×


Արծվիկի խնդրանքը եւ շոուի մասին Գոհարի «հուշումը»՝ Կիեւ մեկնելու նախօրեին

«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկը մայիսի 9-ին Կիեւում ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում։ Ժամեր առաջ երգչուհին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է իր տրամադրվածության եւ շոուի մասին։ Նա բեմում կլինի 3 բեք-վոկալիստի եւ 2 պարուհու հետ: Բեմադրության եւ կարմիր գորգի զգեստները նախագծել է դիզայներ Ֆաինա Հարությունյանը։ Շոուի պատասխանատուն շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստն է, ով նաեւ Իվետա Մուկուչյանի բեմադրության հեղինակն էր։ 

Արծվիկը


Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ Ուկրաինա կմեկնեն ապրիլի 30-ին.«Սա թիմային աշխատանք է. ոչ թե արտիստն է ներկայանում, այլ՝ երկիրը։ Ելույթի շատ մանրուքներ կախված են տեխնիկական վերազինումից, ամեն դեպքում, այս տարի մեկնում ենք մի երկիր, որն այս մրցույթի կազմակերպման մեծ փորձ չունի, բայց հուսադրող է այն, որ թիմում ընդգրկվել են նախորդ տարիների այլազգի մասնագետները։ Հուսով ենք՝ տեխնիկական խոտաններ չեն լինի, չնայած՝ փորձը ցույց է տալիս, որ առանց դրանց անհնար է։ Մեր շոուի ժամանակ բեմում կիշխի վարդագույնը, սպասեք Արծվիկ «թռիչքին»»։

Երգչուհին հարցերին փորձում էր պատասխանել հայերեն, երեմն էլ՝ ռուսերեն. «Մոսկվայում մեր տանը խոսում ենք Կապանի բարբառով: Փորձում եմ գրագետ հայերեն խոսել, ներողություն, եթե մտքերս ռուսերեն արտահայտեմ։ Հայերեն գրում ու կարդում եմ, համացանցում իմ մասին ամեն ինչ կարդում եմ։ Գիտեմ, որ շատերն այլ երգ էին սպասում, մտածում՝ ինձ հարմար երգ չէ, բայց այդ երգը ես սիրեցի»։

Գոհար Գասպարյանը


Արծվիկը մյուս երկրների մասնակիցներից ոչ մեկին չի առանձնացնում՝ շեշտելով, որ կենդանի կատարումները լսելուց հետո պարզ կդառնան իր ֆավորիտները.«Ուզում եմ լավ ելույթ ունենալ, մյուսներին մրցակից չեմ համարում, կարեւորը պրոֆեսիոնալ ու գեղեցիկ տոն ստեղծելն է։ Խնդրում եմ, որ մինչեւ վերջ ինձ հետ լինեք։ Կարծում եմ՝ արտիստների համար «Եվրատեսիլ»-ը երազանք է, ինձ համար էլ մեծ երազանք էր, նույնիսկ տեսել եմ երազ, որ կանգնած եմ այդ բեմին։ Երբ իմացա, որ Հայաստանում նախընտրական մրցույթ է լինելու, որոշեցի գալ ու մասնակցել: Գիտեմ, որ եթե գնում ես երազանքի ետեւից, կատարվում է»։

«Fly With Me» երգի երաժշտության համահեղինակներն են՝ ամուսիններ Լիլիթ եւ Լեւոն Նավասարդյանները: Վերջինիս խոսքով՝ ամենակարեւորը երգիչն է եւ նրա վոկալը.«Փորձել ենք Արծվիկին ներկայացնել հնարավորինս վառ ու տարբերվող՝ օգտագործելով իր բոլոր կարողություններն ու հնչերանգները, որ առանձնանա ու հիշվի։ Նրա ձայնում կան էթնիկ ելեւէջներ, ցանկացա, որ երգում երեւա։ Երգն ունի աֆրիկյան, սլավոնական ու տարբեր ազգերի ռիթմեր, բայց ամենակարեւորը՝ հայկական Յարխուշտայի հիմնական ռիթմն է օգտագործված»։

Լիլիթ Նավասարդյանը


Երգչուհու հետ բեմում կլինեն պարուհիներ Մարլեն Լինդալը եւ Ֆաննի Սվենսոնը  Շվեդիայից, իսկ բեք-վոկալիստները՝ Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստ Անուշիկ Տեր-Ղուկասյանն է, «Դեպի եվրատեսիլ» մրցույթի մասնակից Ամալյա Մարգարյանը եւ Վիկտորիա Պողոսյանը:

Գոհարը հայտնել է՝ պարուհիների հետ փորձերը տեղի են ունենում Շվեդիայում, իսկ Արծվիկի հետ՝ Երեւանում.«Կիեւում առաջին փորձը մայիսի 1-ին է. բեմում բոլորը կմիավորվեն։ Սաշան դարձել է մեր թիմի անդամը, նախորդ տարի Իվետայի հետ աշխատանքից հետո կրկին նրան ենք առաջարկել զբաղվել բեմադրությամբ։ Մասնագիտությամբ խորեոգրաֆ է, լավ գիտի՝ տեսախցիկով ինչը գեղեցիկ կլինի, լույսերն ու գույները ինչպիսին պետք է լինեն։ Մենք հակված ենք աշխատել հայ մասնագետների հետ, սակայն չենք հանդիպել մարդու կամ խմբի, որն ունի եվրատեսիլյան փորձ. ուղիղ եթերը պահանջում է պրոֆեսիոնալ փորձ»:

Խոսելով մրցույթի քաղաքական կողմերի մասին, որ Ռուսաստանի ներկայացուցիչը չի մասնակցելու Ղրիմ այցելելու պատճառով, Արծվիկը պատասխանել է՝ իր մուտքն Ուկրաինա չի արգելվում.«Ղրիմում ես չեմ եղել, բայց շատերն են պատմել, որ շատ գեղեցիկ է։ Որպես երգիչ, ափսոսում եմ Ռուսաստանի մասնակցի համար, տհաճ իրավիճակ է, կարծում եմ՝ նա էլ հավատում էր իր ուժերին ու երազանքին: Կուզեի, որ նա էլ մասնակցեր»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին