×


Արամե.«Շատ կուզեի, որ Աննան ինձ հետ լիներ»

Արամեն մինչ տարեվերջ ստեղծագործական բուռն գործունեություն կծավալի: Երգիչը օրերս Երեւանում նոր տեսահոլովակ է նկարահանել «Համով-հոտով» երգի հիման վրա, իսկ այսօր արդեն Միացյալ Նահանգներում է, որտեղ հոկտեմբերի 9-ին առաջին անգամ մենահամերգով հանդես կգա ամերիկաբնակ հայերի առջեւ, որից հետո էլ Սիլվա Հակոբյանի հետ հյուրախաղեր կսկսի Ռուսաստանում:

Արամեն


«Չորս ամիս է, ինչ նախապատրաստվում ենք Փասադենայում կայանալիք մենահամերգին: Ամեն մանրուք հաշվի ենք առել, շատ մանրակրկիտ աշխատանք ենք կատարել, կարծում եմ՝ արդյունքը գոհացնող կլինի: Հետաքրքրի շոու ծրագիր ենք նախատեսել: Հնչելու են արդեն իսկ ճանաչված ու սիրված երգեր, սպասվում են պրեմիերաներ: Զուգերգով հանդես կգամ կնոջս՝ Աննայի հետ: Այս երգը նույնպես առաջին անգամ է հնչելու: Բոլոր պատասխանատու պահերին կինս կողքիս է, այս անգամն էլ բացառություն չէ»,-BRAVO.am-ին ասել է նա:

Իսկ ահա ռուսաստանյան շրջագայության ժամանակ Աննան չի ուղեկցի ամուսնուն.«Նա ինձ հետ չի լինի, որովհետեւ ահավոր տանջալի ճամփորդություն է սպասվում: Շատ կուզեի, որ ինձ հետ լիներ, բայց միեւնույն ժամանակ, չեմ ուզում՝ տանջվի»,-նշել է երգիչը:

Արամեն՝ կնոջ հետ


Վերջերս Արամեն զուգերգով է ներկայացրել Անժելիկա Ագուրբաշի հետ: Ասում է՝ նրա հետ աշխատելու միտքն իրենն է.«Պրեմիերան եղավ ռուսական «RU TV»-ով եւ եւ «Ռուսսկայա ռադիո»-ով: Կարծում եմ՝ դրանից մեծ հաջողություն չէինք կարող ակնկալել: Շատ լավ արձագանքներ ենք ստացել, ինչի համար շնորհակալ ենք մեր հանդիսատեսին»:

Տեսահոլովակում Արամեն եւ Անժելիկան ներկայանում են որպես սիրային զույգ: Երգչից հետաքրքրվել ենք՝ արդյոք կինը չի խանդում նման դեպքերում.«Պետք է նշեմ, որ սարսափելի տեսարաններ չկան տեսահոլովակում, եւ Աննան էլ լավ գաղափար ունի այս ասպարեզից: Նա հասկանում է, որ ընդամենը տեսահոլովակ է»:

Սիլվա Հակոբյանը՝ հայրիկի հետ, Սյոմա Կոդաբաշյանը եւ Արամեն


Արամեն տեղեկացրել է նաեւ, որ «Համով-հոտով» տեսահոլովակի պրեմիերան նախատեսում են նոյեմբերին: Երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունն ու գործիքավորումը Կարենինն ու Սեւակինն են, ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է:

«Մինչ տարեվերջ ուզում ենք նաեւ իմ եւ Աննայի «Իմն ես» զուգերգը ներկայացնել: Կախված է ժամանակից, բայց մենք տրամադրվել ենք, որ պետք է անենք, ու եթե ոչինչ չփոխվի, դեկտեմբերին կամ հաջորդ տարվա սկզբին պատրաստ կլինի»,-եզրափակել է երգիչը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արամեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին