×


Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը:)

BRAVO.am-ը նոր շարք է սկսում՝ նվիրված կանանց, որոնք անցնում են մայր լինելու գեղեցիկ ու պատասխանատու ուղին: Նրանց հետ կզրուցենք մամայական հարցերի, գաղտնիքների, երեխաների խնամքի, ընտանիքում տիրող մթնոլորտի ու նուրբ այլ թեմաների շուրջ: Մեր առաջին հերոսուհին հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն է: Նրա եւ Արամ Վարդեւանյանի որդին օգոստոսին կդառնա 1 տարեկան:  Գունեղ ու անկեղծ է ստացվել ինչպես ֆոտոշարքը, այնպես էլ զրույցը:):

Արեւիկ Ուդումյանը


- Մայրիկի եւ բալիկի առաջին հանդիպումն ամենաանբացատրելին է: Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ տեսաք փոքրիկ հրաշքին:

- Ամբողջ հղիության ընթացքում դու նրա հետ ես, զգում ես նրան, մտածում նրա մասին, սիրում, սպասում, բայց լիարժեք չես պատկերացնում, թե ինչպիսին է նա լինելու: Նա, ասես, նման է մի մոլորակի, որի մասին ամեն բան գիտես, բայց չես տեսել:

-Երբ մնում եք բալիկիդ հետ մենակ եւ հասկանում, որ նրան խնամելու համար հսկայական աշխատանք պետք է անեք: Արդյո՞ք շփոթվում եք, վախենում կամ կասկածում՝ միգուցե չստացվի:

-Անշուշտ, կա հուզմունք: Այն առավել ուժգին էր, բնականաբար, առաջին ամիսներին: Ինչքան էլ կարդում ես, տեղեկացվում, երբ արդեն գործնական փուլն է գալիս, երբ մի քանի՝ քեզ համար ամենաթանկ կիլոգրամներն արդեն ձեռքումդ են, հասկանում ես, որ ամեն բան պետք է անես նրան փայփայելու համար:

Արեւիկ Ուդումյանը


-Հիմա, երբ  ավելի «փորձառու» եք, կարողանո՞ւմ եք թեթեւ, առանց սթրեսի վերաբերվել երեխայի հետ կապված խնդիրներին:

-Երբ առաջին երեխան է, վստահ եմ, որ բոլոր մամաներն էլ անհանգստությամբ են վերաբերվում իրենց բալիկի հետ կապված թեկուզ ամենափոքր հարցերին: Վստահ եմ՝ հետագայում ամեն բան առավել հեշտ է լինում:

- Երբ կասկածում եք ինչ-ինչ հարցերում, ո՞ւմ եք դիմում խորհրդի համար:


- Իմ բախտը շատ է բերել՝ մայրս, քույրերս, ընկերուհիներս կողքիս են: Ես չեմ խուսափում խորհուրդ հարցնելուց: Սիրում եմ խորհրդակցել մասնագետների, ընկերների, հարազատների հետ: Մամա լինելը ֆանտաստիկ երեւույթ է՝ իր բոլոր դրսեւորումներով: Լավագույնը բալիկին փոխանցելու համար նախ փորձում եմ  կարգավորել իմ մտքերն ու տրամադրությունը. եթե մայրը չունի ներքին ներդաշնակություն ու հանգստություն, միեւնույն է՝ անգամ ահռելի քանակությամբ ջերմության դեպքում, կարծում եմ, կարող է վնասել երեխային:

-Բալիկի ծնունդը մեծ փոփոխություն է ընտանիքում. նոր ընթացք, կյանքի նոր ռիթմ: Ի՞նչ փոփոխության ենթարկվեց Ձեր ընտանիքը:

- Մինչ բալիկի ծնունդը մենք զույգ էինք, իսկ հիմա` ընտանիք:): Բալիկից հետո ընտանիքում ամեն ինչն է շատանում` հույզերը, ուրախությունը, նպատակները... Դառնում եք շատ հարուստ:

Արեւիկ Ուդումյանը


-Բալիկն ի զորու է փոխել ոչ միայն ընտանիքի շունչը, այլեւ՝ հոր բնավորությունը: Սկսում ես քո տղամարդու մեջ բնավորության գծեր բացահայտել, որ մինչ այդ չկային:

-Այո՛, այդպես է: Ես եւս մեկ անգամ համոզվեցի ամուսնուս պատասխանատվության հարցում: Նրա մշտական ներկայությունն ու աջակցությունը մեր կյանքում ֆանտաստիկ է: Երբեմն զարմանում եմ, որ լարված եւ շատ զբաղված գրաֆիկ ունենալով՝ ամեն վայրկյան զգում ենք իր ջերմությունը: Դա նրա հոգատար եւ շատ ուժեղ տեսակից է: Ես ոչ մի վայրկյան նրա բացակայությունը չեմ զգում:

- Փոխվել եք, եւ դա նկատելի է անգամ ինձ: Դուք Ձեր աչքին ինչպիսի՞ն եք դարձել:

-Մտքերս ավելի հանդարտ են, հանգիստ եմ եւ շատ ավելի զգացմունքային: Իմ կարծիքով՝ զգացմունքայնությունը մի բան է, որ կնոջ հղիության, ծննդաբերության եւ գալիք մի քանի ամիսների ընթացքում ուղեկցում է նրան: Դա անբացատրելի երեւույթ  է: Այսօր արդեն որոշ չափով վերադարձել եմ իմ կյանքի սովորական ռիթմին: Չնայած՝ սովորական ասվածը մի փոքր սխալ է: Շատ երկար ժամանակ անդադար աշխատել եմ, իհարկե, արել եմ իմ սիրելի աշխատանքը, որի վրա հաճույքով ծախսել եմ իմ էներգիան, ժամանակիս մեծ մասը: Միշտ եղել եմ պատրաստ աշխատելուն, երբեք չեմ ունեցել շատ ժամանակ սովորական քմահաճույքների համար: Իսկ այսօր ես լիովին ապրում եմ, շնչում եմ, վայելում եմ ներկաս: Զարմանալի բան է՝ ես չգիտեի, որ թռչուններն առավոտյան գեղեցիկ երգում են:): Ես կարող եմ այսօր ոչ մի տեղ չշտապել, դուրս գալ բալիկիս հետ զբոսնելու, բնության գրկում մի բաժակ սուրճ խմել ու վայելել օրը: Ես հիմա լիաթոք ծիծաղում եմ, ուրախանում: Միշտ ժպտում եմ, ինչն ինձնից անկախ է ստացվում, բայց ես անսահման ուրախ եմ դրա համար:

Արեւիկ Ուդումյանը


-Երբ կրկին վերադառնաք աշխատանքին, կկարողանա՞ք նորից նույն ռիթմով աշխատել:

-Եթե ես իմ առաջվա ռիթմով աշխատեմ, ուղղակի կկորցնեմ իմ բալիկին վայելելու այդ մեծ հաճույքի պահերը: Այսօր ուրախանում եմ, երբ բալիկս նոր շարժում է անում, ծիծաղում է, նստում, խաղալիքի կոճակն է սովորում սեղմել: Ես ապրում եմ այդ պահերն իր հետ: Միասին սովորում ենք, ուրախանում, խաղում: Գիտեք, այդ ամենն այնքան հաճելի է, որ ես պարզապես դրանից հրաժարվել չեմ ուզում: Այո,՛ ես վերադառնալու եմ իմ սիրելի բնագավառ, բայց չափաբաժինն է այլ լինելու:

-Բալիկին հատկացված ժամանակը հսկայական է: Զույգի ժամանակն ու տարածությունը նեղանում է: Ինչպե՞ս եք կարողանում միմյանց ժամանակ տրամադրել:

-Շատ եմ լսել, որ երեխայի ծննդից հետո զույգերի փոխհարաբերությունները մի փոքր փոփոխության են ենթարկվում՝ թեկուզ ժամանակի առումով: Այդ հարցի վերաբերյալ իմ ու ամուսնուս մոտեցումները համընկնում են. մենք այսօր էլ փորձում ենք ունենալ մեր ժամանակն ու տարածությունը: Հաճախ այցելում ենք մեր սիրելի ժամանցի վայրերը, միասին ընթրում ենք, ֆիլմեր ենք դիտում:

-Երջանիկ ընտանիք. մե՞կ, թե՞ մի քանի երեխա:


-Միանշանակ՝ մի քանի: Աստված տա՝ մի քանի երեխա ունենանք: Ինձ թվում է՝ շատ բալիկներ ունենալը թե՛ ծնողների, թե՛ երեխաների համար հարստություն է:

Զրուցեց Աիդա Ղարիբյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Դիմահարդարումը` Մերի Համբարձումյանի (Aga Image Studio )
Վարսահարդարումը` Նանա Ղազարյան-Հունանյանի (Aga Image Studio)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին