×


Ավո Խալաթյանը, Մերի Շահինյանը եւ այլք` Լիանա Մկրտչյանի “Նրանք ընկան” ցուցահանդեսին

Լիանա Մկրտչյանը Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում մարտի 28-ին ներկայացրել է “Նրանք ընկան” խորագրով իր կտավները: Երիտասարդ նկարչուհին իր իններորդ անհատական ցուցահանդեսը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Լիանա Մկրտչյանի "Նրանք ընկան" խորագրով ցուցահանդեսին


“Այս ցուցահանդեսն ամենակարեւորն է ինձ համար, քանի որ առաջին անգամ անդրադարձել եմ հայերի համար հիվանդագին մի թեմայի` Ցեղասպանությանը”,- BRAVO.am-ին ասել է  նկարչուհին` հավելելով, որ ստորեւ ներկայացված կտավը նկարել է վերջերս` ոգեշնչվելով Շառլ Ազնավուրի “Նրանք ընկան” ստեղծագործությունից.“Փորձել եմ փոխանցել այդ երգի ոգին: Շեշտեմ, որ այն իմ բոլոր կտավներից ամենազգացմունքայինն է ոչ թե արդյունքով, այլ կերտելու ընթացքով. ինձ համար շատ ծանր էր աշխատել այս գործի վրա”:

Լիանա Մկրտչյանի "Նրանք ընկան" կտավը


Խոսելով “Մարիաննա Արդարը” կտավից` Լիանան տեղեկացրել է, որ այն նկարել է 2012 թվականին.“Ինձ շատ էր հուզել Հայոց ցեղասպանության հարցում տարբեր երկրների ժխտողական քաղաքականությունը: Պատկերացրել եմ զոհերին, որոնք այլեւս կարող են միայն աղոթել, եւ Մարիաննան էլ ողջ աշխարհից պահանջում է արդարություն”:

Գեղանկարչուհու համար Հայոց ցեղասպանության ճանաչումը պայքար է.“Ինչպես հայ ազգի ներկայացուցիչ, այնպես էլ որպես նկարչուհի, հույս ունեմ, որ կարողացա իմ ավանդն ունենալ զոհերի հիշատակը ոգեկոչելու հարցում: Մենք հիշում ենք, դատապարտում եւ սպասում արդարությանը”:

Լիանա Մկրտչյանի "Նրանք ընկան" խորագրով ցուցահանդեսին


Ցուցահանդեսի հյուրերի շարքում էր Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով իր շնորհավորանքի խոսքում ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է աջակցել եւ հնարավորություն ընձեռել երիտասարդ ստեղծագործողներին ներկայանալ արվեստասերներին:

Հյուրերի շարքում էր հաղորդավար-մեկնաբան Մերի Շահինյանը, ով մեզ հետ զրույցում նշել է, որ Լիանա Մկրտչյանի արվեստի երկրպագուն է.“Այս անգամ ներկայացված կտավներն ինձ համար առավել տպավորիչ են, քանի որ թեման յուրաքանչյուրիս համար է ցավոտ է: Եվ ես ուրախ եմ, որ նաեւ արվեստի միջոցով ենք փորձում ուշադրություն գրավել”:

Ավո Խալաթյանը` Լիանա Մկրտչյանի "Նրանք ընկան" խորագրով ցուցահանդեսին


Օպերային մեներգիչ Պերճ Քարազյանն էլ նշել է, որ գեղանկարչուհու գործերը մշտապես հավանել է դրանցում առկա խորհրդավորության համար.“Կտավները գերում են հոգիդ, խաղաղվում ես, բայց միաժամանակ վախեցնում են, եւ ներսումդ մի բան խառնվում է: Նորանոր հաջողություններ եմ մաղթում նրան: Լիանան այն արվեստագետներից է, ով մշտապես փորձում է լայնացնել իր մտահորիզոնը”:

Հյուրերի շարքում էր նաեւ դերասան, երգիչ Ավո Խալաթյանը, ով եւս միացել է շնորհավորանքներին.“Ես սիրում եմ Լիանայի արվեստը: Նրա նկարներն իր նման հետաքրքրիր են, ոճով էլ` համահունչ իր տեսակին: Ուրախ եմ, որ նա եւս Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ասելիք ունի”:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիանա Մկրտչյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին