×


Արամ Նիկոլյանի երազային ցուցադրությունը Սեւանում :)

Երեկ Սեւանա լճում լողում էր Արամ Նիկոլյանի երազային լաստանավը:): Ոճաբան-դիզայների “Իմ երազը” բարեգործական հավաքածուի ցուցադրության ավելի քան 150 հյուրերը տեղավորվել էին ծաղկային թեմատիկայով զարդարված լաստանավի վրա եւ տեղափոխվել երեխաների գունեղ աշխարհ: Միջոցառմանը ներկա էին տասնյակ հաղորդավարներ, մոդելավորողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Արամ Նիկոլյանի "Իմ երազը" հավաքածուի ցուցադրությանը


Կանանց ու տղամարդկանց համար նախատեսված ծաղկային հավաքածուի ստեղծման գործում մասնակցություն են ունեցել “Երազ” բարեգործական հիմնադրամի կողմից աջակցություն ստացող երեխաները. ճերմակ զգեստները զարդարված են հենց նրանց նկարած պատկերներով:

Հաղորդավարներ Արամ Չախոյանն ու Գայանե Ասլամազյանը, ովքեր եւս կրում էին հավաքածուի նմուշներից, ներկաներին պատմել են բարեգործական ցուցադրության նպատակի մասին.“Յուրաքանչյուրս կարող է օգնության ձեռք մեկնել փոքրիկներին: Շնորհակալ ենք, որ այսքան համախոհներ կան: Ցավոք, քամին թույլ չտվեց, որ երեխաների նկարած պատկերները փակցվեն նաեւ պատերին”,-նշել է Գայանեն, Արամն էլ հավելել, որ համարակալված զգեստները հավանելու դեպքում կարող են գնել.“Դրանք արժեն 50.000-ից 100.000 դրամ: Վստահ եղեք, որ հավաքված գումարը ծառայելու է շատ բարի գործի համար”:

Արամ Չախոյանը եւ Գայանե Ասլամազյանը


Ցուցադրություն-վաճառքի սկզբում չորս երեխա ներկաների աչքի առջեւ նկարում էին մոդելների սպիտակ հագուստի վրա, երաժշտությունն ապահովում էր DJ Dale-ը, իսկ ծաղրածուների զվարճալի համարներն ու պարողների ելույթը հեքիաթային մթնոլորտ էին ստեղծել լաստանավի վրա: Հանպատրաստից տեղի ունեցավ մի քանի զգեստի աճուրդ, քանի որ միեւնույն նմուշը ձեռք բերելու ցանկություն էր հայտնել մեկից ավելի գնորդ: Հյուրերից ոմանք էլ աջակցեցին հանգականությամբ:

45 զգեստից բաղկացած հավաքածուի նախապատրաստական աշխատանքները տեւել են մոտ 2 ամիս, իսկ կարվել են 10 օրվա ընթացքում.“Ցանկացած մարդ երազում է մի օր մանկանալ, այսօր ես մանուկ եմ: Հոգեպես լիովին բավարարված եմ. չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ այսքան հուզված եղել: Ոչինչ չխանգարեց, այդ թվում` եղանակը. Աստված մեր կողքին է: Իմ առաջին բարեգործական հավաքածուն է, կարծում եմ` կհաջողվի այնքան գումար հավաքել, որ երեխաների համար գնվեն շաքարաչափիչներ”,-ցուցադրությունից հետո իր տպավորություններով կիսվել է Արամ Նիկոլյանը:

Էրիկ Անթառանյանը, Արամ Նիկոլյանը եւ Արման Մարգարյանը


Արդեն 4 տարի գործող “Երազ” բարեգործական հիմնադրամն աջակցում է դիաբետով հիվանդ շուրջ 320 երեխայի: Հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը BRAVO.am-ին պատմել է, թե ինչպես է ծագել ցուցադրության գաղափարը.“Երբ երեք տարի առաջ Արամը մեզ հարցրեց, թե ինչով կարող է օգտակար լինել, չէինք պատկերացնում` ինչ կարելի է անել: Այս տարեսկզբին երեխաների հետ նոր հավաքածու ստեղծելու գաղափարը քննարկեցինք, ահա եւ արդյունքը:)”:

“Իմ երազը” հավաքածուի նկարչուհիներից մեկը Լիդան է: Թեեւ նա որոշել է բժիշկ դառնալ, նշում է` նկարչությունն իր տարերքն է.“Արամ Նիկոլյանի հետ աշխատելը շատ հաճելի էր. թողնում էր, որ մեր պատկերացրածը թղթին հանձնենք: Չորս նկար էի ստեղծել, բոլորն էլ օգտագործել է: Այնքան հաճելի էր ողջ ընթացքը, որ հաճույքով նորից կմասնակցեմ”:

Արամ Նիկոլյանի "Իմ երազը" հավաքածուի ցուցադրությանը


Նշենք, որ “Իմ երազը” հավաքածուի վաճառքից ստացված ողջ հասույթը կծառայի “Մուրացան” հիվանդանոցային համալիրում գտնվող հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաներին. ձեռք կբերվեն շաքարաչափիչներ` տնային պայմաններում հիվանդությունը վերահսկելու համար:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին