×


Արամ Օհանյան.“Ադրիանան սիրահարվեց ինձ միայն այն ժամանակ, երբ իմացավ` հայ եմ:)”

Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար(1,24 սմ) եւ սլացիկ ոտքերի տիրուհին` Ադրիանա Կարեմբոն, ամուսնու` Արամ Օհանյանի հետ այս օրերին Երեւանում է: Հայաստանի եւ Արցախի համար անցկացվող ամենամյա հեռախոսամարաթոնի` “Ֆոնեթոն 2014”-ի “կնքամայրն” այստեղ է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հրավերով եւ, ինչպես նշել է լրագրողների հետ զրույցում, արդեն իսկ հասցրել է լինել մի շարք վայրերում, որտեղ սիրելին անցկացրել է իր մանկությունը:

Ադրիանա Կարեմբոն


Աշխարհահռչակ սլովակուհին նշել է, որ մինչ Արամի հետ ամուսնությունը Հայաստանի մասին քիչ տեղեկություն է ունեցել, սակայն հիմա բացը լրացնում է.“Շատ բան իմացա նրա ընտանիքի շնորհիվ, նաեւ ծանոթացել եմ արտերկրում բնակվող հայերի հետ: Բացի այդ, հայերենի բառարան եմ կազմել` երբեմն ամուսնուս հետ գաղտնի խոսելու համար:)”:

Ադրիանան, պատասխանելով իր առաջին մասնագիտությանը վերաբերող BRAVO.am-ի հարցին, նշել է, որ աշխատասիրությունն ու ցանկացած հարցին լուրջ վերաբերմունքը սովորել է հենց բժշկությունից.“Բացի այդ, շատ է օգնել, երբ հեռուստատեսությամբ գիտական հաղորդում էի վարում”:

Արամ Օհանյանը եւ Ադրիանա Կարեմբոն


1.85 սմ հասակով շիկահեր մոդել-հաղորդավարուհին, իհարկե, խոսել է նաեւ իր արտաքին տվյալների մասին.“Ցավալի է, բայց եթե գեղեցիկ չլինեի, հավանաբար, այսօր այստեղ չէի լինի. սա է իրականությունը: Գեղեցկությունը զենք է, որը փորձում եմ ծառայեցնել բարի նպատակներին”:

Ի դեպ, նախկին ամուսնու` ֆուտբոլիստ Քրիստիան Կարեմբոյի ազգանվամբ հայտնի Ադրիանան տեղեկացրել է, որ այլեւս Օհանյան է.“Փոխել եմ ազգանունս: Իսպանիայում եւ Իտալիայում հայտնի էի որպես Սկլենարիկովա, Ֆրանսիայում` որպես Կարեմբո, բայց նախընտրում եմ, որ ինձ պարզապես Ադրիանա դիմեն, ավելի ճիշտ` Ադրիանա ջան:)”:

Արամ Օհանյանը եւ Ադրիանա Կարեմբոն


Հանդիպման ավարտին Արամ Օհանյանն էլ պատմել է իր եւ Ադրիանայի սիրո պատմությունը.“Նախընտրում եմ ստվերում մնալ: Հայրս հայտնի բռնցքամարտիկ էր, սկզբում նրա ստվերում էի, հիմա էլ` կնոջս:): Առաջին հայացքից սիրահարվեցի նրան, երբ հանդիպեցի Մարաքեշի իմ ռեստորանում: Նա եկել էր Ալեն Դելոնի հետ: Իսկ Ադրիանան սիրահարվեց ինձ միայն այն ժամանակ, երբ իմացավ, որ հայ եմ: Սա, իհարկե, իրականություն չէ, բայց գեղեցիկ է:)”:

Գեղեցիկ զույգը հայտնել է, որ նախատեսում են Հայաստան այցելել նաեւ 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին