×


Արթուր Ալեքն իր ծննդյան օրը “Գրեմմի” է ստացել :)

Արթուր Ալեքը, որը հեռուստադիտողին հայտնի է “X Factor-1” եւ “Պրեմիերա-2” երաժշտական նախագծերից, երեկ` ապրիլի 21-ին, դարձել է 23 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում դաշնակահար-երգիչը հայտնել է, որ տարեդարձն անցել է ավելի գործնական, քան տոնական մթնոլորտում:):

Արթուր Ալեքի` "Գրեմմի"-ի տեսքով տորթը


“Անկեղծ ասած` վերջին երկու տարին ծննդյանս օրը ուրախության ու տխրության զգացումները խառնվում են: Ուրախանում եմ, որ ընկերներիս հետ եմ նշում, բայց մեծանալու գիտակցումը փոքր-ինչ տխրեցնում է: Թեեւ այդքան էլ մեծ չեմ, բայց միշտ մտածում եմ, որ այս տարիքում ավելի շատ գործ կարող էի արած լինել”,-նշել է նա:

Արթուրին ուղիղ կեսգիշերին անակնկալի է բերել իր “Save Your World” տեսահոլովակի ռեժիսորը. Հռիփսիմե Խոջայանը, իմանալով, որ ընկերոջ երազանքներից մեկը “Գրեմմի” մրցանակակիր դառնալն է, նրան ցանկալի արձանիկի տեսքով տորթ է նվիրել.“Հավատացեք` մոռացել էի ծննդյանս օրվա մասին. նախորդ օրը ֆրանկոֆոնիային նվիրված համերգին այնքան էի հոգնել, որ մտքիցս թռել էր: Ընկերներիս հետ մեր տանն էինք, երբ Հռիփսիմեն դռան զանգը տվեց, մտածում էի` ով է այս ժամին եկել:): Ընկերներս ծիծաղում էին` ասելով, որ միայն ես կարող եմ չհիշել տարեդարձիս մասին”:

Արթուր Ալեքը


Հոբելյարի խոսքով` աղմկոտ հավաքույթների սիրահար չէ, նախընտրում է տոները մտերիմների հետ նշել.“Հազվադեպ է լինում, որ մեծ միջոցառումներին ինձ լավ զգամ: Շատերը տանը չեն նշում, բայց ես սիրում եմ ընկերներիս հետ ավելի հանգիստ, հարմարավետ միջավայրում ուրախանալ ու “ջրիկանալ”:)”:

Չցանկանալով մեծ խնջույք կազմակերպել` Արթուրը ծննդյան օրվա ընթացքում երաժիշտների հետ փորձի է եղել, քանի որ առաջիկայում պատրաստվում է բենդի հետ ակումբային մենահամերգներ ունենալ:

BRAVO.am
Լուսանկարները` Արթուր Ալեքի անձնական արխիվից եւ "Շանթ TV"-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին