×


Արման Մարգարյանի խոսքը “կարճ մազերով բոլոր լավ տղերքին” :)

“Հագուստն առաջին հերթին պետք է լինի հարմարավետ, հետո նոր` գեղեցիկ”. այս կարծիքին է “Առավոտ լուսո”-ի հաղորդավար Արման Մարգարյանը, որը BRAVO.am-ի “Fashion” բաժնի ֆոտոշարքում նկարահանված արական սեռի առաջին ներկայացուցիչն է:

Արման Մարգարյանը


Նրա հետ մեր առաջին “նորաձեւ կանգառը” սրճարանն էր, որտեղ սուրճ խմեց եւ ծանոթացավ օրվա թարմ լուրերին.“Գործունյա երիտասարդի հագուկապն ինձ ընդհանրապես մոտ չէ, բայց քանի որ մասնագիտությամբ դերասան եմ, մոտավորապես հասկանում եմ` ինչ է նշանակում կերպար, եւ առաջին ոճը սա ընտրեցի: Եթերում հիմնականում կրում եմ հարմարավետ, ներկայանալի հագուստ: Սիրում ու նախընտրում եմ ջինսե տաբատի, վերնաշապիկի եւ բաճկոնի համադրությունը”: 

Արմանը մեզ հետ զրույցում խոստովանել է, որ ժամանակին “տղայական վիճաբանություններն” իրենից անպակաս են եղել, իսկ պատճառը ոչ սովորական ոճն էր.“Գիտակցական տարիքից մազերս եղել են ավելի երկար, քան ընդունված էր, իսկ այն ժամանակ դա խոսակցության եւ կռվի թեմա էր: Կարճ մազերով բոլոր “լավ տղերքը” թող նայեն Վիլյամ Սարոյանի եւ վերջապես Հիսուս Քրիստոսի պատկերը”:

Արման Մարգարյանը


Նա սանրվածքը փոխել եւ ազատվել է ականջօղից մինչ Առաջին ալիքի եթերում ամեն օր բարի լույս ասելը.“Երկար մազերս արդեն խանգարում էին. անհարմար էր, իսկ ականջիս օղը պարզապես երկաթի կտոր էր, ցանկացել եմ արել եմ, հիմա էլ չունեմ”:

Հաղորդավարը զգեստապահարանին ամենաքիչն է ուշադրություն դարձնում, սիրում է մինիմալիստական գույները, իսկ հագուստ գնելն ամենաչսիրած զբաղմունքն է.“Եթե անհրաժեշտություն է լինում, աշխատում եմ մտնել խանութ, արագ մի բան ընտրել եւ դուրս գալ: Պիտակին ուշադրություն չեմ դարձնում եւ իմ գումարը հագուստի վրա շատ չեմ վատնում: Կարող եմ գնել շատ մատչելի վերնաշապիկ, բայց նաեւ դեպքեր են գրանցվել, երբ որեւէ բան շատ հավանել եմ, բայց այդ պահին մոտիս գումարս չի բավականացրել, հետո վերադարձել եմ դրա հետեւից:)”:

Արման Մարգարյանը


Երկրորդ անգամ Արման Մարգարյանը մեր ֆոտոխցիկի առջեւ կանգնեց, իր խոսքով, ակումբային բավական թանկ հանդերձանքով.“Երբ ապրում էի Մոսկվայում, ակումբներում կար “Face control” հասկացողությունը. առաջին հերթին նայում են հագուստիդ, եւ եթե ուզում ես մտնել, ապա ստիպված ես լավ ու թանկ հագնվել”: Նրա կյանքում “փաբային” շրջանն անցել է, նշում է` հիմա նախընտրում է որդու հետ ժամանակ անցկացնել.“Ժամանցի այդ վայրերում պետք է ալկոհոլ օգտագործել, իսկ հիմա բռնել եմ առողջ ապրելակերպի ճանապարհը, անգամ սկսել եմ չծխել”: 

Հաղորդավարն ասել է, թե տղան եւս շրջապատում առանձնանում է իր երկար մազերով եւ հագնվելու ոճով.“Նա բավական ինքնուրույն է այդ առումով: Միասին հաճախ ենք գնում հագուստ գնելու, մի անգամ առաջարկեցի ինձ դուր եկած վերնաշապիկը, չհավանեց եւ ընտեց մեկ ուրիշը: Եթե մի օր նա էլ որոշի ինձ պես էքսպերիմենտներ անել, հաստատ չեմ արգելի, պարզապես կբացատրեմ, որ այդ ամենը նրան ուրիշ մարդ չեն դարձնում”:

Արման Մարգարյանը


Երրորդ նկարահանումն իրականացրել ենք հին Երեւանից մնացած մի բակում, որը գուցե վաղը չլինի: Այստեղ Արմանը ներկայացել է իր ամենասիրելի ոճում` ջինսե տաբատ, շապիկ, ժակետ.“Փոքր տարիքում այս վայրում շատ եմ եղել. կնքահորս էինք այցի գալիս”: 

Արման Մարգարյանը


Հանրային մարդու` ոճաբանի հետ համագործակցելը, նրա կարծիքով, ցանկալի պայման է.“Կան մարդիկ, ովքեր ունեն իրենց ճաշակը, իսկ ես նորաձեւությունից ոչինչ չեմ հասկանում, հագնվում եմ ինտուիտիվ եւ իմ պարագայում ճիշտ է մասնագետի հետ աշխատելը: Ինձ դուր է գալիս այն փաստը, որ մեր երիտասարդները “հագնվում” են, ուրախ եմ, որ կա ազատություն եւ ընտրության հնարավորություն”: 

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է “Անի Պլազա” հյուրանոցում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին