×


Արամ Չախոյան.“Կողքիս ունեմ կին, որը շատ մոտ է կյանքն ինձ հետ կապելուն”

2013 թվականի օգոստոսի 22-ին հաղորդավար Արամ Չախոյանը ընկերների հետ գնում էր Վրաստան` մասնակցելու երաժշտական միջազգային փառատոնի, որի շրջանակում ելույթ էին ունենալու հանրահայտ դիջեյներ, բայց ավտովթարը խափանեց բոլոր պլանները… BRAVO.am-ն օրերս անկեղծ զրույց է ունեցել փորձությունը հաղթահարած հաղորդավարի հետ, որի կյանքի փիլիսոփայությունը ներկայացնում ենք մենախոսության տեսքով:

Արամ Չախոյանը


Ես եւ ընկերուհիս շատ էինք ցանկանում ներկա գտնվել միջոցառմանը, բայց հենց սկզբից խոչընդոտներ եղան. այն վարորդը, ով մեզ պետք է տաներ, վերջին պահին հրաժարվեց, եւ գիշերը ժամը 1-ին ուղեւորվեցինք ընկերներիցս մեկի ավտոմեքենայով: Երեքով էինք, ղեկին ընկերս էր, իսկ ես վարել չգիտեմ. սիրում եմ ուղեւորի կարգավիճակը: Քնած էի, երբ վթարն եղավ, ոչինչ չեմ զգացել, միայն ընկերներիս գոռոցն եմ լսել, հետո մթություն էր, իսկ երբ ուշքի եկա, մեզ բուժօգնություն էին ցույց տալիս”:

Մեզ բախված ավտոմեքենան վարում էր ադրբեջանցի, օգնություն ցուցաբերած բժիշկը եւս ադրբեջանցի էր: Վերջինիս հետ հետաքրքիր երկխոսություն ունեցանք. ասաց` իր համար կարեւոր չէ ազգությունը, բժշկական պարտքն է կատարում: Մոտ օրերս պատրաստվում եմ կրկին գնալ Վրաստան եւ որոշել եմ այցելել նրան` շնորհակալություն հայտնելու, քանի որ առանց իր օգնության հիմա ողջ չէինք լինի. ծանր վնասվածքներ ունեինք: Մեր բախտն այնքանով էլ բերեց, որ երկու մեքենայով էինք մեկնել, եւ եթե ընկերներս չլինեին, գիշերվա կեսին մնալու էինք ճանապարհին եւ արնահոսեինք:

Միստիկա կար այս ամենի մեջ, ոչ մի կերպ չէր ստացվում անցնել այն ճանապարհը, որը նախկինում բազմիցս անցել ենք: Կանխազգացում ունեի, որ մեզ մի բան խանգարելու է մասնակցել փառատոնին:

Ես եւ ընկերս մոտ 26 օր անցկացրինք հիվանդանոցում, բայց դրանք տխուր օրեր չէին:  Ինձ այցելում էին մտերիմներս, ժամանակս էլ օգտագործել եմ բավական արդյունավետ. հրաժարվել էի համացանցից եւ գիրք էի կարդում: Ջորջ Մարտինի “Թրերի փոթորիկն” ավարտեցի հենց դուրս գրվելուս օրը:

Արամ Չախոյանը


Մի քանի վիրահատություն եմ տարել. դեմքս շատ լուրջ վնասվել էր, բայց լավ բժիշկների շնորհիվ վերականգնվել եմ: Անկեղծ ասեմ` այս սպիերը ինձ համար հասարակ բան են, բայց կարծում եմ` ինչ-որ չափով կարիերայիս վնաս տվեցին:

Ավտովթարը կյանքիս ամենաբարդ փուլը չեմ համարում. ավելի վատ իրավիճակներում եմ հայտնվել:  Եղել են շրջաններ, երբ աշխատանք չեմ ունեցել. լիարժեք առողջ տղամարդ ես եւ չես կարողանում գտնել քեզ հետաքրքրող աշխատանք:

Մոտ 13 տարի վարել եմ ուղիղ եթերներ, իսկ հիմա հեռուստատեսությունում աշխատելու առաջարկ չունեմ. փնտրում են նոր դեմքեր… Երաժշտական ծրագրերն իմ աշխատանքային պարտականությունն էին, գումար էի ստանում նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք չէին հեռարձակվում: Անկեղծ ասեմ` իմ աշխատանքն ինձ դուր չի եկել, փոխարենը կցանկանայի այնպիսի հաղորդում հեղինակել եւ վարել, որն ուսուցողական բնույթ կկրի: Լուսային էֆեկտներով շքեղ տաղավար պետք չէ, այլ` երկու աթոռ եւ հետաքրքիր զրուցակից. տվեք ինձ դա եւ ես հետաքրքիր հաղորդում կներկայացնեմ:

Կյանքի իմաստն այն ճանաչելն է: 
Շատերի համար գուցե ամուսնանալն ու սերունդ տալն է, բայց այդպես մենք դառնում ենք ընդամենը գենետիկական տրանսպորտ ժամանակի մեջ. կյանք ենք ստանում, գենը փոխանցում եւ մահանում… Շատ պարզունակ է, մի քիչ համաձայն չեմ մեր այս դերի հետ:

Ընտանիք կազմելու համար երկու մարդ պետք է իրար հետ կապված լինեն զգացմունքներով, այլ ոչ թե համատեղ պարտականություններով: Կողքիս ունեմ կին, որը, կարծում եմ, շատ մոտ է կյանքն ինձ հետ կապելուն եւ այդ ճանապարհն անցնելուն: Ես տղամարդն եմ, տանողը, եւ նա պետք է ինձ հետ գա այդ խորքերը:

Արամ Չախոյանը


Պատրաստվում եմ օրինականացնել մեր հարաբերությունները: Չեմ ուզում հերթական անգամ սխալվել: Ամեն կին քեզնից մի բան պոկում տանում է: Անկախ նրանից, թե հարաբերություններն ինչպես են ավարտվում, դատարկվում ես. այդքան ուժ չունեմ, այսինքն` շատ քիչ ռեսուրս է մնացել, որ ներդնեմ իմ կնոջ մեջ եւ ստանամ նրանից:

Հարսանեկան խնջույքները որկրամոլության տաճար են, իսկ ադաթները մեր ժամանակներում ոչնչով պայմանավորված չեն: Չեմ անելու մի բան, որ զարմացնեմ մարդկանց. դա իմ եւ կնոջս տոնը կլինի: Կարծում եմ` խնջույքի համար նախատեսված գումարով կարելի է 20-25 օր անցկացնել աշխարհի ամենագեղատեսիլ վայրերից մեկում:

Ես եւ Աննան եկեղեցում կպսակադրվենք, քանի որ շատ լավ հասկանում եմ, թե որքան կարեւոր է կնոջ համար հարսի սպիտակ զգեստը:


“Ես քեզ սիրում եմ” արտահայտությունը կյանքում մի քանի անգամ եմ ասել:  Իմ սերը դեպի կողակիցս փորձում եմ արտահայտել ոչ թե ոտքերի տակ միլիոն վարդեր գցելով, այլ, օրինակ, մանկատան սաների կամ ծերանոցի բնակիչների համար իր անվամբ հանգանակություն կատարելով: Իսկ բազմաթիվ վարդեր գնելով` կհարստացնեմ հարուստ որեւէ մարդու: Ուզում եմ, որ նա էլ դա հասկանա:

Աննա Պողոսյանը եւ Արամ Չախոյանը


Կիրակի օրերին Երեւանի ակումբներից մեկում էլեկտրոնային երաժշտություն եմ հնչեցնում: Սիրում եմ լավ երաժշտություն եւ վաղուց ունեմ այս զբաղմունքը. Հայաստանում դիջեյական դպրոցի հիմնադիրներից եմ:

Գլամուրային կյանքով ապրելու փուլը` լավ վայրեր այցելել, լավ աղջիկների հետ սուրճ խմել, անցել եմ:
 

Հաճույք եմ ստանում հանրահայտ մարդկանց մտքերը կարդալուց, լավ մարդկանց հետ շփումից: Շատերը կան, որ կուզեի իրենց հետ սուրճ խմել: Ինձ համար գերագույն հաճույք է լավ զրուցակից ունենալը:

Բոլոր ձեւականություններից ազատվել եմ: Արարքներս պայմանավորված են միայն մեկ հանգամանքով, որ ծնողներս չհիասթափվեն: Ուզում եմ` նրանք մտածեն, որ լավ տղաներ են մեծացրել:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Արամ Չախոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին