×


Արամ Թալալյան.«Տեսնենք՝ Երեւանում ինչպես կընդունեն այս էքսպերիմենտը»

Մարտի 26-ին «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում կկայանա թավջութակահար Արամ Թալալյանի մենահամերգը: Այս համերգի յուրահատկությունն այն է, որ կսկսվի ժամը 15:00-ին։

Արամ Թալալյանը ելույթ կունենա «Գաֆեսճյան»-ում


Հայաստանի վաստակավոր արտիստը ծրագրում ներառել է միայն Բախի ստեղծագործությունները.«Աշխարհում ընդունված կարգ է կիրակի օրերին տեղի ունեցող ցերեկային համերգները: Երկուշաբթի մարդիկ աշխատում են, եւ այդ տեսանկյունից հանդիսատեսին հարմար է, որ նախորդ օրը համերգը շուտ սկսվի: Միացյալ Նահանգներում եւ եվրոպական երկրներում վաղուց ավանդույթ է, մենք էլ որոշեցինք նույնը փորձել Երեւանում՝ հասկանալու, թե ինչպես երաժշտասերները կընդունեն այս էքսպերիմենտը։ Բեմում կլինեմ սոլո կատարումներով: Բախի առաջին ծրագիրը նվագել եմ նախորդ տարվա նոյեմբերին, այս անգամ կհնչի երկրորդ մասը»։

2009 թվականին նա դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի հետ հիմնադրել է «Արս Լունգա» դուետը, միասին ներկայացրել են «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ձայնագրությունների շարքը, որը 12 սկավառակից կազմված ժողովածու է։ Այժմ աշխատում են նոր ալբոմի ստեղծման վրա.«Այս գարնանն ակտիվորեն ձայնագրություններ ենք անում տրիոներով։ Յուրաքանչյուր ստեղծագործության համար հրավիրում ենք Հայաստանում կամ արտերկրում ապրող ջութակահարների։ Կրկին բազմասկավառակ ալբոմ է լինելու՝ մոտ 14 սկավառակից բաղկացած։ Դժվար աշխատանք է, քանի որ պետք է կենտրոնանանք միայն ձայնագրությունների վրա»։

Արամ Թալալյանը


Ինչպես տեղեկացրել է Արամ Թալալյանը, ապրիլի 10-ին Ա. Խաչատրյանի անվան քառյակը, որի կազմում է թավջութակահարը, նաեւ սոպրանոներ Հասմիկ Բաղդասարյանն ու Հենրիետտա Հարությունովան Սուրբ Հարության տոնին ընդառաջ ելույթ կունենան Երեւանում։ Երաժիշտները կկատարեն իտալացի կոմպոզիտոր Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր»/Stabat Mater/ ստեղծագործությունը. «Բարոկո շրջանի ամենահայտնի գործերից մեկն է, որը Սուրբ Զատկի թեմային է նվիրված։ Բացի այդ, հրավերներ կան եվրոպական մի քանի երկրից։ Հավանաբար, ամռանն ու աշնանը կմեկնենք հյուրախաղերի, այժմ բանակցությունների փուլում ենք»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Արամ Թալալյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին