×


Արմեն Էլբակյանի “Զրույցը հողմաղացի հետ”

Օրերս լույս է տեսել Արմեն Էլբակյանի հեղինակած գիրքը: Ռեժիսոր-դերասանը թատերական ռեժիսուրային նվիրված ձեռնարկն անվանել է “Զրույց հողմաղացի հետ”: Շնորհանդեսը տեղի է ունեցել Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում, քանի որ նա ռեժիսուրայի ամբիոնի վարիչն է եւ դասավանդում է ապագա ռեժիսորներին: Հանդիպմանը ներկա են եղել ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ՀՀ մշակույթի նախարարը, գործընկեր ռեժիսորները, ուսանողները եւ այլք:

Լիլի եւ Արմեն Էլբակյանները


Արմեն Էլբակյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր գրած առաջին գիրքը նախատեսված է ապագա ռեժիսորների, թատերագետների եւ բեմադրական արվեստով հետաքրքրվողների համար.“Այն երկխոսություն է Սերվանտեսի Դոն Կիխոտի հողմաղացի հետ: Ռեժիսորի մասնագիտությունը համեմատում եմ Դոն Կիխոտի հետ, որը փորձում է որոնել դեպի արդարն ու ազնիվը, մաքուրն ու հավիտենականը տանող ճանապարհը եւ այդ ընթացքում կռվում է հողմաղացների հետ հանուն արդարության: Թատրոնն ու ռեժիսուրան մասնագիտություն են, այստեղ դոգմատիկ ոչինչ չկա, սա տեսությունների ժողովածու է. գրել եմ ստեղծագործական ընթացքի մասին` հիմնվելով ոչ միայն իմ, այլ նաեւ թատրոնի այն մեծերի փորձի վրա, որոնց շնորհիվ մենք սովորել ու աշխատել ենք` Արիստոտելից մինչեւ Ստանսլավսկի, Վախթանգով ու Վարդան Աճեմյան”:

Լույս է տեսել Արմեն Էլբակյանի "Զրույց հողմաղացի հետ" գիրքը


Ռեժիսորը գրքում ներկայացրել է բեմադրության ստեղծման ողջ ընթացքը. “Առաջաբանում գրել եմ, որ այն զրույցների լայն ժողովածու է` հանրամատչելի շարադրանքով բացահայտելու տեսանելի ու անտեսանելի մասնագիտական ծալքերը, բեմադրության արարման ստեղծագործական ողջ շղթան՝ պիեսի ընթերցումից մինչեւ բեմադրություն”:

Արմեն Էլբակյանի փոխանցմամբ` գիրքը  երաշխավորվել է Մանկավարժական համալսարանի գիտխորհրդի կողմից որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ ռեժիսուրայի բաժնի ուսանողների համար.“Կարծում եմ` ուսանողների համար ընթերցելն արդյունավետ կլինի, որովհետեւ գրքում կան տարբեր արվեստագետների մոտեցումներն ու տեսակետները, գիրքը նաեւ կհուշի, թե մասնագիտական ինչ գրականություն պիտի կարդան, որ ավելի խորացնեն իրենց գիտելիքները”:

Արմեն Էլբակյանի "Զրույց հողմաղացի հետ" գրքի շնորհանդեսին


Լինելով գործող ռեժիսոր եւ դերասան` նա հավելել է, որ այժմ զբաղված է “Էդգար Էլբակյան” թատրոնում նոր ներկայացման ստեղծմամբ.“Եթե կրկին ասելիք ունենամ ու հասկանամ, որ բանավոր սպառվում եմ, մտքերս անպայման կհանձնեմ թղթին: Հիմա աշխատում եմ մի պիեսի վրա, որը կոչվում է “Հետաքննություն” եւ ամփոփում է մի դատավարություն ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ ընդհանրապես եղեռնի մասին: Դա լինելու է այսօրվա մարդկանց դատավարությունն անցյալի եւ ներկայի հանդեպ, իսկ դերասանական կազմում հիմնականում կլինեն երիտասարդներ: Պրեմիերան նախատեսում ենք մայիսի վերջին կամ հունիսի սկզբին”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին