×


Արմեն Դանեղյանն իր մանրանկարները ցուցադրել է Միացյալ Նահանգներում

Հայաստանի առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւմտյան թեմի առաջնորդարանի «Զորայան» թանգարանում այս ամիս տեղի ունեցավ մանրանկարիչ Արմեն Դանեղյանի աշխատանքների ցուցահանդեսը: Լոս Անջելեսի հայ համայնքը հնարավորություն ունեցավ ծանոթանալ բազմաթիվ դետալներով ու գույներով հարուստ ժամանակակից հայ մանրանկարչությանը:

Մանրանկարիչ Արմեն Դանեղյանը


Մանրանկարիչ Արմեն Դանեղյանի վերջին շրջանի աշխատանքների հավաքածուն ընդգրկում է հոգեւոր, ազգային եւ փիլիսոփայական թեմաներ։ Նա բազմաթիվ շարքերի հեղինակ է, որոնց թվում են` «Հոգեւոր Հայաստան», «Ցեղասպանություն», «Համաշխարհային դասականներ»,  «Աշխարհի պարերը», «Հայոց մեծերը», «Հայկական գորգեր» եւ այլն։ Հայ մանրանկարչի աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տաբեր երկրներում` ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իրան, Բուլղարիա, Հնդկաստան:

Արմեն Դանեղյանի մանրանկարներից


Լոս Անջելեսում կայացած ցուցահանդեսին ներկա են եղել հայ եւ այլազգի  բազմաթիվ արվեստասերներ։ BRAVO.am-ի հետ զրույցում օրերս Հայաստան վերադարձած նկարիչը պատմել է, որ Միացյալ Նահանգներ էր մեկնել Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հրավերով։ Բացման խոսքում վերջինս ընդգծել է, որ սա մանրանկարչի երրորդ անհատական ցուցահանդեսն է Լոս Անջելեսում։ Նա խոսել է տեղի հայ համայնքի համար միջոցառման կարեւորության մասին` ընդգծելով, որ այն հայապահպանության եւ ազգային մշակույթի հետ առերեսման եւս մեկ լավ առիթ է։

Արմեն Դանեղյանի մանրանկարներից


Արմեն Դանեղյանը պատմել է, որ, ներշնչվելով միջնադարյան հայ մանրանկարչների աշխատանքներով, ստեղծել է արվեստի սեփական ոճը՝ այն անվանելով արդի մանրանկարչություն.«Յուրահատուկ ոճ է, որը շարունակում է միջնադարյան մանրանկարիչների գործը, եւ նոր խոսք է հայ ժամանակակից արվեստում: Յուրաքանչյուր նկարչի համար արտերկրում իր աշխատանքների ցուցադրումն, այն էլ անհատական ցուցահանդեսի տեսքով, շատ կարեւոր է. մեծ ներշնչանք է եւ զերծ է պահում լճացումից՝ նպաստելով ինքնակատարելագործմանը»։

BRAVO.am
Լուսանկարները` Արմեն Դանեղյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին