×


Արման Աղաջանյանի երաժշտական երեկոն ընկերների հետ

Արման Աղաջանյանն իր ընտանիքի հետ շուրջ 20 տարի ապրում է Միացյալ Նահանգներում։ Զուգերգերով հայտնի երգիչն այս օրերին Երեւանում է, երեկ էլ ընկերների հետ հանդիպել է «Kami» ակումբում, որտեղ նաեւ բեմ է բարձրացել:

Ավետ Բարսեղյանը, Իրինա Դանիելյանը եւ Արման Աղաջանյանը


Երեկոյի ընթացքում Արմանը կատարել է Ռոբերտ Ամիրխանյանի «Այնպես ուզում եմ», հին հայկական «Գուլո» երգերը, «Kami Friends Project»-ի անդամների հետ էլ` Ալլա Լեւոնյանի եւ իր «Վատ պար», «Իզուր», Վարդուհի Վարդանյանի եւ իր «Կորած յար» զուգերգերը.«Չափազանց լավ երաժիշտներ են՝ բոլորը երիտասարդ ու շատ տաղանդավոր։ Ինձ հաճելի էր ընկերներիս ներկայությունն ու երաժշտական մթնոլորտը»,-BRAVO.am-ին ասել է երգիչը։

Օրեր առաջ տեղի ունեցավ Վարդուհի Վարդանյանի հետ նրա «Երանի» զուգերգի տեսահոլովակի պրեմիերան։ Մեր հարցին, թե ինչու է երգչուհու մահվանից տասը տարի անց այն ներկայացնում, պատասխանել է.«Շատերին թվում է՝ մոնտաժային լուծումներ են, բայց իրականում Վարդուհին է։ Այդ կադրերը նկարել եմ «Կորած յար» տեսահոլովակի ստեղծման ժամանակահատվածում՝ ԱՄՆ-ում։ Բավականին աշխատատար էր, քիչ-քիչ վերականգնեցի, երեւի իր հերթին էր սպասում։ Վարդուհու ձայնագրություններից ինձ մոտ էլի կան, որոնք մի օր կներկայացնեմ»։

Սոֆի Մխեյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


Ամերիկաբնակ երգիչն այստեղ գտնվելու ընթացքում կփորձի կարոտն առնել հարազատներից, ընկերներից, Երեւանից եւ, առհասարակ, Հայաստանից.«Այցիս լավագույն կետերից էր «Կյանք ու կռիվ» ֆիլմի դիտումը, գերագույն հաճույք ստացա։ Իմ կարծիքով՝ վերջին 20 տարում Հայաստանում նկարված միակ ֆիլմն է, որը յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ պետք է դիտի։ Ինքս մասնագիտությամբ կինոռեժիսոր եմ, բայց երբեւէ ֆիլմ չեմ նկարել, միայն տեսահոլովակներ»։

Անի Ամիրյանը եւ Ստեփան Ղամբարյանը


Արմանն օվկիանոսից այն կողմ երգի ասպարեզում չի աշխատում. «Արվեստով չեմ զբաղվում, բայց երբեմն նոր երգեր եմ ձայնագրում, ավելի ճիշտ՝ զուգերգեր: Նոր զուգերգ ունեմ Արմինկայի հետ, որը կոչվում է «Գարնան այգում»։ Ռադիոեթերում արդեն հնչում է, նախատեսում ենք տեսահոլովակով կներկայացնել»։

Հոկտեմբերի 26-ին Արման Աղաջանյանը կմասնակցի Վարդուհի Վարդանյանի հիշատակին նվիրված համերգին, որից անմիջապես հետո կվերադառնա Միացյալ Նահանգներ։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիտակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին