×


Արամ Նիկոլյանի նոր հավաքածուի ցուցադրությունն ու հայտնի հյուրերը

«Այնթապ»` այսպես է կոչվում Արամ Նիկոլյանի նոր հավաքածուն, որի առաջին ցուցադրությունը կայացել է երեկ, իսկ վայրը նախկին Կենտրոնական հանրախանութն էր, որն այսօր հիշում են որպես Երեւանի «Մանկական աշխարհ»։ Նկարիչ-մոդելավորողի եւ նրա անձնակազմի գարուն-ամառ 2017 հավաքածուն առաջինը գնահատել են գործընկերները՝ շոու-բիզնեսի, նորաձեւության, հեռուստատեսության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում։ 

Արամ Նիկոլյանի «Այնթապ» հավաքածուի ցուցադրությանը


Այս հավաքածուն նախորդի՝ «Ուրֆա. Վերածնված արժեքներ»-ի, որի հիմքում հայկական տարազներն էին, յուրատեսակ շարունակությունն է։ Այստեղ էլ շեշտադրված է ասեղնագործությունը։ Արեւմտյան Հայաստանում գտնվող Այնթափ քաղաքը հայտնի է եղել կարպետագործությամբ, ոսկերչությամբ ու ասեղնագործությամբ։ Ըստ պատմական աղբյուրների՝ հայերն ասեղնագործել են սփռոցներ, թաշկինակներ, ժանյակներ, որոնցով զարդարել են գլխաշորերն ու հագուստը։ Ասեղնագործության տեսակն էլ ստացել է քաղաքի անվանումը։ 

Արամ Նիկոլյանի «Այնթապ» հավաքածուի ցուցադրությանը


Դիզայները հայկական էթնիկ կարատեսակն ու հագուստը մատուցել է ժամանակակից ձեւվածքներով։ Եթե «Ուրֆա» հավաքածուի զգեստները բազմերանգ էին, ապա «Այնթապ»-ում միայն սեւ ու սպիտակ են.«Ասեղնագործության նրբությունները սեւ ու սպիտակի վրա ավելի լավ են երեւում։ Մինիմալիստական լուծումներով զգեստների վրա փորձել ենք ցույց տալ ասեղնագործության շքեղությունը»,-նշել է դիզայները:

Ցուցադրությանը մասնակցում էին 16 մոդել, որոնց շարքում էին Աննա Գրիգորյանը, Լյուսի Հայրապետյանը, Ռուզան Ապրեսյանը, Լիանա Թովմասյանը, Նարե Զաքարյանը եւ այլք։ Միանման հյուսքերով աղջիկներն ազգային էթնիկ երաժշտության ներքո զուգահեռ ներկայացնում էին նույն մոդելի զգեստի սեւ եւ սպիտակ տարբերակները։

Արամ Նիկոլյանի «Այնթապ» հավաքածուի ցուցադրությանը


Ինչպես նշել է դիզայները՝ Այնթափի ասեղնագործություններով այս հավաքածուի նպատակն ազգային հագուստի տարրերն առօրյայում կրելի դարձնելն է.«Ուզում եմ՝ հին հայկական կարատեսակները վերականգնել։ Այս նախագիծը շարունակական է. կներկայացնեմ նաեւ մյուս տարածաշրջանների ասեղնագործությունը»։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին