×


Արամ MP3. «Այդ պահին միակ տարբերակը գոռալն ու լացելն է»

«Եվրատեսիլ 2016»-ի եզրափակիչը երեկ ցուցադրվել է նաեւ Մարզահամերգային համալիրում` Արամ MP3-ի մենահամերգից հետո։ Հանդիսականների մի մասը մեծ էկրանին երգչի եւ նրա ընկերների հետ հետեւել է միջազգային մրցույթին, իսկ Իվետա Մուկուչյանի ելույթից հետո էլ «Հայաստան» վանկարկումներով եւ ուրախ բացականչություններով սպասել քվեարկության արդյունքներին։

Արամ MP3-ն` կնոջ հետ` երեկվա համերգին


BRAVO.am-ը մրցույթի ընթացքում զրուցել է «Եվրատեսիլ 2014»-ում 4-րդ հորիզոնականը գրաված Արամ MP3-ի հետ, որի ցուցանիշը լավագույններից մեկն է եվրատեսիլյան մեր պատմության մեջ.«Երբ ես էի մասնակցում, մոտավորապես պատկերացնում էի՝ որ հորիզոնականում կլինեմ. շատ բաներ տեղում հասկանում ես։ Իվետայի հետ կապի մեջ եմ, շատ լավ է տրամադրված, երգելուց հետո հիմա երեւի լացում է, նորմալ է, ես էլ էի վերջին ելույթիցս հետո լացում։ Ահավոր ծանր էր, այդ պահին լիցքաթափվելու միակ տարբերակը գոռալն ու լացելն է։ Մինչեւ «Կանաչ սենյակ» հասնելը, կարծես, վերակենդանացման բաժանմունքում լինես, հետո այդ վիճակն արագ մոռանում ես։ Իվետայի տանջանքներին ապաշխարանք։ Վերջ, իր ելույթներն ավարտեց, կարող է հանգիստ քնել ու անցնել իր առօրյա կյանքին։ Իրականում, շատ դժվար պրոցես է, դրա միջով անցած մասնակիցները հասկանում են պատասխանատվության չափը»։

Նշենք, որ Արամը նախքան քվեարկությունը կանխատեսել էր հաղթողներին. «Հաջողված երգեր կան, օրինակ՝ ինձ տպավորել են Ուկրաինայի եւ Ավստրալիայի երգերը։ Ջամալայի երգը «Եվրատեսիլ»-ի համար օրիգինալ է, Ավստրալիայինն էլ հետաքրքիր ու տպավորիչ է»։

«Եվրատեսիլ 2016»-ի եզրափակիչը ցուցադրվել է նաեւ Մարզահամերգային համալիրում


BRAVO.am-ի հարցին, թե կցանկանար երկրորդ անգամ մասնակցել միջազգային այս մրցույթին, նա պատասխանել է.«Անկեղծորեն, իսկապես չեմ ուզում, որովհետեւ մի անգամ անցել եմ դրա միջով, ինձ համար արդեն հետաքրքիր չէ, ուրիշ նպատակներ ու ցանկություններ ունեմ»։

Հավելենք, որ երգիչ-դերասանն առաջիկա օրերին կմեկնի Լոս Անջելես՝ ներկա լինելու իր գլխավոր դերակատարմամբ «Առաջին դեմք» կատակերգության ամերիկյան պրեմիերային։ 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW