×


Արեւիկ Ալավերդյան.«Եթե ամուսնուս օգնությունը չլիներ, գուցե չհաղթահարեի…»

Արեւիկ Ալավերդյանի եւ Հայկ Շահբազյանի ընտանիքը հինգ տարեկան է: Ամուսնության օրը զույգը նշել է Թբիլիսիում, իսկ BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին խոսել է ամուսնու հետ հարաբերությունների, ընտանեկան ջերմության, վեճերի եւ փոքրիկի խնամքի մասին:

Արեւիկ Ալավերդյանն` ամուսնու եւ որդու հետ


Հոբելյանը՝ առանց փոքրիկի

Մեր հարսանիքի 5-ամյակի օրը հարց տվեցի ամուսնուս՝ արդյոք շուտ անցան այդ տարիները: Անկեղծ, չգիտեմ՝ արագ անցան, թե՝ ոչ: Երբ հետ եմ նայում, շատ բուռն ու լեցուն տարիներ էին: Եթե շուտ են անցել, ուրեմն սահուն է եղել մեր համատեղ կյանքը:

Այս տարի որոշեցինք երկուսով մեկնել Թբիլիսի, քանի որ այնտեղ չէինք եղել: Շատ լավ ժամանակ ենք անցկացրել: Դավթին շատ էինք կարոտել. նա լավ ձեռքերում էր՝ տատիկի եւ դայակի հետ:

«Նրա շնորհիվ այդպիսին դարձա»

Մեզ ճանաչողները գիտեն, որ շատ կապված ենք որպես ամուսիններ, կայուն եւ ամուր ընտանիք ունենք: Իսկ մեր ամենամեծ ձեռքբերումը մեր որդին՝ Դավիթն է: Մեր ընտանիքում էլ լավ եւ վատ շրջաններ են եղել, բայց երբեք չենք ընկճվել. ամուսինս չափազանց լավատես է, նրա շնորհիվ ինքս էլ այդպիսին դարձա: Միասին հաղթահարում ենք ցանկացած դժվարություն եւ քայլում առաջ:

Արեւիկ Ալավերդյանը


«Անիմաստ վեճեր են լինում»

Ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, մենք էլ վեճեր ունենում ենք: Երբեմն շատ անիմաստ վեճեր են լինում փոքր բաներից: Ես շուտ բռնկվող եմ, գուցե դա է պատճառը, որ երբեմն վիճում ենք: Բայց Հայկը շատ հանգիստ ու թեթեւ բնավորություն ունի, եւ եթե նույնիսկ ես եմ մեղավոր, նա ամեն քայլ կանի խնդիրը շուտ հարթելու համար:

«Գուցե չկարողանայի...»

Որդուս ծննդից հետո հետծննդաբերական դեպրեսիայի մեջ էի: Եթե Հայկի աջակցությունը չլիներ, գուցե չկարողանայի շուտ եւ ինքնուրույն հաղթահարել: Միշտ խոսում եւ արտահայտվում էի, ինչն էլ, կարծում եմ, ամենալավ միջոցն է այդ երեւույթից ազատվելու համար:

«Կյանքիս ամենալավ փուլը»

Օտար երկրում միայնակ զբաղվել երեխայի խնամքով չափազանց բարդ է: Տրամադրության փոփոխությունները բնական են, ինչից եւ կարող են առաջանալ վեճեր, բայց երջանիկ եմ, որ ունեմ ամուսնուս նման ընկեր իմ կողքին: Նա միշտ թեւ ու թիկունք է ինձ համար: Միշտ ասում եմ, որ կյանքիս ամենալավ փուլը սկսվել է ամուսնությունից հետո, երբ ես դարձա ավելի ինքնավստահ, ուժեղ եւ ազատ: Այժմ ազատ եմ իմ ցանկություններում, մտահղացումներում, գիտեմ՝ կողքիս կա մեկը, ով երբեք թույլ չի տա կոտրվել:

Արեւիկ Ալավերդյանն` ամուսնու հետ


«Նրա կողքին յուրաքանչյուր կին իրեն ամենաերջանիկը կզգա»

Երեխայի ծննդից հետո դժվար է համատեղել եւ լինել լավ կին, մայր, ընկեր, զավակ: Բայց փորձում եմ պահպանել հավասարակշռությունը: Աշխատում ենք շատ ժամանակ անցկացնել երեխայի հետ, մեզ շատ երջանիկ ենք զգում որպես ծնող: Հայկի մասին որպես մարդ, ընկեր, ամուսին եւ արդեն հայր կարելի է անդադար խոսել, բայց միայն կասեմ, որ նա այն տղամարդկանցից է, ում կողքին յուրաքանչյուր կին իրեն ամենաերջանիկը կզգա: Նաեւ չափազանց հոգատար հայր է:

«Ամուսնուս դուր է գալիս»

Բոլոր տղամարդիկ էլ սիրում են իրենց կողակցին խնամված եւ գրավիչ տեսնել: Ինքս իմ հանդեպ շատ բծախնդիր եմ, նույնիսկ եթե ամբողջ օրը երեխայի հետ անցկացնելուց հետո հոգնած եմ լինում, քնելուց առաջ պարտադիր ժամանակ եմ տրամադրում իմ խնամքին: Առաջին հերթին ինձ համար եմ անում, հետո նոր` ամուսնուս: Սիրում եմ լինել խնամված, գեղեցիկ հագնված, ինչից էլ լավ տրամադրություն եմ ունենում եւ կարեւորը՝ ամուսնուս դուր է գալիս:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ռոբերտ Քոլոյանի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին