×


Արամ MP3.“ Հուսամ` բեմից ամբողջ էներգիաս տալուց հետո կկարողանամ քայլել ու երգել :)”

Արամ MP3-ն եւ Գոհար Գասպարյանն այսօր դանիական տարազի գլխարկներով ողջունել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին` պատասխանելով մամուլի ասուլիսի ընթացքում հնչած հարցերին: “Not alone”/“Միայնակ չես”/ երգի տեսահոլովակը մրցույթի պաշտոնական “YouTube”-յան ալիքում այս պահին դիտումների քանակով առաջինն է` շուրջ 811 հազար ցուցանիշով: Բուքմեյքերական միջազգային տարբեր ընկերություններ առաջին հորիզոնականում տեսնում են հենց Հայաստանի պատվիրակին:):

Արամ MP3-ին եւ Գոհար Գասպարյանը


Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, որն այսօր է վերադարձել Կոպենհագենում կայացած պատվիրակությունների ղեկավարների ժողովից, ուրախությամբ հայտնել է, որ դրական կարծիքներ շատ է լսել.“Անչափ ոգեւորված ենք, եզակի տարիներից մեկն է, որ քիչ թե շատ զգում ենք հաղթանակի շունչը, բայց դեռ շատ աշխատանք կա անելու: Հարցնում էին` արդյոք երգը շվեդներն են գրել, քանի որ երաժշտական ինդուստրիան հիմա նրանց մոտ է կենտրոնացած, հպարտությամբ նշում էի, որ մեր տղաներն են հեղինակները”:

Արամ MP3-ն էլ պատմել է, որ “Not Alone”-ի երաժշտությունը գրել է նախորդ տարի, երբ “Եվրատեսիլ-2014”-ին իր մասնակցության մասին դեռ չգիտեր.“Հանպատրաստից եմ գրել, առաջին լսողները շատ էին հավանել, նույնիսկ մտածում էինք, որ կարելի է այս երգով մրցույթի մասնակցել: Իսկ երբ իմ անունը հայտարարվեց, “YouTube”-ում ավելի շատ ավելացան “If I Tried”-ի, քան “Shine” երգի դիտումները, դա էլ նպաստեց, որ մտածեմ` եվրոպացիներին ավելի շատ այդ ոճի երգերն են դուր գալիս”:

Արամ MP3-ին եւ Գոհար Գասպարյանը


Երգիչ-հումորիստը դեռ չի բացում իր երգի շոուի փակագծերը` ցանկանալով անակնկալ մատուցել: Միայն հայտնել է, որ կերգի առանց բեք-վոկալիստների.“Այս տարի բեմը հետաքրքիր է մտածված. մենք կփորձենք հնարավորինս լավ օգտագործել տեխնիկական հնարավորությունները: Ուզում ենք երգին համահունչ բեմադրություն անել: Երգն առանձնանում է ստանդարտից, ունի զարգացում, լուծում եւ ավարտ, կարծում եմ` այսպես ավելի կներգործի մարդկանց վրա: Առաջին հատվածում հանգիստ կլինեմ, բայց հետո էմոցիաների միջոցով ուզում եմ արտահայտել ներքինս: Հուսամ` բեմից ամբողջ էներգիաս տալուց հետո կկարողանամ քայլել ու երգել:)”: 

Արամ MP3-ին “Վիտամին” ակումբի տղաների մասնակցությամբ պրոմոարշավը սկսում է մարտի 27-ին. ռուսաստանյան եւ եվրոպական քաղաքներում ելույթ կունանա մինչեւ ապրիլի 21-ը, որից հետո կվերադառնա Երեւան եւ ապրիլի վերջին պատվիրակության հետ կմեկնի Դանիա:

“Եվրատեսիլ-2014” երգի միջազգային մրցույթի հայ մասնակիցն իր ծննդյան օրը` ապրիլի 5-ին, կլինի Ամստերդամում: Նա 30-ամյակը կնշի մրցույթի շրջանակում կազմակերպված համերգի ժամանակ` կատարելով “Not Alone”-ը.“Վերջին տասը տարվա ընթացքում ծնունդս ավելի շատ ինքնաթիռում եմ անցկացնում, քան տանը, այս տարի էլ հյուրախաղերի մեջ կանցկացնեմ”: Ապրիլի 6-ին էլ նա ելույթ կունենա Մոսկվայում կայանալիք “Armenian Music Awards” մրցանակաբաշխությանը, իսկ ապրիլի 13-ին` Լոնդոնում` կրկին եվրատեսիլյան համերգներից մեկին:

Արամ MP3-ին


Այս տարի “Եվրատեսիլ”-ին մասնակցող 37 երկրից Արամին ամենից շատ դուր է եկել Հունգարիայի ներկայացուցչի երգը.“Այն բավական սիրվել է, իրոք լավ երգեր կան: Այս անգամ գերակշռում են բալլադները”: Հարցին, թե ինչպես է վերաբերվում Ավստրիան ներկայացնող Կոնչիտայի մասնակցությանը, նա պատասխանել է.“Ծանր է, որ իրար հետ նույն բեմում ենք երգելու: Սովորաբար, երբ հասնում եմ Կոմայգի, մեքենայիս ընթացքն արագացնում եմ, բայց մրցույթին չպետք է աջուձախ նայել, մենք մեր նպատակի հետեւից ենք գնում: Միայն ասեմ, որ տղա-կինը բուքմեյքերական ընկերություններում լավագույն հնգյակում չկա”:

Չնայած լարվածությանն ու անքուն գիշերներին` երգիչը դրական է տրամադրված. “Հիմա շատ եմ լարվում ու նյարդայնանում, հասկանում եմ, որ կարիք չկա, բայց պատասխանատու գործ է: Բոլորիս նպատակն է, որ 2015-ին մրցույթը մեր երկրում անցկացվի, եւ որքան բարձր հորիզոնական գրավենք, այնքան լավ: Կարծում եմ` հնգյակում կհայտնվենք: Ես մրցույթից ակնկալում եմ նոր ծանոթներ, շրջապատ եւ նոր համագործակցություններ”:

Նշենք, որ “Եվրատեսիլ”-ի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին` Կոպենհագենում: Ինչպես գիտեք, մրցույթի յուրաքանչյուր մասնակցի ելույթից առաջ ցուցադրվում են տվյալ երկրի մասին տեսաբացիկներ: Առաջիկա օրերին Դանիայից ժամանելու է նկարահանող խումբը` նկարելու Հայաստանի մասին տեսաբացիկը: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW