×


Արամ MP3-ն մենահամերգի ողջ հասույթը կտրամադրի Արցախի Պաշտպանության բանակին

Արամ MP3-ն քիչ առաջ իր «ֆեյսբուքյան» էջում գրել է.«Որպես հայ եւ իմ հայրենիքը սիրող անձ, ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել հայ զինվորին` անձնազոհ կեցվածքի, օրինակելի քաջության եւ նվիրվածության համար: Գլուխ եմ խոնարհում յուրաքանչյուր զինվորի առջեւ եւ համոզված եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ, անհրաժեշտության դեպքում, պետք է զինվորագրվի բանակին եւ մասնակցի հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Թշնամին երբեք չի կարող ոտք դնել հայի արյան գնով ազատագրված հողի վրա, որովհետեւ ես հավատում եմ մեր տղաների աչքերի փայլին, հայ զինվորի խելքին ու ուժին, մեր նախնիներից ժառանգած իմաստուն մտքին: Վստահ եմ, որ ուժեղ եւ խելացի մարդիկ միշտ հաղթում են: Ցավակցություն եմ հայտնում մեր զոհված բոլոր զինվորների ընտանիքներին, հարազատներին։ Նրանց վիշտը հնարավոր չէ ամոքել»։


Արամ MP3-ն

Անդրադառնալով Մարզահամերգային համալիրում ապրիլի 7-ին ծրագրված իր մենահամերգին` երգիչը նշել է` թեեւ տոմսերը գրեթե ամբողջությամբ սպառված են, ռազմական գործողությունների վերսկսման առաջին իսկ օրերից մտածել է այն չեղարկելու մասին.«Սակայն, երկար խորհելով եւ ավելի սթափ մտածելով, ինչպես նաեւ համերգը կազմակերպող ստեղծագործական ամբողջ անձնակազմի կարծիքը հաշվի առնելով` հասկացա, որ համերգը չեղարկելով ոչ մի կերպ օգտակար եւ ցավակից չեմ լինի ո՛չ սահմանին կանգնած զինվորին, ո՛չ վիրավորին, ո՛չ էլ լումա կունենամ որպես մտահոգված հայ մարդ, ուստի, որոշեցի, որ համերգը պիտի կայանա եւ դրա ողջ հասույթը պիտի տրամադրվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակին` ըստ անհրաժեշտության օգտագործելու համար: Վստահ եմ, որ համերգի այս ձեւաչափով կայանալը ավելի նպատակահարմար է եւ օգտավետ, քան նրա չեղարկումը: Կարծում եմ` որոշումս ճիշտ է եւ կգտնի համարժեք արձագանք թե՛ գործընկերներից, թե՛ լրատվամիջոցների, եւ թե՛ հանդիսատեսի կողմից»։

Արամ MP3-ին իր հաջորդ գրառմամբ տեղեկացրել է, որ մենահամերգը հետաձգվել է.«Ընթերցելով ապրիլի 7-ին կայանալիք համերգն անցկացնելու եւ համերգի ողջ հասույթը բանակին փոխանցելու վերաբերյալ իմ կողմից կատարված գրառման տակ թողնված մեկնաբանությունները՝ հասկացա, որ հանրության մի մասը դեմ է նման իրադրությունում համերգի կայանալուն: Պիտի անկեղծ լինեմ ու նշեմ, որ ինձ համար նույնպես շատ դժվար է եղել նման որոշում կայացնելը եւ նման ծանր հոգեվիճակով ելույթ ունենալը, որի միակ շարժառիթը եղել է հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը, իսկ նպատակը՝ որեւէ կերպ մեր բանակին սատար կանգնելը: Հարգելով հանրության կարծիքը՝ մենահամերգս տեղափոխում եմ մեր բանակի կրկնակի հաղթանակը տոնելու օրը: Իսկ նպատակը մնալու է նույնը՝ համերգի ողջ հասույթը փոխանցել ԼՂՀ Պաշտպանության բանակին»: 


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին