւորգյանը, Ֆելիքս Խաչատրյանը եւ A.Chilla-ն


- Հանրությունն առաջին անգամ քեզ տեսավ 3.33 խմբի հետ, ինչո՞ւ հենց ռեփ:

- Մանկուց իմ տարերքն է եղել ռեփը: Ճիշտ է` Երեւանում հիփ-հոփ մշակույթը այդքան էլ չմտավ, ցավոք սրտի, ու մինչեւ այսօր էլ  չի մտել, ինչքան էլ շատ փորձեր են արվում: Ինձ վրա մեծ ազդեցություն ունեցան 2Pac-ը, Էմինեմը, հետագայում արդեն` ռուսական հիփ-հոփ արտիստները: Անկեղծ ասած, միշտ ինձ տեսել եմ այդ ասպարեզում: Հետագայում հանդիպեցի Ֆելիքսին եւ A.Chilla-ին` Նարեկին: Նարեկի եւ իմ ընտանիքները վաղուց մտերմություն էին անում, եւ երբ սկսեցի փոքրիկ հատվածներ գրել, ուղարկեցի հենց իրենց, իսկ իրենք խորհուրդ տվեցին զարգացնել այդ ամենը եւ միանալ իրենց, որովհետեւ եթե համընկնում են տեսակետները, աշխարհայացքը, փիլիսոփայությունը, համագործակցությունը ստացվում է: Ստացվում է, որ միանում ես մի թիմի, որը արդեն գոյություն ունի ու լավն է:

- Ինչպիսի՞ն էր ծնողներիդ՝ Արամոյի եւ Էմմայի արձագանքը: Աջակցո՞ւմ են քեզ քո ցանկացած ընտրության դեպքում, թե՞ ծնողների ու զավակի կոնֆլիկտ, այնուամենայնիվ, կա։

- Ծնողներիս արձագանքը շատ լավն էր, անկեղծ: Նրանք չէին սպասում:  Ընդհանրապես շատ քիչ եմ պատմում, թե ինչ եմ ցանկանում անել. սիրում եմ անել, հետո լսել իրենց կարծիքը: Նրանք աջակցում են ինձ միայն հոգեպես` լավն է կամ վատը, ինչը պետք է փոխվի, շատ քննադատում են: Ես երբեք չեմ փորձել իմ ընտանիքի միջոցով ինչ-որ բանի հասնել: Ինձ թվում է` դա բոլորին էլ պարզ է: Երբեք չեն եղել կոնֆլիկտներ, քանի որ մենք լավ ընկերներ ենք: Ծնողներիս հետ առաջին հերթին ընկեր եմ, հետո նոր` երեխա:

Էմմա Պետրոսյանը եւ Ավո Գեւորգյանը

Ավո Գեւորգյանը, Ֆելիքս Խաչատրյանը եւ A.Chilla-ն


- Եղե՞լ են դեպքեր, երբ մեծ դեր է խաղացել ծնողներիդ անունը:

- Իհարկե, այո, շատ այդպիսի դեպքեր են եղել, որ ճանաչել են, բայց չի եղել լուրջ դեպք` դռներ չեն փակվել իմ առջեւ, որոնք հետո բացվել են ծնողներիս շնորհիվ: Եթե դուռ է փակվել, ապա փորձել եմ «կրծելով» բացել:

- Հմայիչ երիտասարդ ես եւ միայնակ։ Թեեւ գուցե կա՞ մեկը քո կյանքում:

- Այո, այսօր միայնակ եմ: Շատերը կան, բայց լուրջ հարաբերություններ չունեմ:

- Մտադի՞ր ես արդյոք մշտապես հաստատվել Գերմանիայում: Ինչպիսի՞ն ես տեսնում ապագադ։

- Անկեղծ, կցանկանամ ունենալ մտքեր` մշտապես Հայաստանում ապրելու, ու ցավում եմ, որ ապագա չեմ տեսնում: Ես չգիտեմ` այսօր ջութակահարն ինչ պետք է անի Հայաստանում` որտեղ նավգի, ում համար եւ ինչպես ապրի: Ուղղակի անհնար է: Չգիտեմ, երբեք չեմ փորձել գուշակություններ անել. երեւի ապագան մոտավոր հասկանալու համար պետք է նայել անցյալին ու ներկային: Առհասարակ չեմ փորձում գուշակություններ անել, երբեք: Մի կարծիքով` կյանքը կմաքրի այն ամենը, ինչ սխալ է:

Զրուցեց Գայանե Թադեւոսյանը/Bravo.am/
Լուսանկարները` Վիգեն Մնոյանի, Արտյոմ Հովակիմյանի, BRAVO.am-ի եւ Ավո Գեւորգյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին