×


Արմեն Թադեւոսյան.«ժողովուրդ ջան, եկեք հանգիստ ապրենք, էլի»

«Քոմենթսի»-ի աշնանային եթերաշրջանի, ընտանեկան հանգստի, բարկանալու ու ուրախանալու առիթների եւ այլ թեմաների շուրջ BRAVO.am-ը զրուցել է հումորիստ, դերասան, սցենարիստ, հաղորդավար, պրոդյուսեր Արմեն Թադեւոսյանի հետ:

Արմեն Թադեւոսյանի ընտանիքը


-Ե՞րբ է լինելու «Քոմենթս»-ի նոր եթերաշրջանը եւ ի՞նչ փոփոխություններով։

-Գարնանային եթերաշրջանից հետո որոշեցինք, որ աշնանայինը պետք է լինի ամբողջովին նոր, քանի որ ժամանակն է եկել, որպեսզի նախագիծը մատուցվի նոր ձեւաչափով: Մենք ուզում էինք նորովի ներկայացնել աշնանը, սակայն հասկացանք՝ դեռ պետք է որոշակի աշխատանք տարվի առավելագույն արդյունքի համար։ Լինելով մաքսիմալիստ՝ նաեւ ուզում եմ ստանալ առավելագույնն այն ամենից, ինչ անում եմ։ Այդ իսկ առումով գլոբալ փոփոխություն կլինի գարնանը, երբ լրիվ նոր շոու եւ լրիվ փոփոխված նախագիծ կներկայացնենք: Սակայն նոր բաներ հոկտեմբերից էլ կլինեն: Նաեւ հարկ եմ համարում նշել, որ «Իմա՞ստը» էջը վերջին անգամ կներկայացնենք, քանի որ գարնանը նույնպես ամբողջովին այլ տարբերակով է մատուցվելու:

-Այս ոլորտում սկսնակները եւ ոչ միայն նրանք, հաճախ անում են կատակներ, արտահայտություններ՝ այդ կերպ փորձելով կրկնօրինակել որեւէ դերասանի, հումորիստի։ Ինչպե՞ս եք Դուք վերաբերում դրան։

-Ես առանձնահատուկ վատ չեմ ընդունում, քանի որ եթե սիրված մի դերասանի փորձում են կրկնօրինակել, վատ չէ, այլ հակառակը՝ հաճելի։ Եվ հետո, եթե փորձում են կրկնօրինակել, ապա քեզ հաջողվել է ինչ-որ բան լավ անել, այսպես կարելի է մտածել։ Օրինակ, երբ լսում եմ արտահայտություններ, որոնք արել եմ ժամանակին, լավ եմ զգում եւ ժպտում եմ (հիմա էլ է ժպտում-հեղ.):

-Այս ամառ հանգստին ժամանակ մնա՞ց։
-Ինչպես յուրաքանչյուր ամառ, կրկին ամբողջովին աշխատանքի մեջ էի, բայց նաեւ հասկանալով, որ պետք չէ եսասեր լինել եւ ընտանիքին նույնպես ժամանակ է պետք տրամադրել, մեկ շաբաթով արձակուրդ վերցրի: Չնայած՝ տեսակով այնպիսի մարդ եմ, որ երկրորդ օրն արդեն սկսում եմ գործի մասին մտածել: Հանգիստն ինձ համար չէ, ես չեմ կարող հանգիստ հանգստանալ (ծիծաղում է,-հեղ.)։

-Ի՞նչը կարող է բարկացնել Ձեզ: Օրինակ, սոցցանցերում վիրավորանք պարունակող, անառողջ քննադատությունները կարո՞ղ են պատճառ դառնալ։
-Այո, որովհետեւ երբեմն անցնում են սահմանները, եւ անկարելի է անտարբեր լինել նման դեպքերում, քանի որ հարց է առաջանում, թե հատկապես մարմնի որ մասով է այս պահին մտածում այդ մարդը։ Իհարկե, դրա հետ մեկտեղ հասկանում ես՝ չարժե ուշադրություն դարձնել եւ տրամադրություն փչացնել, եւ անցնում եմ առաջ։

Արմեն Թադեւոսյանը՝ կնոջ հետ


-Իսկ հակառակը, ի՞նչը կարող է երջանկության պատճառ դառնալ։
- Ես ուրախանում եմ անգամ ամենափոքր մանրուքներից մինչեւ մեծ բաներ… Գնահատականը, դրական ու ջերմ ժպիտը կարող են երջանկացնել ինձ։ Շատ բաներ կան, որից կարելի է ուրախանալ, բայց դրա հետ մեկտեղ ուզում եմ ասել, որ մեծամասամբ մենք ավելի շատ սիրում ենք ոչ թե ուրախանալ, այլ քննադատել, բողոքել: Պետք չէ ամեն ինչի, անգամ հումորի մեջ ենթատեքստեր փնտրել, եթե հումոր է, ապա այդպես էլ պետք է ընդունել, մի խոսքով՝ ժողովուրդ ջան, եկեք հանգիստ ապրենք էլի (հանգիստ ժպտում է,-հեղ.):

-Նոր նախագծեր, հումորային հաղորդումներ սպասվո՞ւմ են։

- Այս ժամանակահատվածում բացված հայկական առաջին օնլայն TV-ից ստացա առաջարկ եւ մեծ սիրով համաձայնեցի ներկայանալ իմ հաղորդմամբ, որը մի մարդու օրագիր է ներկայացնում, ով շահել է գրին քարտ եւ ընտանիքով տեղափոխվել ԱՄՆ։ Նա ամեն օր պատմում է, թե ինչպես է անցնում իր ընտանիքի կյանքը։ Նոր ֆիլմ ստեղծելու գաղափարներ նույնպես կան՝ թե որպես դերասան, թե սցենարիստ եւ պրոդյուսեր:

-Այսօր մեծացել է մեկանգամյա օգտագործման ֆիլմերի թիվը, անգամ ֆիլմեր, որոնք պրեմիերայից հետո կյանք չունեն, արդյո՞ք մտավախություն չկա, որ վատը կարող է մի օր դառնալ նորմալ։
- Ժամանակին մենք ունեինք «Հայֆիլմ» կինոստուդիա, հիմա այն չունենք, արդեն վատ է, ունենք խորհրդային արտադրության հիանալի ֆիլմեր, որոնք մինչեւ այսօր չեն հոգնեցնում, արդեն լավ է: Հիմա նկարահանվում են ավելի շատ կոմերցիոն ֆիլմեր, եւ դա էլ որոշակի առումով ունի իր տրամաբանությունը։ Այսինքն՝ ես չեմ կարծում, որ այդ ամենը վատ է։ Շատ նորմալ է։ Ուրիշ հարց է, որ եթե մենք ուզում ենք ներկայացնել հայկական կինոն համաշխարհային շուկայում, այ, այստեղ պետք է տարվի լուրջ աշխատանք, եւ այս հարցում մեծ դեր պետք է ունենա պետությունը։ Իսկ այն, որ միանշանակ կհաջողվի, կասկած չկա, որովհետեւ մեր ազգը տաղանդավոր է եւ մենք ունենք շատ լավ սերունդ։

Զրուցեց Անահիտ Առաքելյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Արմեն Թադեւոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին