×


Արեւիկ Անանյան. “Դավիթը հենց այն տղամարդն է, ում սպասել եմ ողջ կյանքում”

Սերիալներում մի շարք դերեր մարմնավորած Արեւիկ Անանյանին շատերը կհիշեն նաեւ ժամանակին բավական հայտնի “Շիկեր” խմբից: Ամերիկաբնակ երգչուհի-դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում իր անձնական եւ ստեղծագործական կյանքից հետաքրքիր մանրամասներ է պատմել:

Արեւիկ Անանյանը


Փորձություններ

Երկար ժամանակ է` ապրում եմ Միացյալ Նահանգներում: Այս ընթացքում երբեւէ հայրենիք չեմ այցելել, որովհետեւ անընդմեջ աշխատել եմ ու սովորել: Օտար երկրում ինչ-որ բանի հասնելը հեշտ չէ, հատկապես, երբ այդ օտարության մեջ լրիվ մենակ ես: Չնայած կյանքի անսպասելի փոթորիկներին` միշտ հավատարիմ եմ մնում իմ եսին: Նույնիսկ օտարությունն ինձ չկարողացավ փոխել: Բազում փորձություններ եւ դժվարություններ հաղթահարելուց հետո զրոյական վիճակից դուրս եմ եկել, բայց դեռ շատ անելիքներ ունեմ էլ ավելի կայուն ապագա կերտելու համար:

Արեւիկ Անանյանն` ամուսնու՝ Դավիթ Ավետիսյանի հետ


Դադար

“Մաեստրո” սերիալից հետո հեռուստաէկրանից բացակայում եմ: Մերժում էի տարբեր նախագծերում նկարահանվելու առաջարկները, որովհետեւ ժամանակս չէր ներում: Վերջերս էլ դադարի կարիք ունեի: Եթե հարմար առաջարկ լինի, միգուցե նորից համագործակցեմ հայ ֆիլմարտադրողների հետ: Աշխատել եմ նաեւ “Warner Brothers” եւ “Paramount Pictures” ընկերությունների հետ: Տվյալ պահին ժամանակի սղության պատճառով մասնագիտական ոչինչ չեմ անում, բայց հուսամ` ապագայում կվերսկսեմ աշխատանքս:

Հիմա ամբողջ ժամանակս հիմնականում կենտրոնացրել եմ ուսման վրա: Օտար երկրում երկու ոտքի վրա ամուր կանգնելու համար կրթությունը անհրաժեշտ նախապայման է: Կարծես, վերջապես հարմարվում եմ:

Արեւիկ Անանյանը


Երգարվեստի հետ կապված որեւէ նորություն չունեմ եւ կարծում եմ` չեմ էլ ունենա: Չնայած` վերջերս ամուսինս կատարեց իմ վաղեմի երազանքն ու կիթառ նվիրեց: Այժմ նվագել եմ սովորում: Կիթառով երգարվեստ չեմ վերադառնա, բայց մեր ընկերական եւ ընտանեկան հավաքույթներին կնվագեմ:

Ամուսնություն

Շուրջ չորս տարի առաջ, երբ մասնակցում էի “Մեղավորները” սերիալի նկարահանումներին, ծանոթացա տաղանդավոր դերասան եւ իմ ապագա ամուսին Դավիթ Ավետիսյանի հետ, ով Միացյալ Նահանգներ էր տեղափոխվել սովորելու նպատակով: Ես ու Դավիթը նախ խաղընկերներ էինք, հետո դարձանք ընկերներ, այնուհետեւ եկավ մի փուլ, երբ մենք դարձանք լավագույն ընկերներ: Գրեթե ողջ օրը միասին էինք: Ամեն ինչ այնքան բնական հունով ընթացավ, որ մի օր նա պարզապես ինձ ասաց` “Արի ամուսնանանք վաղը”: Այդպես էլ եղավ. հաջորդ օրը ձեռք ձեռքի բռնած գնացինք ամուսնանալու:): Երկու տարի է` ամուսիններ ենք: Դավիթը հենց այն տղամարդն է, ում սպասել եմ ողջ կյանքում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արեւիկ Անանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին